Հայերեն   English   Русский  

Ջանք չենք խնայելու, որ կառուցենք մրցունակ Հայաստան․ Սևակ Արծրունի


  
դիտումներ: 10549

Հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարել է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:

Նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնածավալ ներդրումների հոսք դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Հանրությանն ուղղված կոչում հայազգի բարերարները հայտարարում են․ «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես ենք գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնածավալ հոսք դեպի Հայաստան: Միաժամանակ կոչ ենք անում աշխարհասփյուռ հայ գործարար շրջանակի մեր գործընկերներին միանալ նախաձեռնությանը՝ այդպիսով անմիջականորեն մասնակցելով նախագծի իրականացմանը»։

«Անկախը» զրուցել է «Կառուցիր Հայաստան» նախագծի համահեղինակ Սևակ Արծրունու հետ՝ պարզելու առաջիկա անելիքները և գործունեության ուղղությունները։

- Պարոն Արծրունի, առանձին-առանձին կան թե՛ հայրենադարձությանը միտված, թե՛ ներդրումային նախագծեր։ Ինչո՞վ է տարբերվում «Կառուցիր Հայաստանը», ո՞րն է նախագծի առանձնահատկությունը։

- Գլխավոր առանձնահատկությունը մեր աշխատանքի ձևաչափն է: Մենք չենք հայտարարում՝ քանի որ Հայաստանը ձեր հայրենիքն է, եկե՛ք, այստե՛ղ ապրեք: Ոչ էլ ակնկալում ենք, որ պետությունը պետք է հայրենադարձություն կազմակերպի: Մենք ասում ենք՝ սիրելի՛ գործարարներ, եկե՛ք, միասին ներդրումներ անենք հայրենիքում, ստեղծենք տնտեսական այնպիսի միջավայր, որը գրավիչ կդառնա սփյուռքահայի համար, և նա կորոշի ընտանիքով փոխադրվել Հայաստան, ապրել ու աշխատել իր հայրենիքում: Առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ՝ մենք ոչ միայն հայրենադարձության համար պարարտ հող կստեղծենք, այլև կնպաստենք Հայաստանի տնտեսական շնչուղիների բացմանը: Այսինքն` ներդրումային և դրանով պայմանավորված հայրենադարձության ծրագրերը, դրանց սկզբունքները և ուղղությունները մշակվում են այդ տրամաբանությամբ:

- Ինչպե՞ս է առաջացել նման նախաձեռնության գաղափարը։ Ո՞րն է «Կառուցիր Հայաստանի» անհրաժեշտությունը և ասելիքը։

- «Կառուցիր Հայաստան» նախագծի գաղափարական հետագիծը տանում է դեպի «Եռանավ» ընկերություն, որը բազմամյա փորձ ունի հայրենադարձության և շինարարության ոլորտներում: Երբ սիրիահայերը սկսեցին տարերայնորեն ներգաղթել Հայաստան, մենք շահավետ պայմաններով բնակարաններ առաջարկեցինք նրանց: Ժամանակն ու փորձը ցույց տվեցին, որ նրանք, ովքեր հենց սկզբից բնակարան ձեռք բերեցին, ավելի արագ կարողացան ոչ միայն հարմարվել ու հիմնավորվել հայրենիքում, այլև բիզնես հիմնել, երեխաներին կրթության տալ, կյանքի հեռահար պլաններ կազմել: Հաճախորդների հետ մեր շփումների, սփյուռքի տարբեր համայնքներում կատարած շրջայցերի ու զրույցների արդյունքում ձևավորեցինք «Կառուցիր Հայաստանի» ճանապարհային քարտեզը:

- Արդյոք ներդրումները բավարա՞ր նախապայման են հայրենադարձությունը խթանելու համար։ Տնտեսական գործո՞նն է, որ հետ է պահում մեր սփյուռքահայ հայրենակիցներին Հայաստանում հաստատվելուց։

- Փոքր-ինչ հեռվից գամ : «Եռանավն» իր գործունեության ընթացքում հետազոտել է Հայաստանի տնտեսական միջավայրը, ինչպես նաև գնահատել սփյուռքահայերի կարիքները Հայաստանում: Մեր փորձառությանը գումարվեց շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» համաշխարհային բրենդի սեփականատեր Վարդան Սըրմաքեշի կուտակած փորձը: Չմոռանանք, որ Սըրմաքեշը Հայաստանում ծանրակշիռ ներդրումներ է կատարել և կատարում է: Մենք մեր հանդիպումների ընթացքում փորձի փոխանակում էինք կատարում, համեմատում, նոր ուղղություններ մշակում: Այդ ամենի արդյունքն այն եզրակացությունն էր, որը դարձավ «Կառուցիր Հայաստանի» գաղափարական հիմնաքարը, այն է՝ սփյուռքահայը բնակություն կհաստատի հայրենիքում, եթե ունենա գոհացնող կենսապայմաններ: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին` գործարարությունից մինչև աշխատաշուկա, առողջապահություն, կրթություն, բնապահպանություն և մշակույթ: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու նաև ինտեգրման խնդիրներին. անելու ենք հնարավորը անջրպետները սահուն ու անցնցում վերացնելու համար:

- Ինչպե՞ս եք որոշել «Կառուցիր Հայաստանի» գործունեության ուղղությունները։ Կա՞ն ինչ-որ ուսումնասիրություններ, որոնց վրա հիմնվելով էլ նախագիծն եք մշակել։

- Մեր գործունեության մեկնարկային ուղղությունները մշակել ենք՝ հաշվի առնելով, այսպես ասած, սփյուռքահայերի կարիքները: Իհարկե, կան հետազոտություններ կամ ուսումնասիրություններ, որոնք հաշվի ենք առնում, սակայն մեզ համար հիմք են ծառայելու անկախ փորձագետների, փորձագիտական խմբերի, ոլորտային մասնագետների հետազոտությունները, որոնք այս պահին արդեն իսկ ընթացքի մեջ են:

- Սովորաբար ամենաբարդը հաջողությամբ սկսելն է։ Ինչի՞ց է սկսելու իր գործունեությունը «Կառուցիր Հայաստանը»։ Եվ առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր, գործողություններ են նախատեսված։

- Մինչև հուլիսի վերջ կստեղծվի և իր գործունեությունը կսկսի «Կառուցիր Հայաստան» հիմնադրամը: Աշնանը կամփոփենք հայրենադարձների թաղամասերի ստեղծման ուղղությամբ փորձագիտական աշխատանքի արդյունքները: 2019-ի առաջին եռամսյակում Փարիզում տեղի կունենա գործարար համաժողով, որի ընթացքում կներկայացվեն բիզնես ծրագրերը: Այսպես կարող եմ շարունակել մինչև 2019-ի ամառ ու դեռ ավելին, բայց եկեք այսքանով սահմանափակվենք: Գիտեմ, որ հեշտ գործ չենք սկսել, բայց վստահեցնում եմ` ջանք չենք խնայելու հասնելու համար մեր մեծ նպատակին` կառուցել մրցունակ Հայաստան, որը գրավիչ կդառնա մեր աշխարհասփյուռ հայրենակիցների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: