Հայերեն   English   Русский  

Տնտեսության հարցում ունենք ընդգծված խոցելիություն. Վարդան Բոստանջյան


  
դիտումներ: 3635

«Բանկերի վերամիավորման հարցին տարբեր կողմերից պետք է նայել. մասնավորապես 30 մլրդ դրամ ընդհանուր կապիտալի չափը, բանկերի խոշորացում. հայտնի չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով` միջազգային ֆինանսական ինստիտուտների տեսակետից, բանկերի կապիտալիզացիան համարվում է կարևորագույն խնդիր: Դրա բարձր մակարդակի դեպքում բարձրանում է կայունությունը: Տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունում նման գործընթաց սկսվում է, այսինքն` վերամիավորման միջոցով բանկերի ինստիտուտներում և հիմնարկություններում ընդհանուր կապիտալի մակարդակը բարձրացնել, որը հետապնդում է կայունությունը բարձրացնելու նպատակ:

«Ակնհայտ է, որ սա տնտեսության համար չի ունենալու դրական նշանակություն, որովհետև բանկային համակարգի կապիտալիզացիայի պարագայում դա հավասարաչափ պետք է տեղի ունենա տնտեսության բոլոր ոլորտների համար միաժամանակ և գրեթե հավասար չափով» , -նշեց Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա` գործընթացի պայմաններում նվազագույնը 7 բանկ պետք է օտարել. Բանկային համակարգն ինքնանպատակ ինստիտուտ չէ, պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը :

Անդրադառնալով արժույթի անկայուն վիճակին ` Վարդան Բոստանջյանը նշեց, որ ռուբլու ցանկացած վայրիվերում իր արտացոլումն է ստանում Հայաստանում. «Վայրիվերումներից զերծ մնալու համար Հայաստանը պետք է ունենար սեփական տնտեսությունը, որտեղ աշխատատեղեր ու ներդրումներ, եկամուտներ լինեին: Այս առումով, ունենք ընդգծված խոցելիություն, և հիմա կանխատեսումներ անել՝ դրամը կարժևորվի, թե՞՝ ոչ, անիմաստ է: Դրամի վիճակը կլինի այնպիսին, ինչպիսին ռուբլու վիճակը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: