Հայերեն   English   Русский  

​Լավրովի ուղերձը Հայաստանին


  
դիտումներ: 4672

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության հայտարարություններին»․ Հայաստանյան հասարակական-քաղաքական միտքը շարունակում է քննարկել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը և դրանով հղված ուղերձները մեր երկրին։

Հիշեցնենք, որ Լավրովը մտահոգություն էր հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ այդ մասին մի քանի անգամ արդեն տեղեկացրել են ՀՀ ղեկավարությանը։

«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է հայկական պետականության կայունությամբ, այդ պատճառով այնտեղ տեղի ունեցած դեպքերը չեն կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում ԱՊՀ տարածքում գործող միջազգային այն կազմակերպությունների տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունենք, որ իրավիճակը կընթանա կառուցողական ճանապարհով»,- ասել է Լավրովը:

Ռուս պաշտոնյայի այս հայտարարությանը նախորդել էր մեղադրանքների առաջադրումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նրանք մեղադրվում են 2008 թվականին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում ներկայում կան խնդիրներ, մտահոգություններ, որոնք պետք է փարատել։ Հակառակ պարագայում խնդիրները գնալով շատանալու են։

Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանն այս իրավիճակում առավել հետաքրքրված է Խաչատուրովով։ «Ռուսական կողմն այսպիսով ցանկանում է ցույց տալ, որ Խաչատուրովի հետկանչն իրենց համար ցանկալի չէ։ Ուղիղ պահանջել չեն կարող, բայց փորձում են ուղերձը տեղ հասցնել»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը չի բացառում նաև այն հնարավորությունը, որ հայտարարությունում դերակատարություն են ունեցել նախկին իշխանությունների լոբբիստները ՌԴ-ում, որոնք «շարունակ փորձում են ցույց տալ, որ Հայաստանում ամեն ինչ արվում է Արևմուտքի հրահրմամբ»։

Որոշ քաղաքացիներ և մասնագետներ Լավրովի այս հայտարարությունը մեկնաբանում են որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն անգամ հայտարարություն է տարածել, որում Լավրովի հայտարարությունը դիտարկում է որպես «անընդունելի միջամտության դրսևորում»։

«Լավրովի հայտարարությունն անընդունելի միջամտության դրսևորում է՝ երկու տարբեր տեսանկյուններից։ Մի կողմից՝ նրա հայտարարությունը քաղաքական նկատառումների մասին վկայում է առ այն, որ ՌԴ արտգործնախարարը, նորմալ համարելով դատական գործընթացներին քաղաքական միջամտությունը, պնդում է, որ ՀՀ նոր կառավարությունը վերահսկում է դատական իշխանությունը։ Մյուս կողմից՝ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Լավրովը կարծում է, թե ՀՀ կառավարությունը կարող է քաղաքական դրդապատճառներով միջամտել և Ռուսաստանին հաճոյանալու համար դադարեցնել Քոչարյանի և Խաչատուրովի գործերի դատական քննությունը։ Հետևաբար մի կողմից Սերգեյ Լավրովը նորմալ է համարում միջամտել ՀՀ ներքին խնդիրներին, մյուս կողմից էլ՝ նորմալ է համարում Հայաստանում քաղաքական իշխանության միջամտությունը դատական գործերին»,- ասված է ՀԿ-ի հայտարարությունում։

Իսկ ահա միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Լավրովի հայտարարությունը չի դիտարկում որպես ՀՀ ներքին գործերին միջամտություն։ Նրա կարծիքով՝ Լավրովի հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն և շարունակել խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։

«Ռուսական էքսպերտները փորձում են լարել, հարաբերություններում ինչ-որ մութ անկյուններ գտնել, սակայն իրականում այդպես չէ։ Կա որոշակի մտահոգություն, որը մեզ հետ կիսում է ռուսական կողմը հանդիպումների և հանրային հայտարարությունների ժամանակ։ Պետք է մեր ռազմավարական դաշնակցին բացատրել իրավիճակը, ներկայացնել այն, ինչ կատարվում է Հայաստանում, որպեսզի որևէ խնդիր չլինի»,- ասում է Սարգսյանը։

Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳ նախրարն իր ռուս գործընկերոջը ոչ միայն պետք է բացատրի Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և դրանց տրամաբանությունը, այլև հստակեցնի, որ նման հայտարարությունը միջամտություն է սուվերեն, ինքնիշխան պետության ներքին գործերին։ «Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա նրանք հանգիստ պետք է ընդունեն օրենքի շրջանակներում Հայաստանում տեղի ունեցող գործողությունները»,- ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է շարունակի հեղափոխությամբ հաստատված նպատակների իրագործումը և ժողովրդավարական երկիր կառուցելու գործընթացը։

Անդրադառնալով հայտարարության պատճառներին՝ Շիրինյանն ասում է, որ այն ընդամենը «նյարդային, ցայտնոտային իրավիճակի արտացոլում» է։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, նրա խոսքով, հաճելի չեն Ռուսաստանին, քանի որ այս երկիրը Հայաստանի հանդեպ առաջնորդվում է «որքան քրեականացված, այնքան կառավարելի երկիր» սկզբունքով։

Նշենք, որ պաշտոնական Երևանը հրապարակային կերպով դեռևս չի արձագանքել Լավրովի հայտարարությանը։ ԱԳՆ կայքում կա հաղորդագրություն ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, սակայն այն թվագրված է հուլիսի 27-ով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: