Հայերեն   English   Русский  

​Ռուսները ջղաձգվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումից


  
դիտումներ: 2730

Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք ներկայացվեց և կալանքի որոշում կայացվեց դատարանով, հայկական միջավայրում քիչ չէին փորձագետները,

վերլուծաբանները կամ պարզապես մտահոգ մարդիկ, որոնք նշում էին, որ սա էականորեն կարող է վատ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, այս հարցում պետք էր շատ զգույշ լինել:

Բայց իրադարձությունները զարգացան, ինչպես զարգացան ու ստեղծվեց մի իրավիճակ, որը միանգամից հայտնվեց ռուսական լրատվամիջոցների, վերլուծական ու պաշտոնական շրջանակների ուշադրության կիզակետում: Ընդ որում, անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստն այնպիսի ջղաձգումներ չառաջացրեց Ռուսաստանում, ինչպես Խաչատուրովինը:

Մի փոքրիկ «շրջայց» կատարեցինք ռուսական մեդիայով հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում ռուսական լրատվա-վերլուծական շրջանակներում: «Անկախն» առանձնացրել է դրանցից մի քանիսը:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» մի անգամ գրեց, որ Փաշինյանը գլխատեց ՀԱՊԿ-ն, և այս դատական գործի ընթացքն անվանեց «դարի դատավարություն»: Այնուհետև պարբերականը մեկ այլ՝ «Ռուսաստանում հայտնվել են Հայաստանի նկատմամբ առաջին քաղաքական պահանջները» վերնագրով հրապարակման մեջ գրում էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է նախորդներին չհետապնդելու խոստումը խախտելու մեջ:

Իհարկե, մինչ այդ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հրապարակեց ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրների մեկնաբանությունները Խաչատուրովի կալանավորման վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է փոխել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, պրոֆեսիոնալ չէ, Հայաստանն ինքնուրույն պետք է սկսի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթաց:

Հուլիսի 28-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Հայաստանի գործողությունները բխում են ՀԱՊԿ-ի ամրապնդման տրամաբանությունից և Հայաստանը մտադիր չէ քայլեր ձեռնարկել, որոնք կարող են բացասական ազդել կազմակերպության վարկանիշի վրա։ Հայաստանն էլ հետաքրքված է, որ ՀԱՊԿ-ն շարունակի իր բնականոն աշխատանքը, բայց Ռուսաստանում փոքր-ինչ այլ կարծիքի են: Մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի վերջո խախտեց լռությունն ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության խոստումներին իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին:

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է: Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը»,- ավելացրել է նախարարը:- Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»: Լավրովի խոսքով՝ Մոսկվայում մայիսին՝ Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ, մեծ գոհունակությամբ նշում էին, որ ճգնաժամի լուծումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց:

«Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը՝ բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը: Սակայն վերջին օրերի իրադարձություններն ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Շարունակենք. «Սվոբոդնայա պրեսսան» (svpressa.ru) հրապարակեց «Հայաստանը Մոսկվային ռազմական մարտահրավեր է նետել» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակ Սվետլանա Գոմզիկովան նշում է, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին քրեական հետապնդման ենթարկելու ֆոնին ավելի տեսանելի է դառնում Երևանի խուսավարումը դեպի ՆԱՏՕ»: Այնուհետև հոդվածում հեղինակը ներկայացնում է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսևի հետ զրույցը, որտեղ վերջինս նշում է՝ ոչ ոք չի առարկում, որ Նիկոլ Փաշինյանը կարգուկանոն հաստատելու փորձեր անի, բայց ամեն ինչ պետք է կատարվի օրենքի շրջանակներում, և շարունակում է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորմանը, դա պարզապես նոնսենս է: Որովհետև եթե, օրինակ, նրա նկատմամբ ինչ-որ պահանջներ կային, ապա դրանք պետք էր համաձայնացնել գոնե Ռուսաստանի Դաշնության հետ: Իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե որքանով են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացված մեղադրանքները հիմնավոր: Իրադրության զարգացումներն ընթանում են սկանդալային սցենարով»:

Խաչատուրովի կալանքին ակնհայտ բացասական վերաբերմունքով հոդված է հրապարակել նաև «Վեդոմոստին»: Սա էլ «Հայկական հեղափոխությունը կարող է ՀԱՊԿ-ին զրկել գլխավոր քարտուղարից» վերնագրով հոդվածում գրում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը, անկասկած, հայ-ռուսական հարաբերություններում կհանգեցնի վստահության նվազման:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն էլ ներկայացրել է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինի մեկնաբանությունը, որում վերլուծաբանը շեշտում է, որ Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը Հայաստանի ներքին քաղաքական պայքարի հետևանք է, այնուհետև նշում է, որ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը ժամանակ է պահանջում և մի կողմից՝ լավագույն ձևով չի անդրադառնա ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության վրա, մյուս կողմից՝ ամբողջ կառույցի վրա:

«Քանի որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև բավական բարդ հարաբերություններ են, այստեղ նույնպես առկա են որոշակի կոնֆլիկտային գոտիներ»,- նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայումս որդեգրված պահվածքը բավականաչափ ռադիկալ է:

Ռուսալեզու մեկ այլ՝ news-front.info կայքն էլ հրապարակել է «Ի հեճուկս Ռուսաստանի. Հայաստանը պահանջում է փոխարինել ՀԱՊԿ ղեկավարին» վերնագրով հոդվածը, որում գրում է, թե ինչ էլ ասի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ սերտ համագործակցության մասին, նրա գործողությունները հակառակի մասին են խոսում:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, որը հետխորհրդային տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի յուրօրինակ հակակշիռն էր դարձել, ապա Հայաստանն իր գործողություններով բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի դեմ, որի համար կառույցը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է,- նշվում է հրապարակման մեջ:- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության արդյունքն է:

Ռուս քաղաքագետները արձանագրում են՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ Հայաստանում իշխանության է եկել հակառուս քաղաքական գործիչ:

Մեկ այլ ուշագրավ հրապարակման էլ հանդիպեցինք «Ռամբլեր նյուս» հարթակում, որտեղ էլ ՄՊՄԻ քաղաքականության և պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Շապովալովը նշում է, որ Խաչատուրովի կալանավորումը Հայաստանի ներքին գործն է, բայց այդ իրադարձությունը Մոսկվայում անհանգստություն ու մտավախություններ է առաջացրել: «Դա կարող է ամբողջ շարք բացասական հետևանքներ ունենալ: Բավական է ասել, որ Հայաստանի համար դեռ Լեռնային Ղարաբաղի հարցով գոյություն ունի Ադրբեջանի հետ հայտնի կոնֆլիկտը, ուստի անկայունությունը Երևանում սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»,- նշում է Շապովալովը:

Ամփոփելով նշենք, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Խաչատուրովի կալանավորման մասին լուրերը, ռեպորտաժները կայծակնային արագությամբ տարածվեցին ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Բոլորը վերհիշեցին 2008 թվականի իրադարձությունները: Ու դրանից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման կապակցությամբ սկիզբ առան բազմաթիվ ու տարաբնույթ վերլուծականներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ, հիմնականում՝ բացասական շեշտադրությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: