Հայերեն   English   Русский  

«Մարտի 1-ի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան». Արթուր Թովմասյան


  
դիտումներ: 670

ՀՀ իշխանությունների կողմից որդեգրվել է նոր քաղաքականություն՝ պայքար կոռուպցիայի և ապօրինությունների դեմ, ինչը ողջունելի է, որովհետև առանց դրա անհնարին է ժողովրդավարական երկիր կառուցել:

Լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ես ցավ եմ ապրել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծեց Ա. Թովմասյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի:

««Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում: Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է: Սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց Ա. Թովմասյանը:

«Պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և մեր կուսակցությունը առնվազն նույնչափ շահագրգռված ենք, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի: Մարտի մեկը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի կոչ ենք անում բոլորին առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»...- եզրափակեց Արթուր Թովմասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: