Հայերեն   English   Русский  

​Մեղվաբուծությունն անկում է ապրում. ի՞նչ են առաջարկում մեղվապահները


  
դիտումներ: 5035

ՀՀ մեղվաբույծների ազգային միավորումը , որ ընդգրկում է նաև Արցախի ու Ջավախքի մեղվաբույծներին, ոլորտի զարգացման ծրագիր ունի, մի քանի առաջարկներով է հանդես եկել, հիմնավորել, սակայն բոլոր պատկան մարմիններից պատասխանը մեկն է՝ ծախսերն արդարացված չեն: Մեղվաբուծության զարգացման ի՞նչ մոդել են առաջարկում նրանք: Այս մասին է մեր զրույցը միավորման նախագահ Թելման Նազարյանի հետ:

- Ի՞նչն է խանգարում բարձրացնել մեղրատվությունը և ավելացնել արտադրության ծավալները:

- Մեղվապահներն իրենց փորձն ավանդել են սերնդից սերունդ, կատարել գիտական աշխատանքներ, թողել խրատներ, որոնք էլ հիմք են դարձել հետագա սերունդների համար։ Սակայն խնդիրները շատ են: Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 25 տարում Հայաստանում մեղվաբուծությունը գրեթե աճ չի ունեցել, իսկ վերջին մեկ տարում մեղուների պոպուլյացիան նվազել է։ Առաջացել են մի շարք խնդիրներ, որոնց լուծումն անհետաձգելի է։

- Եվ ինչպիսի՞ն է այդ վիճակագրությունը:

- Մեղվաընտանիքների թիվն այսօր 230 հազար է, իսկ մեղվաբուծությամբ զբաղվում է 10 000 մարդ։ 2017-ին հանրապետությունում արտադրվել է շուրջ 2000 տոննա մեղր, այս տարի մեղվաբույծները դարձյալ մեղրի մեծ ծավալներ չեն ակնկալում, մինչդեռ մեղվապահությունն ինքնին գրավիչ ոլորտ է, եկամտաբեր։ Բազմաթիվ մեղրամթերքներ ունեն անգնահատելի առողջարար հատկություն։ Օրինակ՝ մայրական մեղվակաթը, ակնամոմի, ծաղկափոշու, ծաղկափոշու խյուսի, մեղուների մնացորդը, մեղվացեցը առողջության վերականգնման լավագույն միջոց են, և ինչպես փաստում են մեղվապահները, ցանկացած հիվանդության դեպքում, նույնիսկ անբուժելի, կարող են օգնել։ Ավանդական բժշկությունից զատ, Հայաստանում ապացուցված է մեղրի միջոցով քաղցկեղի, շաքարախտի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների բուժման արդյունավետությունը։

Ցավոք, հայ բժշկության ոլորտում մեղվաբուժությունն այնքան էլ կիրառելի չէ, մինչդեռ արտասահմանյան երկրներում այն վաղուց է իր տեղը գտել առողջապահության ոլորտում։

- Բազմիցս եք խոսել մեղվաբուծության զարգացումը խոչընդոտող խնդիրների մասին: Ինչ արդյունքնե՞ր են տվել առաջարկները:

- Նույնիսկ նամակ եմ գրել համապատասխան գերատեսչություններին, հիմնավորել ոլորտից ստացվելիք օգուտները: Օրինակ՝ Ճապոնիայում տարեկան արտադրվում է 18 տոննա մեղվակաթ։ Այս երկիրը նույնիսկ մանկապարտեզի սննդակարգում ներառել է մեղվակաթը որպես պարտադիր հավելում, ինչը, նրանց վկայությամբ, երկարացնում է մարդու կյանքը՝ բացառելով ամեն տեսակի նորագոյացության առաջացումը և վարակածին վիրուսների մուտքը օրգանիզմ։

Հայաստանում ևս կարող ենք ստանալ մեծ քանակի մեղվակաթ՝ օգտագործելով ճապոնացիների փորձը, արտադրված մեղվակաթը նպատակաուղղելով մարդու կյանքի որակի բարելավմանն ու երկարակեցությանը: Կառավարությունը պետք է մշակի համապատասխան հայեցակարգ, ռազմավարություն և ապահովի դրանց անվերապահորեն կատարումը։ Երկրում տարեկան 50 հազարով պետք է ավելացվի մեղվաընտանիքների քանակը, մինչդեռ դրանց քանակը վերջին երկու տասնամյակում աճ չի ապահովել տարբեր պատճառներով։

- Չհիմնավորեցիք մեղվաընտանիքների աճի անկման իրական պատճառները, ինչի՞ց է ընկնում մեղուների կենսունակությունը, և ինչու՞ խնդրին լուծում չի տրվում:

- Դրանցից մեկը պայմանավորված է նոզոմատոզ և սեպտիցեմիա հիվանդությունների նկատմամբ անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումների բացակայությամբ, ինչի հետևանքով ընկնում է մեղուների կենսունակությունը՝ հանգեցնելով տարբեր հիվանդությունների առաջացման, որոնցից մի քանիսը անհայտ ծագման են և ուսումնասիրման կարիք ունեն։ Բացի այդ, լաբորատոր կարողությունները Հայաստանում թույլ են, դրանցով հնարավոր չէ բացահայտել և ախտորոշել հիվանդության տեսակը։ Մեղվաբուծությունը դրված է գիտական թույլ հիմքերի վրա, այն չի զարգանում, քանի որ մեղվաբույծների 95 տոկոսը մեղվապահներ են։

Մեղուներին քիմիական ճանապարհով բուժելը վտանգում է մեղվաբուծությունը։ Ժամանակին մեր ՀՀ գյուղակադեմիայում կազմակերպված վերապատրաստման դասընթացում 105 շրջանավարտ ի ցույց դրեց իր գիտելիքները, սակայն պրակտիկան չշարունակվեց։ Մասնագիտական ներուժ չունենալու պատճառով ոլորտը ճիշտ չի կառավարվում:

Մեղվաբույծների միությունը դեռ տարիներ առաջ կնքել է պայմանագիր սարքավորումներ և ակտիվացված ջրեր ձեռք բերելու համար, դրանք են իոնացված արծաթաջուրը, մեղվաջուրը։ Ձեռք բերված ջրերը փորձարկվել են միության փորձնական տնտեսությունում ու տվել փայլուն արդյունք հիվանդությունները կանխելու և մեղվաբուծական էկոմթերքներ ստանալու համար։ Օրինակ՝ արծաթաջրի միջոցով կարող է վերանալ շուրջ 75 միկրոբ՝ զերծ պահելով օրգանիզմը քիմիական բուժումից։ Այս ոլորտը զարգացման խիստ կարիք ունի, և այս գործընթացների կիրառումը յուրաքանչյուր մեղվաընտանիքի հաշվով կավելացնի շուրջ 7 կգ մեղր։ Մեղվաբուծության զարգացումը պահանջում է չնչին ներդրումներ, փոխարենը ապահովում է մեծ եկամուտներ:

- Մեղվաբուծության հետագա զարգացումը պայմանավորում եք նաև տոհմային մեղվաբուծությամբ: Ի՞նչ եք առաջարկում այս ուղղությամբ:

- Եթե նախկինում մայրաբուծությունը պետք էր կազմակերպել մեղվաընտանիքներից 20-25 կմ հեռավորության վրա, ապա այսօր յուրաքանչյուր մեղվատնտեսություն կարող է զբաղվել տոհմային մայրաբուծությամբ։ Միաժամանակ յուրաքանչյուր տնտեսությունում մեկ տոհմային բոռաընտանիք ունենալու դեպքում մեղվաընտանիքները կազատվեն բոռից և կխնայեն 7-ական կգ մեղր: Հայկական մեղրն իր տեսակով եզակի է, ստացվում է ալպիական բուսածածկույթում աճած 600-ից ավելի ծաղկատեսակներից, որոնց մեջ բարձր է դեղաբույսերով հարուստ ծաղիկների կշիռը։

Ոլորտը ոչ միայն գյուղատնտեսական, այլև առողջապահական և բնապահպանական նշանակություն ունի։ Մենք ուսումնասիրել ենք աշխարհի շատ երկրների մեղվաբուծության վիճակը, ինչը վկայում է, որ այն երկրներում, որտեղ մեծ է ոլորտի նկատմամբ պետական հոգածությունը, մեղվաբուծությունն աննախադեպ վերելք է ապրում։ Զարգացած մեղվաբուծական երկրներից է Չեխիան, նաև ոլորտը ներառված է ապահովագրության մեջ, մի շարք օրենսդրական դրույթներ են հաստատվում ի շահ ոլորտի զարգացման:

- Ի՞նչ եք հասկանում պետության աջակցություն ասելով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ մեղվաբույծների համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:

- Ցանկանում ենք նույն փորձի կիրառումը նաև Հայաստանում: Երբ օրենքներ մշակվեն մեղվաբույծների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին, ապա վստահ եմ՝ ամեն տարի մեղվաբուծության ոլորտը աճ կունենա 30-35 տոկոսով։ Առաջարկվում է զարկ տալ ծրարային մեղվաբուծության զարգացմանն ու արտահանմանը, ինչպես դեռ ԽՍՀՄ տարիներին էր ընդունված։

- Գյուղնախարարությանը նամակ էիք գրել՝ ներկայացնելով ոլորտի զարգացմանն առնչվող մի քանի առաջարկներ, որոնք ներառում էին արտահանում, ալկոհոլային խմիչքի արտադրություն: Ի՞նչ ընթացք ստացավ օղու արտադրման գաղափարը:

- Մեղվաբույծներից ոմանք ունեն նաև արտահանման խնդիրներ, ընդ որում նախարարության միջոցով արտահանվում է երկրում արտադրվող մեղրի շատ քիչ ծավալը, մինչդեռ մեղվապահներից շատերը ոչ ճիշտ պայմաններում մեղրը պահելու հետևանքով ստիպված են լինում կորցնել առողջ մեղրի որոշ չափաբաժին։ Այս պարագայում մեղվաբույծների մոտեցումն այլ է, առաջարկում ենք մեղրից, որը ենթակա է փչացման, օղի կամ սպիրտ ստանալ։ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ թորած ալկոհոլային խմիչների և խմորման նյութերից էթիլային սպիրտի, այդ թվում՝ մեղրի օղու արտադրությունը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն, և դրա իրականացման թույլտվության համար սահմանված պետական տուրքի տարեկան դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, ինչը, սակայն, մեղվաբույծների համար անիրատեսական է, նույնիսկ չենք կարողանում նվազագույն եկամուտ ապահովել։

Ըստ գերատեսչության հիմնավորման՝ տեղական արտադրության մեղրի օղու հիմնական ուղղությունը պետք է դիտարկվի արտահանումը, մինչդեռ տեղական արտադրության մեղրի օղին չի կարող գնային առումով մրցունակ լինել՝ պայմանավորված տեղափոխման ծախսերով, այն դեպքում, երբ որպես հիմնական շուկա դիտարկվում է Ռուսաստանը, որը հենց մեղրի օղու արտադրության հիմնական երկրներից է։

Մեղվամթերքի իրացման հարցում պետության աջակցությունը կարևոր է, այն պետք է նոր հարթություն տեղափոխել, դարձնել գյուղատնտեսության գերակա ճյուղերից մեկը, ինչպես աշխարհի մի շարք երկրներում ։

Հարցազրույցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: