Հայերեն   English   Русский  

​Սևանի սիրտը կկանգնի, եթե այսպես շարունակենք․ բնապահպան


  
դիտումներ: 1788

Մինչ հանրությունը և բնապահպանները քննարկում են, թե ինչու է Սևանա լիճը ծաղկել, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, Ջրային կոմիտեն առաջարկել է կառավարությանն օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողով դիմել Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար։

Այս մասին տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կամո Սարգսյանին։

Այս տարի Սևանա լճից նախատեսված ջրառի ծավալը 170 մլն խմ է։ Նախատեսվում է լրացուցիչ 40-45 մլն խմ ջուր բաց թողնել։ Պատճառաբանությունը չորային եղանակն է։

Սևանա լճի ծաղկման, ինչպես նաև հնարավոր հավելյալ ջրառի հետևանքների մասին «Անկախը» զրուցել է բնապահպանների և մասնագետ-փորձագետների հետ։

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ իրենք տարիներ շարունակ ահազանգել են, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։ Իշխանությունները, սակայն, բնապահպանների ահազանգերը լուրջ չեն ընդունել։ «Մտածում էին, որ դա կարող է տեղի ունենալ 50-60 տարի անց։ Ուստի ասում էին՝ առայժմ օգտագործենք, մինչև տեսնենք, թե հետո ինչ է լինելու»,- ասում է Ադամյանը։

Անդրադառնալով լճի ծաղկման պատճառներին՝ Ադամյանը մի քանի գործոններ է թվարկում։ «Առաջին պատճառը ջրի անկանոն բացթողումներն են։ Առանց մշտադիտարկումների, առանց լճի վիճակն ուսումնասիրելու ջրառի մասին որոշումներ են կայացվել»,- ասում է նա։

Երկրորդ պատճառը, բնապահպանի խոսքով, լճում կուտակված կենսատարրերն են և շրջակա միջավայրի մնացորդները։ «Եթե լճի ափերով անցնեք, կտեսնեք, որ այն հատվածներն են ճահճացած, որտեղ ջրում ծառեր, շինություններ են մնացել»,- ասում է նա։ Ադամյանը որպես հնարավոր գործոն մատնանշում է նաև Սևանա լճում գործող ցանցային ձկնաբուծարանները։ Ասում է՝ երբ տարիներ առաջ ծրագիրը նոր էր մեկնարկում, բնապահպաններով մտահոգություն հայտնել են հնարավոր հետևանքների մասին, ինչը, սակայն, հաշվի չի առնվել։

Սիլվա Ադամյան

«Բնական է, որ ձկների կերն ամբողջությամբ չի կլանվում, մի մասը նստում է ջրի հատակին, մյուս մասն էլ բարձրանում է ջրի երես։ Սա ևս փոխում է ջրի էկոլոգիան»,- ասում է Ադամյանը։

Լճի նման ծավալներով ծաղկման հիմնական պատճառը, սակայն, Ադամյանի կարծիքով, եղանակային պայմաններն են։

«Սա տեղային պրոցես չէ, այլ գլոբալ, համաշխարհային, որը չենք կարող հերքել։ Տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են բերվել Հայաստան կլիմայի փոփոխության հետևանքները վերացնելու համար, բայց դրանք շրջակա միջավայրին որևէ օգուտ չեն տվել»,- ասում է նա։

Հարցին, թե ինչ քայլեր են հարկավոր Սևանի էկոհամակարգը վերականգնելու և լիճը վտանգից զերծ պահելու համար, Ադամյանը նշում է․ «Սևանա լճից չի կարելի ջուր բաց թողնել, կտրականապես չի կարելի։ Առաջիկա 5 տարիներին ընդհանրապես Սևանից ջուր չպետք է բաց թողնել»։ Նա նաև կարևորում է, որ մաքրվի Սևանի հատակը, ուսումնասիրվեն ձկնաբուծական տնտեսությունների արտանետումները և դրանց հնարավոր վտանգները, ինչպես նաև գործարկվեն Սևան լցվող կոյուղաջրերի մաքրման կայաններ. «Համոզված եմ՝ մի քանի տարի լճին ձեռք տալ չի կարելի, որ էկոհամակարգը վերականգնվի։ Սա նման է նրան, որ մարդու ճնշումն արհեստականորեն անընդհատ բարձրացնեն ու իջեցնեն, մարդու սիրտը կկանգնի, չէ՞։ Հիմա Սևանի սիրտը կկանգնի, եթե մենք այսպես շարունակենք»։

Սևանից հավելյալ ջրառին դեմ է նաև Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի ջրակենսաբանության բաժնի պետ Սուսաննա Հակոբյանը։

«Սևանից դեռ օրենքով նախատեսված չափով ջրառ չեն իրականացրել, արդեն այսպիսի իրավիճակ ունենք, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նաև հավելյալ ջրառ լինի,- ասում է նա։- Ջրի հավելյալ բացթողումը կհանգեցնի նրան, որ ջրի ջերմաստիճանն ավելի բարձր կլինի։ Իսկ կենսածին տարրերի մեծ քանակությամբ կուտակումների պայմաններում դա սարսափելի իրավիճակ կստեղծի։ Անդառնալի գործընթացներ կարող են սկսվել»։

Հակոբյանն ասում է, որ 170 մլն խմ ջուրն առավելագույն ծավալն է, որ կարելի է Սևանից բաց թողնել, դրանից ավելի ջրառի պարագայում բացասական հաշվեկշիռ կստացվի։ Մասնագետը նաև հավելում է, որ ներկայիս ծաղկած վիճակում Սևանա լճի ջուրը պիտանի չէ ո՛չ ոռոգման և ո՛չ էլ անասունների խմելու համար։

Անդրադառնալով այն հարցին, թե Սևանը փրկելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ, Հակոբյանն ասում է, որ նախ պետք է նորմալ մաքրման կայաններ գործարկել, որոնք կոյուղաջրերի ոչ միայն մեխանիկական, այլ նաև կենսաբանական մաքրում կիրականացնեն։ «Հարկավոր է կրճատել ազոտի և ֆոսֆորի մուտքը լիճ»,- ասում է նա։

Սպասելի՞ էր նման վիճակը: Հակոբյանն ասում է, որ ծաղկումը կանխատեսելը դժվար էր, քանի որ ջրում կենսածին տարրերի մակարդակը թույլատրելիի սահմաններում է․ «Նախկինում էլ լճի տեղային ծաղկումներ եղել են, բայց այս տարի ավելի մեծ տարածք են ընդգրկել, ինչը ավելի վտանգավոր է»։

Գոռ Գևորգյան

ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ Սևանա լճում ուսումնասիրություններ են իրականացրել և պարզել, թե որ օրգանիզմն է ծաղկում առաջացրել։ Նրա խոսքով՝ ծաղկած ջուրը վտանգավոր է, քանի որ այն օրգանիզմները, որոնք ծաղկում են առաջացրել, տարբեր տեսակի տոքսիններ են գոյացնում։ «Անգամ հնարավոր է, որ այնպիսի տոքսիններ արտադրվեն, որոնք կուտակվեն ձկների օրգանիզմում՝ առաջացնելով անկում կամ փոխանցվեն մարդուն ձուկ ուտելու դեպքում»,- ասում է Գևորգյանը։ Նա միաժամանակ նշում է, որ տոքսինների հետազոտություն չի իրականացվել և ասվածը միայն զգուշացում է հնարավոր վտանգների մասին։

«Միայն ասում ենք, թե ինչի է ընդունակ օրգանիզմը, որը ծաղկում է առաջացրել, ռիսկերի մասին ենք իրազեկում»,- ասում է նա՝ հավելելով, որ առաջիկայում տոքսինների հետազոտություն կիրականացնեն արտերկրյա լաբորատորիայում, քանի որ մեր երկրում նման հնարավորություն չկա։ «Արդյոք լճի ծաղկումը թունավո՞ր է» հարցի պատասխանը պարզ կդառնա հոկտեմբերին, երբ պատրաստ կլինեն հետազոտության արդյունքները։

Գևորգյանը կարևորում է, որ լճի ծաղկման հիմնական պատճառը ոչ թե կենսատարրերի չափից բարձր պարունակությունն է ջրում, այլ բարձր ջերմաստիճանը։ Ասում է, որ առաջինի պարագայում ջրի ծաղկումն առավել վտանգավոր ու մտահոգիչ կլիներ։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչ անելիք ունի բնապահպանության նախարարությունը, Գևորգյանը պատասխանում է, որ պետք է իրագործել Սևանա լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու ծրագիրը։ «Միակ բանը, որ կարող ենք անել, ջրի մակարդակի տատանումների դադարեցումն է։ Դա բացասաբար է անդրադառնում ջրի էկոլոգիայի վրա։ Ջրի մակարդակը պետք է կայուն կերպով աստիճանաբար բարձրանա, ինչպես և նախատեսված է ծրագրով»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: