Հայերեն   English   Русский  

Եթե քաղաքապետը չգողանա միջոցները, քաղաքապետարանի աշխատակիցները չեն էլ մտածի դրա մասին. Լևոն Ստեփանյանը պատրաստվում է առաջադրվել Հրազդանում


  
դիտումներ: 8068

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը 17 տարի պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց: Հետևաբար Հրազդանում առաջիկայում անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում: Հրազդան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում պատրաստվում է առաջադրվել MyBookstore առցանց գրախանութի և MyCorner հակասրճարանի հիմնադիր, հրազդանցի 24-ամյա Լևոն Ստեփանյանը: Այդ թեմայի շուրջ «Անկախը» զրուցել է Ստեփանյանի հետ:

- Մտադիր եք առաջադրվել Հրազդանի քաղաքապետի առաջիկա արտահերթ ընտրություններում, ինչո՞ւ նման որոշում կայացրիք:

- Դեռևս մեկ տարի առաջ, երբ Հրազդան քաղաքում հիմնադրեցի MyCorner հակասրճարանը, սկսեցինք Հրազդանում ակտիվ գործունեություն ծավալել, և մեր հակասրճարանով Հրազդանում ապրող ակտիվ երիտասարդության ու քաղաքացիների համար հետաքրքիր ու նոր մշակույթ մտցրինք քաղաք: Այդ ընթացքում մարդիկ անընդհատ Հրազդանի մասին ինձնից տեղեկացել են, ու տեսնելով, թե ինչպես եմ սիրում իմ քաղաքը, իմանալով բիզնեսի, գործարարության, մշակույթի ոլորտներում գործունեությունս, տարբեր ծրագրերի զարգացման փորձը, միշտ ասում էին, որ ես քաղաքը կարող եմ զարգացնել, կարող եմ ներդնել իմ փորձը հարազատ քաղաքի զարգացման համար:

Երկրում իրողություններ փոխվելուց, Հրազդանի քաղաքապետի հրաժարականից հետո իմ ֆեյսբուքյան ընկերները ֆլեշմոբ էին սկսել և գրառումներ էին կատարում, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածուն Լևոն Ստեփանյանն է: Այդ ֆլեշմոբը, ընկերների ու հատկապես երիտասարդության ոգևորությունն ու աշխուժությունը տեսնելուց հետո մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, ինչո՞ւ չառաջադրվել: Խորհրդակցեցի այն ընկերներիս, ծանոթներիս հետ, որոնք քաղաքականության մեջ փոքրիշատե փորձ ունեն: Ես քաղաքականությամբ գրեթե չեմ զբաղվել, քաղաքական պրոցեսներում առհասարակ ներգրավված չեմ եղել, պարզապես որպես ակտիվիստ մասնակցել եմ մի քանի հանրային, հասարակական-քաղաքական շարժումների: Մի խոսքով, այդպես որոշեցի առաջադրվել առաջիկա ընտրություններում:

- 24 տարեկան եք, քաղաքական փորձ էլ, ինչպես Դուք եք նշում, չունեք: Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական գործունեություն ծավալելը, առավել ևս ներկա պայմաններում, երբ անընդհատ իրողություններ են փոխվում, երբ անցումային, անորոշ վիճակ է, երբ սպասվում են ավելի խոշոր՝ խորհրդարանական ընտրություններ:

- Անկեղծ ասեմ՝ կարծում եմ, որ քաղաքապետի պաշտոնն ավելի շատ մենեջերի, թիմ ղեկավարելու, քաղաքը կառավարելու հետ կապված գործառույթներ ունի, ուստի կարող եմ ինչ-որ բան անել իմ քաղաքի համար: Ավելին՝ ես ընդգրկված չեմ որևէ քաղաքական թիմում, հանդես եմ գալիս, որպես անկուսակցական, իմ գործունեությունը ծավալել եմ որպես քաղաքացի, ու եթե ընտրվեմ քաղաքապետի պաշտոնում` կշարունակեմ որպես քաղաքացի, որպես իմ քաղաքի համար մտահոգ մարդ, կզբաղվեմ սիրելի քաղաքի խնդիրները լուծելով: Ես Հրազդանը պատկերացնում եմ որպես երեխա, որին պետք է սնել, մեծացնել, զարգացնել: Այս կոնտեքստում, անկեղծ ասած, իմ քաղաքը դիտարկում եմ նաև իբրև խնդիրներ ունեցող, ոչ այնքան առողջ երեխա, որին որդեգրում ես ու ցանկանում ես այդ երեխային քիչ-քիչ առողջացնել՝ կամաց-կամաց հագուստը փոխել, սննդակարգը փոխել, նախատեսված բյուջեն օգտագործել կրթելու, մշակույթ զարգացնելու, մաքրությունն ապահովելու ու նման այլ ուղղություններով: Պատկերացնում եմ, որ պետք է գտնել մարդկանց, որոնք հետաքրքրված են մեր քաղաքով, որոնց համար Հրազդանը կարող է հետաքրքիր լինել ներդրողների, զբոսաշրջիկների համար, այդ ուղղությամբ դարձնել ավելի գրավիչ, ինչից հետո քաղաքում շարժը կմեծանա, քաղաքը կաշխուժանա, կզարգանա:

- Այլ թեկնածուների անուններ էլ են արդեն շրջանառվում, որոնք իրենց թիկունքում ունեն քաղաքական թիմի աջակցությունը, այդ պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր անելիքները:

- Իմ կարծիքով՝ առաջիկա ընտրություններին չի լինի երկու կամ երեք թեկնածու, այլ կլինեն ավելի շատ թեկնածուներ: Ես հաշվի եմ առնում այն հեղինակությունը, որ ունեն որոշ գործիչներ, բայց քաղաքապետ ընտրելիս քաղաքացին պետք է նայի մարդու ծրագրին, մարդու գործելաոճին, անցյալին, արած գործերին: Այս առումով, կարծում եմ, ժողովուրդը կընտրի այն մարդուն, որին կվստահի իր երեխային, իր քաղաքը: Ուզում եմ ասել՝ այստեղ արդեն կապ չունի նախկին իշխանություն կամ ընդդիմություն լինելու գործոնը, որովհետև առաջադրվողները երիտասարդներն են լինելու, ու քաղաքական պրոցեսներում ավանդաբար մեծ ներգրավվածություն ունեցող մարդիկ, կարծում եմ, չեն խառնվելու այս ընտրություններին:

- Բայց քաղաքական կուսակցության, ուժի աջակցությունը՝ իր նյութական ռեսուրներով, քաղաքական կապիտալով, կարևոր է:

- Իհարկե, բայց ես կարծում եմ, որ դա միակ գործոնը չէ: Ժողովուրդը փոխվել է, մտածելակերպը փոխվել է, մարդիկ արդեն արժանապատվորեն կընտրեն, ու այնքան մեծ չի լինի թեկնածուի հարազատ-բարեկամական կապերի, անձնական շփումների կամ այլ հանգամանքների դերը: Ես խնդիր չեմ տեսնում նոր իշխանությունների հետ համագործակցելու հարցում, և ինձ համար գերնպատակը Հրազդան քաղաքը, որպես Հայաստանում իսկական չորորրդ քաղաք, ավելի ճանաչված ու հայտնի դարձնելն է: Քաղաքական պրոցեսում ներգրավվելու, քաղաքապետի պաշտոնում լինելու նպատակը հանուն Հրազդանի է, հանուն նոր Հրազդանի, Հրազդանի ապագայի: Այսինքն՝ կապ չունի, թե գործող իշխանությունների հետ ինչ հարաբերությունների մեջ եմ կամ ընդհանրապես հարաբերությունների մեջ եմ, թե ոչ, պատրաստ եմ աշխատել ցանկացած իշխանության հետ, որի հետ մեր նպատակները կհամընկնեն:

- Դեռ նախընտրական գործընթաց չի սկսվել, Դուք ծրագիր չունեք, այնուամենայնիվ, ի՞նչ պատկերացումներ ունեք, ի՞նչ պետք է անեք Հրազդանում, եթե դառնաք քաղաքապետ:

- Հրազդանում նախևառաջ պետք է լուծել տրանսպորտի խնդիրը: Շատ հին, հնամաշ ավտոբուսներով են իրականացվում քաղաքային ուղևորափոխադրումները, տրանսպորտի խնդիրը լուրջ է: Այնուհետև առաջնային եմ համարում այն, որ 12 մանկապարտեզներից 10-ը չունեն ջեռուցում, չունեն համապատասխան կահավորում, պատուհանները դեռևս սովետական ժամանակաշրջանի պատուհաններն են: Իմ կարծիքով՝ մարդու առաջին սոցիալականացումը, դաստիարակությունը ընտանիքից դուրս սկսվում է մանկապարտեզից, ու մանկապարտեզը պետք է լավը լինի: Թատրոնն է բավականին վատ վիճակում, մշակույթի տուն հասկացությունը կորցրել է իր դերն ու նշանակությունը: Իհարկե, մշակույթի տներ կան, բայց որպես կառույցներ և իրենց ամբողջ ներուժով չեն կարողանում աշխատել: Մշակույթը Հրազդանում թերի է զարգացած, դա պետք է թիրախավորել, քանի որ հենց զարգացած մշակույթն է տուրիզմի զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը: Մարդկանց համար քո քաղաքը հետաքրքիր պետք է դարձնել: Շատ կարևոր եմ համարում նաև զբոսայգիների կառուցումը, ունենք քաղաքային զբոսայգի, որն անմխիթար վիճակում է: Զբոսայգիներ պետք է լինեն Հրազդանում, խաղահրապարակներ պետք է հիմնել: Իմ քաղաքում չկան ժամանցի վայրեր, երիտասարդական նորմալ վայրեր: Մի քանի կազմակերպությունները շատ փոքր են ու չեն կարողանում ապահովել այն ծառայությունները, ինչ հրազդանցի երիտասարդներն ակնկալում են: Ներդրումներն են պակասում, հյուրանոցներ չկան: Գլխավոր խնդիրներից է լուսավորությունը. թաղամասեր կան, որոնց երկրորդային փողոցներն ընդհանրապես լուսավորված չեն: Աղբահանությունը նորմալ չի կատարվում: Մի խոսքով, խնդիրները շատ-շատ են:

- Ձեր մատնանշած բոլոր ուղղություններն էլ բավականին ծախսատար, աշխատատար, ժամանակատար խնդիրներ են, ներդրում ներգրավելն էլ մի այլ պատմություն է: Ինչպե՞ս եք պատրաստվում այդ ամենն իրականացնել, ինչպե՞ս եք անհրաժեշտ միջոցներ հայթայթելու:

- Առաջին հերթին ներդրումներ պետք է բերել Հրազդան: Մարդիկ երկար տարիներ ինչո՞ւ են խուսափել Հրազդանում ներդրումներ անելուց, քանի որ հավատ չեն ունեցել, որ իրենց ներդրումներն ապահովագրված են: Հետևաբար, եթե քաղաքապետը «փայ չի ուզում», եթե քաղաքապետը երաշխավորում է ներդրումները, այն մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ իրականացնել, արդեն ավելի վստահ կգան ու ներդրումներ կանեն: Ու եթե ես լինեմ քաղաքապետ, ոչ թե կսպասեմ, որ այդ մարդիկ վերադառնան, այլ ինքս պետք է փնտրեմ-գտնեմ նրանց, երաշխավորեմ, որ իրենց բիզնես ներդրումները ապահովագրված են լինելու մեր քաղաքում, որ նրանք գան ու ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնեն, արժեք ստեղծեն: Քաղաքի բյուջեն գրեթե 1.3 միլիարդ դրամ է: Դա այն դեպքում, երբ Հրազդան քաղաքում գործունեություն ծավալող ընկերությունները, չափազանցրած չեմ լինի, աշխատել են ոչ օրինական դաշտում, ու մի մասը հարկեր, տուրքեր չի վճարել: Ու եթե կարողանանք վերահսկողություն իրականացնել, որ այդ ընկերությունները պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները` դա քաղաքային բյուջեին մեծ օգուտ կլինի: Կարծում եմ, որ եթե քաղաքապետն արդար ու անաչառ է, եթե չի գողանում քաղաքի բյուջեից, ապա քաղաքապետարանի և ոչ մի աշխատակից չի կարող գողանալ և չի էլ փորձի: Կարևորը, որ քաղաքի կառավարումը, քաղաքապետարանի աշխատանքների իրականացումն ու աշխատակիցների ընտրությունը կատարվի ըստ արժանիքների, առանց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի: Ու դա, իմ կարծիքով, լուրջ խթան կլինի, որ ներդրումներ գան, որ քաղաքը հզորանա և կարողանա նման ծրագրեր իրականացնել:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ Հրազդան եք պատկերացնում, արդեն քաղաքապետի հաջորդ ընտրությունների ժամանակ:

- Բացարձակապես լինելու է նոր Հրազդան, ակտիվ Հրազդան: Այսինքն՝ Հրազդանը պետք է լինի այնպիսի քաղաք, որ հրազդանցին, օրինակ՝ ուսում ստանալով Երևանում, հետագայում չմնա այնտեղ, այլ իր քաղաք վերադառնա և իր նյութական ու ոչ նյութական ռեսուրսները ծառայեցնի հարազատ քաղաքին: Հետևաբար հավատ ներշնչող, նոր, ավելի գեղեցիկ, քաղաքացիների կողմից ավելի սիրված Հրազդան ենք ունենալու, ունենալու ենք մաքսիմալ անկաշառ ու անաչառ Հրազդան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: