Հայերեն   English   Русский  

​Էրդողանը խնդրել է թույլ տալ անդամակցել ԲՐԻՔՍ-ին


  
դիտումներ: 250

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻքՍ-ի անդամ երկրներին կոչ է արել թույլ տալ Թուրքիային համալրել կազմակերպության շարքերը:

«Ես ասել եմ, որ եթե դուք մեզ ընդունեք դաշինք, այն կկոչվի ԲՐԻՔՍԹ: Մենք այդ հինգ երկրների հետ G-20-ի կազմում ենք: Ես կցանկանայի, որ նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեին մեզ ընդունելու համար, և մենք մեր տեղը զբաղեցնեինք ԲՐԻՔՍ-ում»,- ասել է նախագահ Էրդողանը՝ նշելով, որ ԲՐԻՔՍ-ի անդամները «ջերմորեն ողջունել են իր առաջարկը»:

Ներկայումս ԲՐԻՔՍ-ի կազմում ներառված է հինգ երկիր՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանն ու Հարավային Աֆրիկան: Կառույցի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թ-ին, երբ որ Հարավային Աֆրիկան դեռևս չէր անդամակցում ԲՐԻՔՍ-ին:

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻՔՍ-ի ընդլայնում դեռևս չի նախատեսվում, սակայն միևնույն ժամանակ չի բացառել, որ ապագայում կառույցը նոր անդամներ կունենա: Ըստ նրա՝ շատ երկրներ ցանկություն են հայտնում անդամակցել ԲՐԻՔՍ-ին, սակայն անդամ երկրներն այդ հարցին մեծ զգուշավորությամբ են մոտենում: «Այն ձևաչափերը, որոնք ձևավորվել են, ցույց են տալիս իրենց արդյունավետությունը»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ դա չի նշանակում՝ ԲՐԻՔՍ-ը փակ է նոր անդամների համար:

ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովն անցկացվել է հուլիսի 26-27-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում՝ Յոհանեսբուրգում: Դրան մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոզան, Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

Բացի այդ, գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը Էրդողանն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կառուցված են համերաշխության վրա ու հաջողությամբ զարգանում են: Ըստ նրա՝ երկու երկրների համագործակցությունը որոշ երկրների մոտ «խանդ է առաջացնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: