Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (մաս 8)


  
դիտումներ: 2499

Նախորդ համարում խոսեցինք քրեական դատավարության երկու հակադիր կողմերում՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերում ներգրավված մասնակիցների՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների, տուժողի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի, մեղադրյալի, արդարացվածի, պաշտպանի, քաղաքացիական պատասխանողի մասին։ Այս համարում կխոսենք քրեական դատավարության մասնակից այլ անձանց մասին։

Ընթերական քրեական գործով չշահագրգռված, ՀՀ չափահաս քաղաքացին է, որ վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար:

Դատական նիստի քարտուղարը քրեական գործով չշահագրգռված, դատական նիստի արձանագրությունը վարող դատարանի ծառայողն է:

Թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու համար:

Մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու համար քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս: Մասնագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:

Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը` գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Փորձագետը կարող է նշանակվել դատավարության մասնակցի առաջարկած անձանցից:

Վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: