Հայերեն   English   Русский  

​ԵՄ հատուկ ներկայացուցիչը Զաքիր Հասանովի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը


  
դիտումներ: 852

Հուլիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, որի շրջանակներում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Զաքիր Հասանովը ընդգծել է, որ Հայաստանի «ապակառուցողական պահվածքը հակամարտության կարգավորման գործընթացքում առաջընթաց գրանցելու հարցում հիմնական խոչընդոտն է»:

Տոյվո Կլաարն իր հերթին կարևորել է հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման համար: Վերջինս նաև հույս է հայտնել, որ ներկայումս Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականությունն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել այդ կարծիքին՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարության ելույթները «ռազմատենչ հռետորություն են պարունակում, իսկ վարչապետի և պաշտպանության նախարարի որդիների՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ զինվորական ծառայության ուղարկելը խոսում է այն մասին, որ այդ իշխանությունը շահագրգռված չէ խաղաղ կարգավորման հարցում»:

Ըստ Զաքիր Հասանովի՝ հակամարտության հնարավորինս շուտ լուծման համար Հայաստանը պետք է անհապաղ և անվերապահորեն իր զինված ուժերը դուրս բերի «ադրբեջանական տարածքներից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: