Հայերեն   English   Русский  

​«Հետհեղափոխական» տնտեսությունը սպասում է ավելի լավ ժամանակների


  
դիտումներ: 2297

Դեռևս թավշյա հեղափոխության օրերին շարժման առաջնորդները հայտարարում էին, որ փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո տնտեսական աճ է լինելու:

Նշվում էր, թե քանի որ տնտեսության զարգացման համար թիվ մեկ խոչընդոտը կոռուպցիան է, որն իրենք արմատախիլ են անելու, ներդրումների հոսքը դեպի Հայաստան կավելանա, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը կբարելավվի, բիզնես միջավայրը կփոխվի, բիզնեսով զբաղվելը Հայաստանում կդառնա հրապուրիչ և այլն: Այդ դրույթները հետագայում տեղ գտան նաև կառավարության ծրագրում։

Արդեն մեկուկես ամիս է, ինչ Հայաստանում նոր իրողություններ են: Իհարկե, մեկուկես ամիսը շատ կարճ ժամանակահատված է տնտեսության մեջ էական տեղաշարժեր արձանագրելու և վերլուծելու համար, բայց գոնե որոշ նախնական ցուցիչներ ու ցուցանիշներ կարելի է դիտարկել՝ հասկանալու համար, թե գոնե խիստ կարճ ժամանակահատվածի համար ինչ տնտեսական զարգացումներ կարելի է արձանագրել: Այս առումով ամենաառաջինը, որ կարող ենք արձանագրել, այն է, որ ներկայումս գտնվում ենք սպասողական, անցումային ժամանակաշրջանում:

Անդրադառնալով տնտեսական աճին՝ ՀՀԿ-ն ի սկզբանե սլաքներն ուղղում էր նոր իշխանությունների կողմը՝ անընդհատ ընդգծելով, թե իրենք նոր իշխանություններին թողնում են 7 տոկոս տնտեսական աճով տնտեսություն: Զուտ հրապարակված ցուցանիշների առումով, իհարկե, նման թիվ վիճակագրական տվյալներում նշված էր, բայց այդ թվին հավատալ կամ չհավատալ, հանուն անկեղծության նշենք, շատ դժվար է: Հուլիսի 20-ին էլ իր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նույն հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե երբ բացում ենք, նայում ենք, թե այդ ինչ աճ է, տեսնում ենք, որ ընդերքը քանդել են, արտահանել են արտերկիր և ասում են՝ աճ ունենք:

«Տնտեսական աճի կառուցվածքն ընդհանրապես պետք է փոխվի: Ես այն ժամանակ ԱԺ ամբիոնից ասում էի՝ այ էս տնտեսական աճը էս ի՞նչ կառուցվածք է, հիմա, բնականաբար, որպես վարչապետ, ավելի մեծ տեղեկություն ունեմ, չէ՞: ՀՀԿ-ն ասում է՝ մենք 7 տոկոս տնտեսական աճով երկիր ենք թողել, եկեք բացենք ձեր տնտեսական աճը նայենք՝ ի՞նչ տնտեսական աճ է, մանիպուլյատիվ տնտեսական աճ է: Տարբեր մանիպուլյացիաներով, ընդերքը քանդել, արտահանելով… Իհարկե, տնտեսական աճի էդ մոդելը մեզ ձեռնտու չի: Մենք պետք է լրիվ ուրիշ իրավիճակ ստեղծենք երկրում»,- նշում էր վարչապետը:

Բայց տնտեսական աճի կառուցվածքը փոխելուց զատ, ենթադրվում է, որ առաջին հերթին պետք է փոխվեր տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես: Ու այս առումով հետաքրքիր էր, թե ինչ տնտեսական քաղաքականություն կվարի նոր կառավարությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: Փաշինյանը նաև արձանագրեց, որ իրենց տնտեսական քաղաքականության հիմնասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը:

«Ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ է երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը բնականաբար պետք է ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում հարկային օրենսգրքում, որով պետք է լուծվի փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Հիմա նայենք ներդրումների ու տնտեսական ակտիվության ցուցանիշի վերջին տվյալներին: Եվ այսպես, տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին թուլացել է, և աճը սկսել է թուլանալ ապրիլից: Ոչ թե տնտեսական ակտիվության աճ չկա, այլ այդ աճի տեմպն է թուլացել: Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ աճի թուլացման միտումը կշարունակվի, ինչը մտահոգիչ է։

Իհարկե, ենթադրվում էր, որ երկրում ծավալված քաղաքական իրադարձությունների, դրանց հաջորդած փոփոխությունների պայմաններում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն պետք է նվազեր: Որովհետև քաղաքական փոփոխությունները մեծացնում են անորոշությունը գործարար միջավայրում և բացասաբար են ազդում տնտեսական ակտիվության վրա, քանի որ մարդիկ սկսում են սպասել, որ տեսնեն, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչպիսի բիզնես միջավայր է ստեղծվում, ինչպիսի խաղի կանոններ են լինելու, ինչպիսի տնտեսական քաղաքականություն է վարվելու և այլն: Առավել ևս, որ նոր կառավարությունն ի սկզբանե հայտարարեց, որ իրենք ժամանակավոր կառավարություն են, հիմնական փոփոխությունները լինելու են ավելի ուշ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը ավելի ստիպեց պոտենցիալ ներդրողներին հապաղել կամ բիզնես ծրագրերը հետաձգել, մինչև ավելի հստականա իրավիճակը:

Բայց անցնենք առաջ: Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենախոշոր նվազումը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, ընդ որում, հանքարդյունաբերական արտադրանքի արժեքային նվազումը պայմանավորված է ոչ թե պղնձի գների անկմամբ, այլ արդյունահանման ծավալների նվազմամբ: Մշակող արդյունաբերության ծավալը 12-ամսյա կտրվածքով նույնպես նվազել է, սակայն շատ քիչ չափով, և այստեղ նվազման հիմնական պատճառը խմիչքների արտադրության 18%-անոց նվազումն է։ Բայց ցուցանիշը ցուցանիշ է, ու ըստ դրանց՝ տնտեսական ակտիվության աճը դանդաղել է:

Մի մտահոգիչ ցուցանիշ էլ կա, որը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև հանքարդյունաբերության ու խմիչքների արտադրության ծավալների նվազմամբ. ամսական կտրվածքով արտահանման աճը գնալով դանդաղում է։

Դեռևս իր ծրագրի ներկայացման ժամանակ կառավարությունը համոզված էր և իր ծրագրում էլ ամրագրել էր, որ «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի, և կառավարությունը մտադիր է ներդրումներն ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները»։

Բայց իշխանափոխությունից շուրջ երկու ամիս հետո դեռ ներդրումային բումի ականատես չենք լինում: Անկեղծ ասած, դրա հիմքում կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ հիմնականում պայմանավորված նույն սպասումներով, անորոշությամբ, ինչի հաղթահարման համար որոշակի ժամանակ է պետք:

Իհարկե, կառավարության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե ներդրումային համաձայնություններ են ձեռք բերել, բայց համաձայնությունը կամ ներդրման խոստումը մի բան է, ռեալ ներդրումը՝ մեկ այլ բան։ Իսկ ներդրումների խոստումներ Հայաստանը շատ է ստացել նախկինում էլ: Այս առումով, եթե ամեն ինչ դրական ընթացք ունենա, թերևս ներդրումների արժի սպասել արտահերթ խորհրդարանական ընտրություններից որոշ ժամանակ անց, երբ խաղի կանոնները փոքրիշատե հստականան: Իսկ մինչ այդ պետք է պարզապես գուրգուրել բիզնեսներին, որպեսզի նրանք չփակվեն, հակառակ պարագայում դա ևս մի բացասական ազդակ կլինի պոտենցիալ ներդրողների համար: Ամեն դեպքում ներդրումների դեռ պետք է սպասել, բայց ոչ շուտ:

Դիտարկենք որոշ այլ ցուցանիշներ ևս: Օրինակ՝ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշը: Այս տարվա հունիսին միջին աշխատավարձի ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 6.1%-ով։ Իհարկե, աշխատավարձերի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի կարևոր փոփոխություն: Եթե նախկինում ցուցանիշները հաշվարկվում էին ամսական վիճակագրական մշտադիտարկմամբ ընդգրկված մոտ 4500 խոշոր և միջին կազմակերպությունների շուրջ 370 000 վարձու աշխատողների նույնանուն տվյալների հիման վրա, այժմ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները հաշվարկվում են մոտ 36 000 կազմակերպությունների ավելի քան 500 000 վարձու աշխատողների աշխատավարձերի հիման վրա: Այսինքն՝ հիմա ցուցանիշներն ավելի ներկայանալի են, բայց միջին աշխատավարձերի ցուցանիշը փոքր-ինչ նվազել է:

Բայց այս ամենի ֆոնին, ինչպես օրերս հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՊԵԿ-ը հավաքել է 15.6 տոկոսով ավելի եկամուտներ: Սա լավ է, թե վատ` միանշանակ չի կարելի ասել: Իհարկե լավ է, որ ավելի շատ եկամուտներ են հավաքվում, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, թե ինչի շնորհիվ է, որ աճում են պետական եկամուտները, և արդյոք որոշ ժամանակ անց բիզնեսի ներկայացուցիչները չե՞ն դժգոհելու հարկային վարչարարությունից:

Մեկ այլ ցուցանիշ էլ ներկայացնենք, ինչը շատ կարևոր է: Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրեց, որ ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչև հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր առմամբ շուրջ 29.2 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։ Սրանք միջոցներ են, որոնք ճիշտ օգտագործման դեպքում կարող են լավ ազդեցություն ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: