Հայերեն   English   Русский  

​Հերպեսի ոչ սովորական արտահայտություններ


  
դիտումներ: 1724

Սովորաբար «հերպեսը» մեր պատկերացմամբ շուրթերին դուրս եկած «մրսածության» հետքն է: Իրականում հերպեսի վարակները շատ բազմազան են: Մասնագիտական գրականությունում հերպեսի վարակի ավելի քան 25 տեսակ է նկարագրվում, որոնցից մի քանիսն ավելի հաճախ են հանդիպում:

Հասարակ հերպեսի 1-ին տիպի վարակ

Սա «ամենադասական» հերպեսն է, որը հաճախ շուրթերին է դուրս գալիս: Այդ վարակը երկար ժամանակ կարող է օրգանիզմում բնակվել առանց «իմաց տալու», առանց որևիցե ախտանշանի: Սակայն իմունիտետի ընդհանուր թուլացման պարագայում, ասենք՝ մրսածության կամ քրոնիկ սթրեսի դեպքում այն արտահայտվում է ծանոթ բշտերի տեսքով: Հերպեսը կարող է դուրս գալ բերանում կամ շուրթերի ներսի կողմից, դա այլ կերպ անվանում են հերպեսային ստոմատիտ:

Ընդհանրապես առաջին տիպի հերպեսը փոխանցվում է բերանից` համբույրի ժամանակ, ընդհանուր սրբիչից կամ սպասքից: Սակայն հնարավոր է վարակվել նաև մեկից, ում մոտ հերպեսի ախտանշանները կարծես թե բացակայում են, բայց նա իրականում վարակակիր է: Հերպեսը հատկապես վարակիչ է սրացման փուլում, այսինքն` արտահայտված ցանի ժամանակ:

Մարդկանց մեծամասնությունը վարակվում է հերպեսով դեռևս մանուկ հասակում, իսկ 50 տարեկանում մարդկանց 67%-ը ողջ աշխարհում հերպեսի 1-ին տիպի վարակակիր է: Դեռևս չկա հերպեսից լիարժեք ապաքինման միջոց. վիրուսները տեղավորվում են հերպեսի վարակակրի ԴՆԹ-ում ու այնտեղ մնում ընդմիշտ:

Դեղամիջոցներ կան, որոնք կանխում են ցանի առաջացումը. դրանք պետք է կիրառել, երբ ծակծկոց, այրոց կամ էլ քոր է առաջանում շուրթերի շուրջ:

2-րդ տիպի հերպես (սեռական օրգանների)

Սա ևս հերպեսի տարատեսակ է ու ինչպես անվանումն է հուշում, ախտահարում է սեռական օրգաններն ու հիմնականում սեռական ճանապարհով է փոխանցվում: ԱՀԿ-ի գնահատականի համաձայն՝ ողջ աշխարհում այս վիրուսով է տառապում մարդկանց 6%-ը կամ 267 մլն կին ու 150 մլն տղամարդ:

Սեռական օրգանների հերպեսն էլ հաճախ անախտանիշ է ընթանում, ու վարակակիրների մեծ մասն անգամ չի էլ ենթադրում վարակի առկայության մասին:

Եթե հերպեսի այս տեսակն այնուամենայնիվ ախտանշաններ է ունենում, ապա դրանք խոցերի ու ցանի տեսքով դուրս են գալիս հիշյալ օրգանների վրա կամ էլ հետանցքի մոտ: Երբ այդ ախտանշաններն առաջին անգամ են ի հայտ գալիս, դրա հետ կարող են ջերմություն, մարմնի կոտրտվելու զգացում ու ավշային հանգույցների այտուց նկատվել: Հերպեսի այս տեսակով վարակվելու հավանականությունը կարելի է նվազեցնել պահպանակների կիրառմամբ, սակայն, ցավոք, դրանք 100-տոկոսանոց երաշխիք չեն տալիս, քանի որ ցանը կարող է նաև տեղակայված լինել այն հատվածներում, որոնք անհնար է պաշտպանել:

Գոտևորող որքին ու ջրծաղիկ

Այո,այո, այս հիվանդությունները պատահական չեն հայտնվել հերպեսների շարքում. դրանք Վարիցելա-Զոստեր հերպեսավիրուսի «ծաղիկներն են» կամ 3-րդ տիպի հերպեսի: Մարդկության մեծամասնությունն այս վիրուսի հետ բախվում է մինչև 10 տարեկանը: Ջրծաղիկը, օրինակ, մանկական հիվանդություն է համարվում: Ջրծաղիկը ծայրահեղ վարակիչ հիվանդություն է, որի դեպքում երեխայի ջերմությունն է բարձրանում, ու ամբողջ մարմնով մեկ բշտեր են դուրս տալիս, որոնք ահավոր քորով են ուղեկցվում: Այս վարակը փոխանցվում է օդակաթիլային եղանակով, հիվանդի հետ շփվելու, նրա իրերն օգտագործելու պատճառով: Հիվանդությունն ինքնիրեն անցնում է 7-10 օրում, պետք է պարզապես փորձել ախտանշանները մեղմել, ջերմության դեմ` ջերմիջեցնողով, քորի դեմ` հակահիստամինային միջոցով:

Գոտևորող որքին: Այն մեծահասակները, ովքեր մանուկ հասակում հիվանդացել են ջրծաղիկով, գտնվում են Վարիցելա-Զոստերի վարակի քնած ռեժիմում, որը ցանկացած պահի կարող է ակտիվանալ ու ցավոտ ցանով պատել ամբողջ մարմինը` գոտևորելով: Այս վարակը բնակվում է նյարդաբջիջներում ու դրա պատճառով էլ ցանը ոչ միայն քորով է ուղեկցվում, այլև ցավով: Նույնիսկ այն դեպքում, երբ ցանն անհետանում է, մնում է քրոնիկ ցավը, հետհերպեսային նևրալգիան:

4-րդ տիպի հերպեսավիրուսն ունի անուն` Էպշտեյն Բար, որը վարակիչ մոնոնուկլեոզ է առաջացնում: Այն հիմնականում փոխանցվում է թքի միջոցով ու հենց դրա պատճառով էլ այն այլ կերպ անվանում են «համբույրի հիվանդություն»: Հիմնականում դրանով վարակվում են դեռահասության տարիքում: Այս վարակը միշտ չէ, որ հանգեցնում է մոնոնուկլեոզի զարգացման, երեխաներից շատերի մոտ այն անախտանիշ է ընթանում, կամ էլ դրանք լինում են ոչ հստակ, նման մանկական տարբեր հիվանդությունների` թուլություն, կոկորդացավ, թեթևակի ջերմություն, հետո վարակն ասես «սսկվում» է, ու մարդը դառնում է վարակակիր:

Դեռահասների ու մեծահասակների մոտ առաջին վարակման ընթացքը ծանր է. նրանց մոտ նաև պարանոցի ավշահանգույցների, լյարդի ու փայծաղի ցավ է լինում: Տկարությունը կարող է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս տևել:

Հիվանդները պետք է հանգիստ վիճակում լինեն, 1-2 ամիս խուսափեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (փայծաղի պատռման վտանգ կա), մեծ քանակությամբ հեղուկ խմեն: Մի քանի շաբաթից այն ինքիրեն կանցնի:

Ցավոք, այս վարակից պաշտպանվելն անհնար է, վարակիչ կարող են լինել նաև մարդիկ, որոնց մոտ անգամ ախտանշաններ չկան: Կանխարգելման նկատառումներով չի կարելի ուրիշի ատամների խոզանակից, սպասքից կամ սրբիչից օգտվել: Երբեմն թուլացած իմունիտետի պատճառով վարակը կարող է «վերագործարկվել»:

Ցիտոմեգալավարակ

Սա նույնպես հերպեսների ընտանիքի վարակ է, որը շատերի օրգանիզմում է բնակություն հաստատում: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 3-րդ երեխա ցիտոմեգալավարակակիր է, կամ արդեն 40 տարեկանում ամերիկացիների կեսից ավելին ցիտոմեգալավարակակիր է: Հերպեսի այս տեսակը` 5-րդ տիպը, սովորաբար անախտանիշ է: Երբեմն բարձրանում է ջերմությունը, թուլություն է առաջանում, կոկորդացավ ու նշիկներն են մեծանում, հազվադեպ այն ևս կարող է մոնոնուկլեոզ առաջացնել: Անցնում է առանց բուժման, իսկ թույլ իմունիտետի պարագայում վարակը վերանորոգվում է:

Հետաքրքիր փաստեր

Յուրաքանչյուր 7-րդ մարդը վարակված է սեռական օրգանների հերպեսով: Նման վիճակագրություն կա ԱՄՆ-ում ու Եվրամիության երկրներում, որտեղ հերպեսի այս տեսակի հետազոտություններ արվում են կանոնավոր կերպով:

Հերպեսը կարող է ընթանալ առանց արտաքին ախտանշանների: Ու դա ևս մի պատճառ է, որ վարակակիրների չնչին տոկոսն է տեղեկանում խնդրի մասին: Սեռական օրգանների հերպեսի դեպքում, ինչպես վերն ասվեց, ընդհանրապես ախտանշաններ կարող են չլինել, բայց մարդը վարակակիր կարող է լինել: Վիրուսը կարող է փոխանցվել և ավելի ու ավելի շատ մարդկանց վարակման պատճառ դառնալ հիվանդության անախտանիշ ընթացքի պատճառով:

2-րդ տիպի հերպեսի ռիսկի խմբում 18-39 տարեկան կանայք են:

Հերպեսը կարող է կուրացման պատճառ դառնալ

Ցավոք այդպես է: Զարգացած երկրներում հենց հերպեսն է տեսողական օրգանների պաթոլոգիաների շարքում ամենահաճախ հանդիպող պատճառը: Այն սկսվում է աչքի լորձաթաղանթի կարմրությամբ ու գրգռվածությամբ, ինչը ժամանակի ընթացքում, մասնագիտական բուժօգնության չդիմելու պատճառով, հանգեցնում է տխուր հետևանքի: Կերատիտների բոլոր դեպքերի կեսի պարագայում ցանցաթաղանթային կուրությունը հերպեսի հետևանք է:

Սեռական օրգանների հերպեսը հայտնի է դեռևս Լյուդովիկոս IV-ի ժամանակներից: Առաջին անգամ հիվանդության կլինիկական պատկերը նկարագրել է թագավորի անձնական բժիշկը: Դրանով, ի դեպ, տառապում էր ամբողջ թիկնազորը, բոլոր պալատականները: Արդեն այն տարիներին «թագավորների հիվանդությունն» ախտորոշվում էր արտաքին նշանների շնորհիվ, սակայն արդյունավետ բուժում գոյություն չուներ:

Հերպեսի վիրուսը նյարդային համակարգում է բնակվում

Շատերը կարծում են, թե վարակը գտնվում է շուրթերին` բշտերի մեջ, ու փորձում են դրանք վերացնելով` պայքարել հիվանդության դեմ: Սակայն դա սխալ մոտեցում է: Տվյալ մեթոդը պետք է զուգորդվի հակավիրուսային դեղամիջոցների կիրառման հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: