Հայերեն   English   Русский  

​Երբ մեղադրյալի աթոռին երկրների ղեկավարներն են


  
դիտումներ: 6129

Բավական է համացանցի որոնողական համակարգերում գրել «նախագահ» և «կալանք» բառերը, որ որոնման արդյունքները հարյուրավոր լեզուներով տեղեկացնեն՝ Հայաստանի երրորդ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 28-ին երկու ամսով կալանավորվել է։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: Սա աննախադեպ էր հետխորհրդային երկրների համար, բայց ամենևին աննախադեպ չէր աշխարհում: Շատ երկրներ կան, որոնց նախկին ղեկավարները հայտնվել են ճաղերի ետևում: Մի փոքր ուսումնասիրությունից հետո կազմեցինք աշխարհի տարբեր երկրների նախկին ղեկավարների մի մեծ ցուցակ, որոնք վերջին 20 տարիներին կալանավորվել կամ ազատազրկման են դատապարտվել: Հետաքրքիր է, թե ինչու են մեղադրել նրանց:

Վրաստան

Մեր բարեկամ երկիր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ 4 քրեական գործ է հարուցվել պաշտոնավարումից հետո, վերջինը՝ 2014 թ. նոյեմբերին: Առաջին գործով նա մեղադրվում է 2007 թ. նոյեմբերի 7-ին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հանրահավաքը բիրտ ուժի գործադրմամբ ցրելու մեջ: Երկրորդ գործն առնչվում է նույն օրը ընդդիմության հանրահավաքը լուսաբանող անկախ «Իմեդի» հեռուստաալիքը գրոհելու հրաման տալուն, որի ընթացքում ոչնչացվել է լրատվամիջոցին պատկանող գույքը: Երրորդ մեղադրանքն առնչվում է արդեն հանգուցյալ գործարար, «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող գույքի յուրացմանը: 2014 թ. նոյեմբերի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք ներկայացրեց երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն՝ 2006 թ. հունվարի 28-ին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանու սպանության գործով: Վերջին գործով էլ Սահակաշվիլուն 3-5 տարվա ազատազրկում էր սպասում, եթե այս քրեական հետապնդումների պատճառով 2014 թ. հունվարի 20-ից Սահակաշվիլին չհեռանար Վրաստանից՝ այդ ժամանակ գործող իշխանություններին մեղադրելով, թե վերջիններիս կողմից իրականացվող քրեական հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն: Սահակաշվիլին այդպես Վրաստանում ոչ մի օր բանտում կամ կալանքի տակ չանցկացրեց: Հետագայում նա բուռն քաղաքական գործունեություն ծավալեց Ուկրաինայում:

Իրան

Ահմադինեժադի

2018 թ. հունվարին միջազգային մամուլը, հղում անելով Մեծ Բրիտանիայում գործող al-Quds al-Arabi լրատվամիջոցին, որն էլ իր հերթին հղում էր անում Թեհրանի իր վստահելի աղբյուրներին, գրեց, թե ցուցարարներին աջակցելու պատճառով կալանավորվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նա Իրանի վեցերորդ նախագահն է եղել, զբաղեցրել է այդ պաշտոնը 2005 - 2013 թթ.: Սկզբնաղբյուրը հայտնում էր, որ Իրանի նախկին նախագահին ձերբակալել են Շիրազում՝ Բուշիր քաղաքում հակակառավարական բողոքներին աջակցելու և անկարգություններին կոչ անելու համար: Պարբերականի հավաստմամբ՝ Ահմադինեժադին կալանավորելու հավանությունը տվել էր երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Իսկ Ահմադինեժադը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիին ու նրա կառավարությանը։

Ֆրանսիա

Սարկոզի

Այս տարվա մարտին ձերբակալվեց Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզին։ Ֆրանսիայում Սարկոզիի անունը մի քանի աղմկահարույց գործերի հետ է կապվում։ Նրան մեղադրում են Կատարի իշխանություններից կաշառք ստանալու և 2012 թ. իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ։

Սարկոզին Ֆրանսիան ղեկավարել է 2007-2012 թթ.։ Նախկին նախագահի անունը հիշատակվում է 6 քրեական գործի մեջ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նա կապ ունի 1993 թ. Adidas ընկերության բաժնի վաճառքի հետ, ինչը Ֆրանսիային 400 մլն եվրոյի վնաս է պատճառել։ Նրա «ձեռքբերումների» ցանկում են նաև երկու նախընտրական քարոզարշավների ապօրինի ֆինանսավորումը, կաշառքները Լիբանանի նախագահ Մուամմար ալ-Քադդաֆիից, նաև Սաուդյան Արաբիային ու Պակիստանին ֆրանսիական ստորջրյա նավերի վաճառքի հետ կապված խարդախությունները։ Սարկոզին 48 ժամ անցկացրեց Նանտենում` դատական ոստիկանության շենքում, կալանքի տակ։

Գերմանիա

2012 թ. փետրվարին հրաժարական տվեց Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը քաղաքացիների վստահության կորստի կապակցությամբ: Լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Վուլֆն օգտագործել է իր պաշտոնեական կարգավիճակը և լիազորությունները` արտոնյալ պայմաններով շուրջ 500 հազար եվրոյի վարկ վերցնելու նպատակով: Բացի դրանից, նա մի քանի անգամ ուրիշի հաշվին հանգրվանել էր թանկարժեք հյուրանոցներում: Գերմանիայի նախագահը ճնշում էր գործադրել մամուլի վրա՝ ստիպելով չանդրադառնալ այս դեպքերին: Իսկ արդեն 2013 թ. ապրիլին Գերմանիայի քննչական մարմինները Քրիստիան Վուլֆին կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեղադրանք ներկայացրին:

Իտալիա

Սիլվիո Բերլուսկոնի

Այս գերտերության նախկին ղեկավար՝ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեղադրանքների, կալանքների, ազատազրկման ռեկորդակիր է: 2012 թ. Իտալիայի նախկին վարչապետին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման հարկային հանցագործությունների համար, Միլանի դատարանը Բեռլուսկոնիին 3 տարով զրկեց պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դրանից առաջ էլ Բեռլուսկոնին բազմիցս դատաքննությունների մեջ է եղել. նրան մեղադրել են ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիայի, պետական պաշտոնյաներին կաշառելու, սեքսուալ սկանդալների մեջ, այդ դատերից մի քանիսն ավարտվել են բանտային պատժաժամկետներով, սակայն ձեռներեց գործչին միշտ հաջողվել է բանտում գեթ մեկ օր չհայտնվել: 2013 թ. էլ Իտալիայի նախկին ղեկավարը մեղավոր ճանաչվեց անչափահաս մարմնավաճառի ծառայություններից օգտվելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ և դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ 76-ամյա գործչին նաև ցմահ զրկեցին պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:

Իսրայել

Իսրայելի նախկին` ութերորդ նախագահ (2001-2007 թթ.) Մոշե Կացավը կալանավորվեց 2010 թ.։ Նրան մեղադրում էին 1998 թ. նախկին աշխատակցուհուն բռնաբարելու, նաև երկու այլ կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ձերբակալությունից մոտ մեկ տարի անց՝ 2011 թ., դատարանը նախկին նախագահին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Սակայն Մոշե Կացավը վաղաժամկետ ազատ արձակվեց 2016 թ.։ Բացի ազատազրկումից, դատարանը Կացավին պարտավորեցրել էր հաճախել հոգեբանի ու կրոնական վերականգման խմբակներ։ Իսրայելի նախկին նախագահին արգելվում է նաև լքել Իսրայելի տարածքն ու զբաղվել այնպիսի գործունեությամբ, որի դեպքում նրա ենթակաները կարող են կանայք լինել։

Բոսնիա և Հերցեգովինա

2013 թ. ապրիլին Սարաևոյում կաշառակերության և հանցագործներին հովանավորելու, գումարի դիմաց նրանց ներում շնորհելու կասկածանքով հենց իր աշխատասենյակից ձերբակալվեց Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը: Նրա աշխատասենյակի խուզարկման ընթացքում ոստիկանները հայտնաբերեցին հանցագործներին ներում շնորհելու հրամանների բնօրինակները: Բուդիմիրը մեկ տարում ներում էր շնորհել 96 մարդու, որոնցից 35-ը՝ մարդասպաններ, մեկը՝ բռնաբարող, 5-ը՝ անօրինական կերպով թմրանյութի արտադրության և շրջանառության համար դատապարտված: Ոչ պաշտոնական տեղեկություններով` յուրաքանչյուր գործի համար նախագահը ստացել էր 40 հազար եվրո:

Բրազիլիա

Այս երկրում վերջերս քրեական հետապնդում էր իրականացվում միագամից երկու նախկին նախագահների նկատմամբ: 2017 թ. մայիսին Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց կոռուպցիայի գործով: Երկրի գերագույն դատարանը հավանության արժանացրեց պետության ղեկավարի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցը: Առիթը ձայնագրությունն էր, որում նախագահը երկու ազդեցիկ գործարարների կարգադրում էր 630 հազար դոլար կաշառք տալ խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդու Կունյային Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով լռության դիմաց: Կոռուպցիոն սկանդալով անցնում էին նաև երկրի նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆը, Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, հինգ նախարար և 83 քաղաքական գործիչ։ 2017 թ. հուլիսի 13-ին արդեն Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Պաշտոնապես ապացուցվեց խոշոր շինարարական ընկերություններից կաշառք վերցնելու, փողերի լվացման մեղադրանքը: Սիլվան նախագահի պաշտոնից հեռացել էր 2011 թ. 8 տարվա պաշտոնավարումից հետո, 5 տարի անց՝ 2016 թ., ձերբակալվել էր:

Արգենտինա

2015 թ. դեկտեմբերին դատարանն Արգենտինայի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող նախկին նախագահ Կառլոս Մենեմի պատժաչափն ավելացրեց 4.5 տարով յուրացման համար: Մենեմն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1999 թթ.: 2013 թ. նա 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել Էկվադորում և Խորվաթիայում զենքի մաքսանենգությանը մասնակցության համար:

Երկու տարի հետո Արգենտինայի դատարանը խարդախության մեղադրանք առաջադրեց երկրի նախկին նախագահ (2007-2015 թթ.) Կրիստինա Ֆերնանդես դե Քիշներին: Նախկին նախագահը կասկածվում էր կենտրոնական բանկի հետ կատարված մանիպուլյացիաների մեջ, որպեսզի արհեստականորեն պահի արգենտինական պեսոյի փոխարժեքը: Հետաքննության վարկածով՝ այդ նպատակի համար կենտրոնական բանկը Քիշների հանձնարարությամբ մեծ քանակությամբ դոլարներ էր վաճառում շուկայում ցածր գնով, ինչը վնաս էր հասցնում պետությանը: Կրիստինա Ֆերնանդես դե Քիշները, սակայն, հերքում էր այս մեղադրանքները՝ դրանցում քաղաքական ենթատեքստեր տեսնելով:

Հարավային Կորեա

2016 թ. դեկտեմբերին պաշտոնից ազատվեց Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն: Իմպիչմենթի պատճառը կոռուպցիոն սկանդալն էր. նա մեղադրվում էր կաշառակերության, իշխանության չարաշահման ու գաղտնի տեղեկությունները կողմնակի անձին տրամադրելու մեջ: 2017 թ. մարտի 30-ին նախկին նախագահը կալանավորվեց: Սկզբում դատարանը Կորեայի նախկին ղեկավարին 20 օրով կալանավորելու որոշում կայացրեց, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո արդեն մեղադրանք առաջադրվեց:

Արդեն այս տարվա մարտին Սեուլի կենտրոնական օկրուգի դատարանը կալանքի որոշում կայացրեց Հարավային Կորեայի մեկ այլ նախկին նախագահի՝ 2008-2013 թթ. պաշտոնավարած 76-ամյա Լի Մեն Բակին: Վերջինս էլ մեղադրվում էր կոռուպցիայի մեջ: Լի Մեն Բակն էլ մեղադրվում էր Կորեայի հետախուզության ազգային ծառայության և մի շարք կոմերցիոն ընկերությունների կողմից պարբերաբար կաշառք ստանալու համար:

Պակիստան

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին, որ պաշտոնավարել էր 2001-2008 թթ., պաշտոնապես պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց 2013 թ.: Նրան մեղադրում էին 2007 թ. անկարգությունների ժամանակ երկրում արտակարգ դրություն մտցնելու և Սահմանադրության գործողությունը կասեցնելու մեջ: Նրա անունը շրջանառվել է դատական գործերում, ինչի հետևանքով նրան արգելել են մասնակցել ընտրություններին։ Մուշարաֆը տնային կալանքի տակ է գտնվել։ Մուշարաֆին մեղադրանք են ներկայացրել 2006 թ. Բելուջիստան շրջանի ազգայնականների առաջնորդ Ակբար Բուգտիի սպանության համար։ Պակիստանի նախկին ղեկավարին էին վերագրում նաև 2007 թ. գերագույն դատարանի դատավորների սպանությունը: Նա 2007 թ. մեղադրվել է նաև նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանության մեջ։ 2016 թ. դատարանը արդարացրել է նրան Ակբար Բուգտիի սպանության հարցում։ Դրանից հետո Պակիստանի նախկին նախագահը լքել է երկիրն ու վերադարձել միայն 2018 թ.` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Մոնղոլիա

2012 թ. ապրիլին կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվեց Մոնղոլիայի նախկին նախագահ Նամբարինա Էնխբայարը։

Էնխբայարի կողմնակիցներն այս քայլը գործող նախագահի քաղաքական վրեժն էին համարում։ Էնխբայարը, որ Մոնղոլիայի նախագահ էր դարձել 2005 թ., 2012 թ. դատապարտվել էր 4 տարի ազատազրկման։ Սակայն հետագայում այդ ժամկետը կրճատվել է մինչև 2,5 տարի։ 2013 թ.՝ 1 տարի 4 ամիս ազատազրկման մեջ անցկացնելուց հետո, Էնխբայարը ներկայիս նախագահ Էլբեգդորեժից ներում է ստացել։

Պերու

2017 թ. հուլիսին Պերուի դատարանը 2011-16 թթ. պաշտոնավարած Օլյանտա Հումալային և նրա կնոջը՝ Նադին Հերեդիային դատապարտեց 18-ամսյա նախնական կալանքի: Պատճառը նրանց` երկրից հեռանալու փորձերն էին և միջամտությունը հետաքննության ընթացքին: 2015 թ. Պերուի դատախազությունը սկսել է ֆինանսական միջոցների լվացմանը երկրի նախկին նախագահի կնոջ ներգրավվածության հետաքննությունը:

Կոստա Ռիկա

Այստեղ էլ 2004 թ. ազատազրկվեց նախկին նախագահ Ռաֆայել Կալդերոն Ֆուրնիյերը, սակայն շուտով տնային կալանքի անցավ։ Նրան մեղադրում էին Ֆինլանդիայից դեղորայք գնելու համար նախատեսված վարկի ավելի քան 40 մլն դոլարը յուրացնելու մեջ։ Կալդերոնը չէր ընդունում իր մեղքն ու պատրաստվում էր 2010 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։ Սակայն 2009 թ. նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման, հետո կրճատեցին մինչև 3 տարի, ազատազրկումը փոխարինվեց տնային կալանքով:

Նաուրու

2011 թ. նոյեմբերին հրաժարական ներկայացրեց Խաղաղօվկիանոսյան Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը, երբ նրան մեղադրեցին Գուանոյի պարարտանյութի առևտրով զբաղվելու մեջ: Համաձայն հետաքննության, նա թաիլանդցի գնորդից կաշառք էր վերցրել երկրի եկամտի հիմնական աղբյուր համարվող պարարտանյութ վաճառելու համար:

Մալավի

2017 թ. օգոստոսին Մալավիի ոստիկանությունը կալանավորելու օրդեր տվեց նախկին նախագահ Ջոյս Բանդային, որը 2014 թ. նախագահական ընտրություններում պարտությունից հետո ապրում է արտաքսման մեջ։ Նա մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ: Աուդիտը բացահայտել էր, որ 2013-ին վեց ամսվա ընթացքում նրա վարչակազմի անդամները մոտ 30 մլն դոլար են յուրացրել։

Զիմբաբվե

Ռոբերտ Մուգաբե

2017 թ. նոյեմբերին զինվորականները կալանավորեցին Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեին ու նրա կնոջը՝ Գրեյսին: Մուգաբեն Զիմբաբվեն ղեկավարում էր 40 տարի՝ սկսած 1980 թ.:

Գվատեմալա

2015 թ. սեպտեմբերին Գվատեմալայի կոնգրեսը նախագահ Օտտո Պերես Մոլինային զրկեց դատական անձեռնմխելիությունից՝ թույլ տալով նրա դեմ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանք առաջադրել: Մեկ օր անց Գվատեմալայի գլխավոր դատախազությունը նախագահին ձերբակալելու օրդեր տվեց: 64-ամյա գեներալ նախագահը մեղադրվում էր հարկային խաբեբայությունների և ապօրինի գործնական պայմանագրեր կնքելու մեջ: Պերես Մոլինան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տոկոսներ էին ստացել գործարարների՝ ներկրվող ապրանքների հարկերից խուսափելու համար մաքսատանը վճարած կաշառքներից:

Մալդիվներ

Այս տարի ոստիկանությունը կալանավորել էր երկրի նախկին նախագահ Մոմուն Աբդուլ Գայումին: Ինչպես Ռոյթերսին տեղեկացրել էր նախկին նախագահի մամլո խոսնակ Աբդուլ Ալեիմը, ոստիկանությունը Գայումի հետևից էր եկել Մալդիվների գործող նախագահ Աբդուլլա Յամինի՝ երկրում 15-օրով արտակարգ դրություն մտցնելու հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց: Մալդիվների ներկայիս ղեկավարը համաձայն չէր երկրի բարձրագույն դատարանի որոշմանը, որով չեղյալ հայտարարվեցին 12 ընդդիմադիր պատգամավորների և նախկին նախագահ Մոհամմեդ Նաշիդի դատավճիռները: Գայումը, որ գործող նախագահի խորթ եղբայրն է, ձերբակալվեց իր փեսայի հետ: Գայումը Մալդիվների նախագահ է ընտրվել 1978 թ. և վերընտրվել 6 անգամ, ընդհանուր առմամբ իշխելով 30 տարի՝ մինչև 2008 թ.:

Այս շարքում ներառված չեն երկրների այն ղեկավարները, որոնք մեղադրվել ու դատապարտվել են միջազգային դատարանների կողմից՝ մարդկության դեմ գործած հանցանքների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: