Հայերեն   English   Русский  

​Բռնագրավե´լ. Պետրոսյանի միլիարդները ռուսաստանցիներին հանգիստ չեն տալիս


  
դիտումներ: 2711

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի և նրա կնոջ ու գործընկեր Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին լուրն ամենքննարկվողներից է այս օրերին: Եվ հանրությանը հետաքրքրում է ոչ թե երևույթի հոգեբանական, այլ նյութական կողմը: Չէ՞ որ խաղասեղանին ահռելի գումար է դրված:

Ըստ որոշ տվյալների՝ խոսքը մեկուկես միլիարդ ռուբլու մասին է, որը ամենայն հավանականությամբ դժվար կլինի բաժանել երկու կողմերի միջև: Ինչպես տեղեկացրել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը, Եվգենի Վագանովիչը պատրաստ է ամուսնության ընթացքում կուտակած ունեցվածքը հավասար կիսել, ինչպես արվում է սովորաբար օրենքով, սակայն Ելենա Ստեպանենկոն համաձայն չէ դրան և կարծում է, որ իրեն պետք է մնա մեծ մասը:

Այս իրավիճակը, պարզվում է, հունից հանել է ոչ միայն Պետրոսյանին: Բնակչության մի մասը, աշխատելով հանքահորերում, շինարարությունում, հիվանդանոցներում և այլուր հազիվ է ծայրը ծայրին հասցնում՝ ապրելով աշխատավարձից աշխատավարձ, կքած վարկերի տակ:Իսկ Պետրոսյանն ու Ստեպանենկոն, խնդրեմ, բեմից կարդում են ուրիշների տեքստերը և միլիարդավոր ռուբլիներ շահում: Տասնյակ շքեղ բնակարաններ ու ամառանոցներ, թանկարժեք ժամացույցներ, շքեղ մեքենաներ, իսկ հարկային ոստիկանությունը , չգիտես ինչու, հարցեր չունի:

Բայց արի ու տես, որ հարցեր ունի «Պետերբուրգի և Լենինգարդյան մարզի կոմունիստներ» հասարակական կազմակերպության ղեկավար և պատգամավոր Սերգեյ Մալինկովիչը: «Մեզ բազմաթիվ մարդիկ են դիմել՝ վրդովված այն ցինիկ պերֆոմանսից, որ սարքեց այդ զույգը ամուսնալուծության գործընթացով,- ասել է խորհրդարանականը:- Նրանց ունեցվածքը միլիարդներով է չափվում, իսկ աշխատավորներն ավելի ու ավելի վատ են ապրում: Բնակարաններ, առանձնատներ, ռանչո, թանկարժեք իրեր: Որտեղի՞ց դերասաններին այդ ամենը: Միլիոնավոր մարդիկ՝ բժիշկ, ուսուցիչ, ինժեներ, աշխատել են ողջ կյանքում և հազիվ մի համեստ բնակարանի գումար են կուտակել»:

Մալինկովիչը կարծում է, որ այդ հարստությունը հումորիստ զույգը հազիվ թե վաստակած լինի ըստ արժանվույն: «Այդ գռեհկությունը կոպեկ չարժի: Պետրոսյանն ու Ստեպանենկոն բազմիցս ելույթ են ունեցել հարուստների, օլիգարխների, կասկածելի հեղինակություն ունեցող պաշտոնյաների մասնավոր երեկույթներում և այդ կերպ կուտակել իրենց հարստությունը»,- ընդգծել է Մալինկովիչը:

Հասարակական կազմակերպությունը պահանջում է այդ հարստությունը, որի շուրջ կռիվը մեծ աղմուկ է հանել, բռնագրավել և տրամադրել ռուսաստանցիների սոցիալական կարիքներին:

Ըստ Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալների՝ ամսական միջին աշխատավարձը երկրում կազմում է 36 հազար ռուբլի: Իսկ Dni.Ru-ն հաշվել է, որ Պետրոսյանի ու Ստեպանենկոյի նման 1.5 միլիարդ ռուբլի կուտակելու համար պետք է աշխատել 3.5 հազար տարի: Այսինքն՝ հարկ էր կուտակել սկսել դեռ փարավոնների ժամանակներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: