Հայերեն   English   Русский  

​Աթլետները նախապատրաստվում են


  
դիտումներ: 1560

Բեռլինում օգոստոսի 7-12-ը 50 երկրների 1500 աթլետների մասնակցությամբ կայանալու է մեծահասակների աթլետիկայի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու պատվին արժանացել են Հայաստանի առաջատար և ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ ունեցող 23-ամյա կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանն ու 22-ամյա գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Լևոն Աղասյանը (անձնական մարզիչ Արսեն Պետրոսյան) մայիսին Հայաստանի առաջնությունում արձանագրած 16 մ 65 սմ ցուցանիշով ոչ միայն հերթական անգամ հռչակվեց չեմպիոն, այլև կատարեց մեծահասակների աթլետիկայի 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նորմատիվը (16 մ 60 սմ) և այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք նվաճեց: Այնուհետև Լևոնը մի քանի մրցաշարում հաստատեց իր բարձր կարգն ու մրցանակային տեղեր գրավեց:

Գրիգոր Բարսեղյանի սան Երվանդ Մկրտչյանը վերջերս Բուլղարիայում Բալկանյան երկրների 71-րդ առաջնությունում 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Մաթև Կենտրովի արդյունքը գերազանցեց ու 1500 մ վազքի մրցումում արծաթե մեդալ նվաճեց: Հայ մարզիկը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ մի շարք մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցելու շնորհիվ: Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիան հաշվի առավ երիտասարդ վազորդի ձեռքբերումներն ու ընդառաջեց նրան:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնեց, որ բեռլինյան եվրոպական պատասխանատու ստուգատեսին լավագույն պայմաններում նախապատրաստվելու նպատակով, աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անմիջական միջամտությայամբ, Աղասյանն ու Մկրտչյանն իրենց անձնական մարզիչների հետ և Էմմիյանի ղեկավարությամբ հուլիսի 25-ից օգոստոսի 5-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Ֆրանսիայի Մարսել քաղաքում:

Լևոնն ու Երվանդը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և Աղասյանի անձնական մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ օգոստոսի 6-ին Մարսելից կուղևորվեն Եվրոպայի առաջնության մրցավայր` Բեռլին:

Ըստ ստուգատեսի ժամանակացույցի՝ օգոստոսի 7-ին Երվանդ Մկրտչյանը կմասնակցի 3000 մ խոչընդոտավազքի որակավորման մրցմանը, իսկ օգտոստոսի 10-ին Լևոն Աղասյանը՝ եռացատկի որակավորման մրցմանը:

Եթե մեր աթլետներին հաջողվի հաղթահարել որակավորման փուլի արգելքը, նրան հանդես կգան եզրափակիչ մրցումներում օգոստոսի 9-ին և 12-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: