Հայերեն   English   Русский  

​Միայն բարձրագույն արվեստն է հանդիսատեսին ստիպում գտնել անծանոթը


  
դիտումներ: 2798

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ մեր հյուրն է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանը:

- Համազգային թատրոնն արդեն 27 տարեկան է: Դա երիտասա՞րդ տարիք է թատրոնի համար:

- Տարիքը կապ չունի, թատրոնը միշտ պիտի երիտասարդ լինի և երբևէ «չնստի» այդ տարիների ուսերին: Մեր հնամենի ազգ լինելուն զուգահեռ ինձ համար կարևոր է, թե այսօր ինչ ունենք և արդյոք կարո՞ղ ենք երկխոսության մեջ մտնել աշխարհի հետ: Համազգայինը շատ դժվարին տարիներ է ունեցել, բայց շնորհիվ իր հիմնադրի՝ իմ հրաշալի բարեկամ Սոս Սարգսյանի շարունակել է ապրել: Ցավոք, նա այդպես էլ չտեսավ թատրոնն առանձին շենքով: Մենք առ այսօր հանդես ենք գալիս Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում: Մեկ տարի առաջ հարցը բարձրացվել է, և շինարարությունը կարծես սկսվում է: Եթե հավատանք խոստումներին` մեկ տարի հետո կունենանք մեր թատրոնը՝ ժամանակակից մի շենք՝ բոլոր հարմարություններով, 300 հանդիսատեսի համար:

- Ինչու՞ է թատրոնը կոչվում Համազգային:

- Սկզբում, երբ Սոս Սարգսյանը հիմնեց այս թատրոնը, այն պետական չէր: Վարպետը ՀՅԴ անդամ էր, հենց այդ տարիներին էր, որ դրեց իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այդ թեմայով շատ առանձնազրույցներ եմ ունեցել Սոս Սարգսյանի հետ, նա վստահ էր, որ իր օրոք երկիրը բարոյական կլինի: Եվ այն, ինչ նա ուզում էր երկրի համար, իրագործեց իր փոքրիկ երկրում՝ հիմնելով թատրոն, որտեղ բարոյականությունն առաջին տեղում էր դնում: Եվ քանի որ Համազգային հայ կրթական և մշակութային միությունն էր օժանդակել թատրոնի ստեղծմանը, այն կոչվեց Համազգային: Եվ լավ է, որ հետագայում պետական դառնալուց հետո էլ «համազգային» անվանումը պահպանվեց և դրանով իսկ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը մնաց այս թատրոնի հավերժ բարեկամը: Սա է թատրոնի անվան պատմությունը:

- Լինելով Համազգային թատրոնի և՛ գեղարվեստական ղեկավարը, և՛ տնօրենը, ինչպե՞ս եք կարողանում զուգահեռել այդ երկու տարբեր պաշտոնները:

- Լինելով ստեղծագործող անհատ՝ ինձ ավելի լավ եմ զգում բեմում, բայց ինչպես երկար տարիներ կինոաշխարհում զբաղվել եմ պրոդյուսերությամբ, այնպես էլ այստեղ զերծ չմնացի այդ գործունեությունից: Սակայն ասեմ՝ այդ երկուսի համադրումը հանգեցնում է մի շատ հետաքրքիր կետի: Տնօրենի առաքելությունը, ի վերջո, իր «տնտեսության» կառավարումն է, տնտեսություն, որ պետք է ունենա հանդիսատես, որի նախասիրությունները պիտի հաշվի առնել որևէ ներկայացում բեմադրելուց առաջ: Բայց չպիտի մոռանալ, որ արվեստը էլիտար երևույթ է: Այսօր ես փորձում եմ գտնել միջինը՝ չդավաճանելով իմ ստեղծագործական նախասիրություններին և միաժամանակ կատարելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի պարտականությունները: Պիտի ասեմ՝ նշանակվելու օրվանից առ այսօր ինչ խնդիրներ դրել եմ, կարողացել եմ հաղթահարել: Նպատակ ունեի 2018-ին ունենալ 3-4 նոր որակյալ ներկայացում: Միայն «Սանտա Կրուսի» ընդամենը ութ ներկայացումների շնորհիվ կարողացանք երկրորդ նոր բեմադրությունն էլ անել: Գուցե դրանք մեծ գումարներ չեն, բայց գոնե կարողանում եմ ինքնուրույն հոգալ թատրոնի որոշ հոգսեր: Ամենամեծ դժվարությունը դերասանների ցածր վարձատրությունն է, որից էլ ծնվում են շատ խնդիրներ, որովհետև, ի վերջո, արվեստագետը պետք է լավ ապրի: Եթե այսօր դերասանը վարձատրվում է 55 հազար դրամ, նրան հասկանալ է պետք, որովհետև նա ընտանիք պահելու խնդիր ունի: Նրանք աշխատում են 4-5 տեղ: Սա մի թեմա է, որով պիտի զբաղվի պետական լիազոր մարմինը:

- Այսօր ժամանակակից կյանքը որքանո՞վ է արտացոլվում Ձեր թատրոնում: Եվ մանավանդ վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն անդրադարձ կունենա՞ն Համազգայինում:

- Թե՛ թատրոնը, թե՛ բոլոր լուրջ արվեստները, ի վերջո, հավերժության մասին պետք է խոսեն: Ունենք թատրոններ, որոնք խոսում են մեր ժամանակների մասին, ծիծաղեցնում են և տուն ճանապարհում: Բայց պիտի հասկանալ, որ կյանք ասվածը միայն կենցաղային հոգսերը չեն. կա մի բան, որ զուտ հոգին կրթելու, լույսով պատելու համար է: Եվ միայն բարձրագույն արվեստն է հանդիսատեսին ստիպում գտնել անծանոթը: Որևէ երևույթի ճիշտ գնահատականը տալու համար պետք է ժամանակ անցնի: Ամեն դեպքում հեղափոխությունը պիտի մարդկանց հոգիներում լինի, որ կարողանանք պահպանել ձեռք բերածը:

- Ո՞րն է հանդիսատեսին թատրոն բերելու ամենամեծ գաղտնիքը:

- Թատրոնը կենդանի օրգանիզմ է և մարդու օրգանիզմի նման կարող է և՛ հիվանդանալ, և՛ ապաքինվել, ինչը նորմալ է: Հիշում եմ Ինոկենտի Սմակտունովսկու վերջին հարցազրույցներից մեկը: Այն հարցին, թե ինչ ֆիլմեր է սիրում, նա պատասխանում է շատ պարզ՝ լավ ֆիլմեր: Եվ դրանով ամեն ինչ ասված է: Հանդիսատեսն այսօր որակի կարիք ունի. լավ ներկայացում արեցիր՝ նա կգա: Սեպտեմբերի 15-ին մեր 27-րդ թատերաշրջանը կբացվի «Սանտա Կրուս» ներկայացումով: Հուսով ենք՝ ներկա կլինի նաև երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, համենայն դեպս` ցանկություն է հայտնել:

- Համազգային թատրոնն այսօր քանի՞ ներկայացում ունի, և նոր թատերաշրջանում ի՞նչ առաջնախաղեր կլինեն:

- 27-րդ թատերաշրջանը կբացենք 17 ներկայացումով: Գարնանը հանդիսատեսի դատին հանձնեցինք Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուս» ներկայացումը՝ իմ բեմադրությամբ: Իսկ հուլիսի 19-ին և 20-ին ունեցանք ևս մեկ առաջնախաղ՝ իմ և Գուրգեն Խանջյանի հեղինակած «Ձայն Լռության» պիեսի հիման վրա, որը բեմադրեց Դավիթ Հակոբյանը: Ինձ հետաքրքիր էր մեկ ուրիշ բեմադրիչի ձեռագիրը: Այդ օրերին բազում կարծիքներ լսեցինք, բայց ամենահրաշալի կարծիքը մեր մտավորականներից մեկն արտահայտեց. «Ուրախ եմ, որ մեր բեմում կա մարդուն մարդ պահող այս ներկայացումը»: «Ձայն Լռության կամ 6-րդ պատվիրանը» պիեսը տարիներ առաջ բեմադրել էի Դրամատիկական թատրոնում, որտեղ այն երեք տարի շարունակ լեփ-լեցուն դահլիճներով շատ աշխույժ կյանք ունեցավ: Այնուհետև նկարահանեցի ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն ունեցավ աշխարհի տարբեր կինոթատրոններում: Եվ հիմա պիեսը իր երրորդ կյանքն է ստանում Համազգայինի բեմում:

Սեպտեմբերին ես սկսում եմ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո» հայտնի պիեսի բեմադրությունը շատ շնորհալի դերասանական կազմով, որին կմիանան նաև ուսանողներս: Արդեն դրանից հետո մեծ փափագով հանդիսատեսի դատին կհանձնենք «Համլետ» ներկայացումը: Դա տեխնիկապես կհամարվի ներկայացման վերականգնում, բայց իրականում նոր ներկայացում է, որովհետև թարմ կազմ է լինելու:

Ահավասիկ ներկա պահին մեր աշխատանքի զարկերակը:

- Ի՞նչ բնութագրիչ հատկանիշներ ունեն ժամանակակից դերասանները:

- Մեր թատրոնի դերասանական կազմը մեծ չէ՝ ընդամենը 19 հոգի, բոլորն էլ այս թատրոնի նվիրյալներն են: Իրականում դերասանները «երեխաներ» են, որոնց ներդաշնակության բերելու խնդիրը բարդ է, որովհետև բոլոր դերասանների մեջ կա այն էգոն, որը և՛ շարժիչ ուժ է, և՛ կործանարար: Դեռ չգիտեմ մի դերասանի, որն ասի՝ ես անշնորհք եմ: Որևէ դերասան իրեն մասովկայի կամ էպիզոդի դերասան չի զգում, և դա նաև ազգային բնավորություն է, որովհետև ինչքան հայ ունենք, այնքան՝ վարչապետ ու նախագահ, այնքան՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն: Բայց ես հեշտ եմ աշխատում դերասանների հետ, որովհետև ինքս էլ այդ մասնագիտությունով անցած մարդ եմ: Ինձ համար չկան անշնորհք դերասաններ, կան դերասաններին քիչ սիրող բեմադրիչներ: Դերասաններին պիտի շատ սիրես, որից, իհարկե, նրանք երես են առնում, բայց երես առնելուց առաջ թևեր են առնում: Իհարկե, կան դերասաններ՝ դիպլոմով, կան դերասաններ՝ Աստծուց: Պետք է շատ սիրես և թույլ տաս, որ նրանք թագավորեն: Այդ պարագայում տեղի է ունենում հրաշք. այդ վստահությունից և այդ սիրուց դերասանը հանկարծ բացում է իր գաղտնարանի բանալին և այնպես է դրսևորվում, որ մնում ես զարմացած: Ես դա կինոյում էլ եմ տեսել, թատրոնում էլ: Օրինակ՝ «Ձայն Լռության կամ 6-րդ պատվիրանը» բեմադրելիս բոլորն ինձ թերահավատությամբ էին նայում, երբ բոլորովին նոր երիտասարդ դերասանուհու ընդունեցի թատրոն Այծեմնիկի դերի համար, այնինչ ստացանք հետաքրքիր և գունեղ դերակատարում: Դրամատիկական թատրոնի բեմում այդ կերպարը կերտել էր Լուիզա Ղամբարյանը, իսկ կինոյում՝ Մարիամ Դավթյանը: Գուրգեն Խանջյանի դիտարկմամբ՝ երեքն էլ ինքնատիպ են և համեմատության եզրեր չունեն:

- Հաճախո՞ւմ եք այլ թատրոններ՝ հասկանալու համար մեր քաղաքի թատերական դիմագիծը:

- Շատ հրավերներ են լինում, ու եթե ազատ ժամանակ եմ ունենում, անպայման հաճախում եմ և հաճույքով: Հետաքրքիր ներկայացումներ տեսել եմ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, Վահան Բադալյանի Փոքր թատրոնում: Սրանք դիմագիծ ունեցող թատրոններ են, և հետաքրքիր է հետևել նրանց աճին ու ընթացքին: Ցավոք, իմ երիտասարդության տարիներին ունեինք թատրոններ՝ շատ ընդգծված դեմքով, բայց այս շուկայական հարաբերություններում աստիճանաբար կորցրին իրենց դիմագիծը, իսկ թատրոնի առաջնահերթ խնդիրը դեմք ձևավորելն է ու այն պահպանելը:

- Ի՞նչպես կամփոփեք զրույցը:

- 27 տարի Համազգայինը գոյատևել է տնվորի կարգավիճակում: Բարեբախտաբար Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ մշտապես կարողացել ենք պահպանել բարիդրացիական հարաբերություններ՝ մնալով նույն շենքում: Մեր ամենակարևոր ձեռքբերումը ապագայի հանդեպ վստահություն ունենալն է: Տեսնում ենք Համազգային թատրոնի լուսաբացն ու նրա առաքելությունը մեր քաղաքում...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: