Հայերեն   English   Русский  

​Մեդալաբեր Եվրոպայի առաջնություն` առանց ուղեգրի


  
դիտումներ: 2490

Հուլիսի 22-29-ը Միլանում կայացավ մինչև 15 և մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին հայ մարզիկները մասնակցեցին տղաների պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դավթյանի, նրա օգնական Երվանդ Կիրակոսյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

Մինչև 17 տարեկանների մարզուհիների պայքարում խաղարկվում էր նաև հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերի ուղեգիր: Դրա համար թիմային պայքարում հարկավոր էր 1-4-րդ տեղերը զբաղեցնել և մեկ օլիմպիական ուղեգիր նվաճել: Կարևոր էին առանձին մարզուհիների վաստակած հաշվարկային միավորները, որոնք շնորհվում էին 1-25-րդ տեղերը գրաված ծանրորդուհիներին:

Մինչև 17 տարեկանների 69 կգ քաշային կարգի մրցանակային եռյակում ընդգրկվեց երկու հայուհի: Երկու վարժությունում էլ մրցակցությունից դուրս էր Լիանա Գյուրջյանը, որը 193 կգ արդյունքով հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Բրոնզե մեդալակիր դարձավ Միլենա Խաչատրյանը, որի արդյունքը հանրագումարում կազմեց 175 կգ: Տարիքային այս խմբում հանդես եկած մեր մյուս մարզուհիներին՝ Տանզելա Գրիգորյանին (53 կգ քաշային կարգ), Էլեն Հարությունյանին (63 կգ), Լուիզա Սահրադյանին(75 կգ) չհաջողվեց մեդալ նվաճել:

Նման արդյունքներով Հայաստանը հավանաբար ներկայացված չի լինի պատանեկան օլիմպիական խաղերի աղջիկների ծանրամարտի մրցաշարում: Մեր մարզուհիները մրցավայր էին մեկնել ամենից առաջ Միլանում խաղարկված 4 ուղեգրերից մեկը նվաճելու առաջադրանքով: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկում ընդգրկվել այն չորս հավաքականների շարքում, որոնք ժամանել էին համանման նպատակով: Սակայն Հայաստանը 110 վարկանիշային միավորով հաստատվեց միայն 5-րդ տեղում՝ առաջ թողնելով Բուլղարիայի (157), Լեհաստանի (153), Իսպանիայի (128) և Հունգարիայի (126) հավաքականներին:

Հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանը, մեկնաբանելով այս հարցը, ասաց, որ պատանեկան օլիմպիական խաղերի մեկ վարկանիշի ճակատագիրը դեռ վերջնականապես որոշված չէ: Նրա հաղորդմամբ՝ ուղեգիր ավելի վաղ նվաճած երկրներ կան, սակայն նրանք դոպինգի պատճառով որակազրկվել են ու չէին մասնակցում: Այնպես որ հնարավոր է՝ այդ ուղեգիրը մեր ֆեդերացիային հատկացվի:

Մինչև 15 տարեկանների առաջնությունում աղջիկների ստուգատեսի մեր միակ մասնակից Մարգարիտա Առաքելյանը լավագույնն էր 75 կգ քաշային կարգում: Նկատենք, որ այս քաշային կարգում նախապես հայտավորվել էր մասնակցելու 3 մարզուհի, սակայն Ուկրաինայի պատվիրակ Անաստասիա Ստեպանյուկը, որի երկամարտի նախնական պատվերը 10 կգ-ով ավելի էր Առաքելյանից, մրցասպարեզ դուրս չեկավ:

Մինչև 17 տարեկանների տղաների պայքարում գերազանց հանդես եկավ և Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի պատիվը բարձր պահեց 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը (անձական մարզիչ` Ֆելիքս Ալիև): Նա վստահորեն նվաճեց երեք ոսկե մեդալ՝ մրցանակային 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած վրացի ծանրորդներ Լոմիա Տեբիձեին և Էդուարդ Կակաբաձեին երկամարտում գերազանցելով համապատասխանաբար 9 կգ-ով և 25 կգ-ով: Հավաքականի մյուս տղաներին այս տարիքային խմբում մրցանակային տեղեր զբաղեցնել չհաջողվեց: Նույն՝ 77 կգ քաշային կարգում Գևորգ Ղահրամանյանը մրցելույթներն ավարտեց 6-րդ հորիզոնականում: 50 կգ քաշային կարգում Անդրանիկ Պապեյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Գոռ Գալստյանը (62 կգ) 19 մարզիկների պայքարում 10-րդն էր, իսկ Պողոս Խարբությանը (94 կգ) 10 ծանրորդների մեջ 7-րդն էր: Հմայակ Միսակյանը (69 կգ) և Տիգրան Ամիրյանը (85 կգ) հաշվարկային տեղ չգրավեցին: Թիմային հաշվարկում պատանիների հավաքականը 319 միավորով եզրափակեց 26 երկրների ընտրանիների առաջին տասնյակը:

Մինչև 15 տարեկանների տղաների առաջնությունում վստահ հանդես եկան և հաղթողի կոչումը նվաճեցին Հարություն Գրիգորյանը (77 կգ), Գարիկ Կարապետյանը (85 կգ) և Գոռ Սահակյանը (50 կգ):

85 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Գարիկ Կարապետյանի հաղթանակը հետաքրքիր նախապատմություն ունի: 12 տարի առաջ նա արդեն կանգնել էր պատվո հարթակի առաջին աստիճանին և իր կրծքին կրել ոսկե մեդալը: 3 տարեկան Գարիկին նման պատվի արժանացրել էր հայրը՝ անվանի ծանրորդ Ալեքսան Կարապետյանը:

Տղաների թիմային պայքարում Հայաստանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մեդալների քանակով (8 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե) մեր հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը՝ իրենից հետ թողնելով Ադրբեջանին և Թուրքիային:

Տղաների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դավթյանը, ամփոփելով առաջնության արդյունքները, դրական գնահատեց տղաների ելույթները՝ նշելով, որ հավաքականը կարող էր ավելի շատ մեդալներ նվաճել, եթե մեր մարզիկներից մի քանիսին կաշկանդվածությունն ու լարվածությունը չխանգարեին: Գևորգ Դավթյանն ասաց, որ Ժորա Սարգսյանն ու Անդրանիկ Պապիկյանն առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի ու շատ հուզված էին, այլապես նրանք էլ կարող էին պայքարել մեդալների համար:

Մինչև 15 և մինչև 17 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: