Հայերեն   English   Русский  

​Որտե՞ղ և ինչպե՞ս են նախընտրում հանգստանալ հայաստանցիները


  
դիտումներ: 2351

Որքան թեժանում է ամառային տապը, այնքան ավելի ու ավելի շատ են սոցիալական ցանցերը «հեղեղվում» քաղաքացիների ամառային հանգստի նկարներով։

Ոմանք նախընտրում են ծովափնյա հանգիստը, ոմանք՝ արտերկրյա տեսարժան վայրերով շրջագայությունը, ոմանք էլ նախընտրում են հանգիստը Հայաստանում։ Տուրիստական գործակալությունների առաջարկները բազմազան են։ Թե՛ շքեղ, թե՛ բյուջետային հանգիստը նախընտրողներն իրենց գրպանին հարմար ինչ-որ բան կարող են գտնել։ Առաջարկներն այնքան բազմազան են, որ անգամ ամռանն արձակուրդ չունեցող քաղաքացիները կարող են իրենց հանգիստը կազմակերպել՝ նախապատվությունը տալով առանց գիշերակացի տուրերին։

«Անկախը» զրուցել է մի քանի տուրիստական գործակալությունների հետ՝ հասկանալու, թե ինչպիսին է հայերի նախընտրությունը ամառային հանգստի հարցում և հատկապես որ ուղղություններն են պահանջված։

«Անռիվա տուր» գործակալության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանն «Անկախի» հետ զրույցում նշում է, որ այս տարվա ամենապահանջված ուղղությունը Եգիպտոսն է՝ Շարմ էլ Շեյխը և Հուրգադան։ Եգիպտական Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա տուրի» աշխատակցի խոսքով՝ պահանջարկն այնքան մեծ է, որ շաբաթական 3 կանոնավոր չվերթներից բացի, նաև չարտերային թռիչքներ են իրականացվում, բոլորն էլ՝ ուղևորներով լեցուն։

Փայտյանն ասում է, որ չնայած դեպի Եգիպտոս հանգստի գներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են, սակայն աճել է նաև պահանջարկը։ Պատճառները մի քանիսն են։ Նախ՝ Եգիպտոսում հյուրանոցներն all inclusive փաթեթ են առաջարկում և ապահովում են նաև ծառայությունների բարձր որակ։

«Եգիպտոսի առավելություններից է նաև այն, որ առաջարկում է ծովային հանգիստ, որը հնարավոր է համատեղել պատմական տուրիզմով, դայվինգով և մի շարք այլ զբաղմունքներով։ Մարդիկ մեկնում են ընտանիքներով»,- ասում է նա։

Փայտյանը նշում է, որ Եգիպտոսը պահանջված ուղղություն է դարձել նաև այն պատճառով, որ այժմ Հայաստանից ուղիղ թռիչքներ են իրականացվում, մարդիկ 3 ժամում տեղ են հասնում, և թռիչքի ժամերն էլ այնպես են կազմակերպված, որ օր չեն կորցնում ճանապարհի վրա։

Եգիպտոսի all inclusive փաթեթները, Փայտյանի խոսքով, նպաստել են, որ մարդիկ Անթալիայի փոխարեն այս ուղղությունը նախընտրեն։ «Հիմա համեմատաբար քիչ ենք Անթալիայում հանգստի մասին հարցումներ ստանում՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ տուրեր չենք կազմակերպում»,- ասում է նա։

Արտագնա հաջորդ պահանջված ուղղությունը Հունաստանն է՝ հունական կղզիները։ Իսկ ծովափնյա հանգստի բյուջետային տարբերակի կողմնակիցները նախընտրում են Վրաստանը։

«Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գայանե Պողոսյանը ևս «Անկախի» հետ զրույցում, ամփոփելով իրենց հաճախորդների նախընտրությունները, փաստում է, որ այս տարի ամենապահանջված ուղղությունը Եգիպտոսն է։ Ասում է, որ նման նախընտրության պատճառներից է ինչպես համեմատաբար մատչելի գինը, այնպես էլ այն հանգամանքը, որ Եգիպտոս մեկնելու համար փաստաթղթային նախապատրաստություններն ավելի դյուրին են։ Հաջորդ նախընտրելի ուղղությունը, Պողոսյանի խոսքով, Իտալիան է։ Այնուհետև հաջորդում են եվրոպական մյուս ծովափնյա երկրները։

Անդրադառնալով ներքին տուրիզմին՝ Մարիաննա Փայտյանն ասում է, որ Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար դիմում են հիմնականում սոցփաթեթի շահառուները։ Նախընտրած ուղղություններն էլ ավանդական են՝ Դիլիջան, Հանքավան, Ջերմուկ, Ծաղկաձոր և այլն։ Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում մարդիկ նախընտրում են արտերկիր մեկնել հանգստի, նոր բան տեսնել և բացահայտել։ Առկա տարատեսակ ու տարբեր գնային սահմանների առաջարկներն էլ քաղաքացիներին նման հնարավորություն տալիս են, ուստի ներքին հանգստի առումով շարժն այնքան էլ մեծ չէ։

Իսկ ահա «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալությունից, որը Հայաստանում առանց գիշերակացի՝ մեկօրյա տուրեր է կազմակերպում, փաստում են, որ նման տուրերը ևս պահանջված են։ Մեկօրյա տուրերից ամենապահանջվածն այս տարի Տաթև և Խնձորեսկ ուղղությունն է։

Իսկ ահա ներգնա տուրիզմի պարագայում Հայաստանով հետաքրքրված են ինչպես Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և եվրոպական երկրների քաղաքացիները, այնպես էլ արաբական երկրների բնակիչները։ Հայաստանի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Քուվեյթի, ԱՄԷ-ի, Լիբանանի, Հորդանանի և անգամ Իրաքի քաղաքացիները։

Փայտյանը նաև նշում է, որ ներկայումս Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա նաև Եգիպտոսում․ տեղի ղպտիական համայնքը հետաքրքրված է քրիստոնեական տուրիզմով, սակայն վիզայի հարցը խոչընդոտ է։ «Կարծում եմ՝ եթե հնարավոր լինի վիզայի տրամադրման կարգը հեշտացնել, ապա Եգիպտոսից ևս մեծ թվով զբոսաշրջիկներ կունենանք»,- ասում է նա։

Տաթև

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները փաստում են, որ այս տարի ավելացել են ոչ միայն իրենց հանգիստը արտերկրում պլանավորող ՀՀ քաղաքացիները, այլև իրենց հանգիստը Հայաստանում անցկացնող օտարերկրացիները։ Իսկ առավել պահանջված են տարածաշրջանային փաթեթները: Հայաստան եկողները սովորաբար ցանկանում են նաև լինել Վրաստանում և Ադրբեջանում։ Փայտյանի խոսքով՝ իրենք հանգիստը Հայաստանում և Վրաստանում ներառող փաթեթներ են առաջարկում իրենց օտարերկրացի հաճախորդներին։

Իսկ քաղաքացիների շրջանում անցկացված հարցումները վկայում են, որ Հայաստանում գիշերակացով հանգստի համար մարդիկ, որպես կանոն, գործակալությունների չեն դիմում, այլ իրենք են կազմակերպում իրենց հանգիստը։ Իսկ հատկապես մատչելի հանգստյան գոտիներում ազատ սենյակների բացակայությունը կամ սակավությունը հուշում է, որ արտերկրում հանգիստը նախընտրողներից պակաս չէ նաև Հայաստանում հանգստացողների թիվը։ Ներքին տուրիզմի զարգացմանը նպաստել է նաև հյուրատների առկայությունը։

«Այս տարի ընտանիքով Ջերմուկում ենք հանգստանալու։ Հյուրատանն ենք տեղ ամրագրել, այդպես անհամեմատ մատչելի է։ Առողջարաններում և հյուրանոցներում գներն անհամեմատ բարձր են և ընտանիքով հանգստի պարագայում շատ ծախսատար։ Իսկ հյուրատուն կամ պարզապես տուն վարձակալելով՝ հանգիստը հասանելի է դառնում շատ-շատերին»,- ասում է տիկին Էմման։

Իսկ ահա մեկ այլ քաղաքացի «Անկախի» հետ զրույցում կարծիք է հայտնում, որ միջմարզային տրանսպորտի առկայության և ճանապարհների բարվոք վիճակի պարագայում ներքին տուրիզմն առավել զարգացած կլիներ։ «Եթե ես ուզում եմ, օրինակ՝ Մարտունուց գնալ Գյումրի կամ Վանաձոր կամ Դիլիջան կամ որևէ այլ քաղաք, պետք է հասնեմ Երևան և այնտեղից տրանսպորտով գնամ, կամ էլ տաքսիով գնամ։ Իսկ տրանսպորտի առկայության պարագայում վստահ եմ՝ երիտասարդները խմբերով առավոտյան ինչ-որ քաղաք կգնային, կզբոսնեին, կծանոթանային տեղանքին ու տեսարժան վայրերին և երեկոյան կվերադառնային իրենց բնակավայր»,- ասում է 21-ամյա Աշխենը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: