Հայերեն   English   Русский  

​Փոխգնդապետն ուզում էր ծննդյան օրը Սևանի ափին նշել


  
դիտումներ: 2241

Մառոզ Ալիկը՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, օգոստոսի 7-ին կդառնար 36 տարեկան: Իր ծննդյան տոնը փոխնգապետը սիրում էր նշել հարազատ մթնոլորտում: Նախորդ օրն էլ մոր տարեդարձն էր, ծնողներն են հիշում, Ալիկը նաև մոր ծննդյան տոնին է յուրովի վերաբերվել:

Վերջին անգամ իր ծննդյան տարեդարձը 2015-ին է տոնել, Կարճաղբյուրում, որտեղ և ծառայում էր:

- Ասում էր՝ ափսոս տեղ չվերցրեցինք՝ Սևանի ափին նշեինք, բայց խոսք եմ տալիս մյուս ծնունդս Սևանի ափին կլինի, - հիշում է փոխգնդապետի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, ապա շարունակում, - բայց հաջորդ ծնունդը եղավ «Շիրակ» պանթեոնում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Մառոզ Ալիկին շնորհավորում են իր հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով և զավակներից Ալիկի կարոտն առնելով:

Ալեքսան Առաքելյան-2

Ալեքսան Առաքելյանը ծնվել է Գյումրիում, սովորել թիվ 9 դպրոցում, ապա ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո ծառայության է անցել պաշտպանական բանակի զորամասերից մեկում: 2014 թ. ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, հետո նշանակվել ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման բաժանմունքի պետ: Վեց ամիս անց կրկին տեղափոխվել է Արցախի պաշտպանության բանակ որպես 9-րդ պաշտպանական շրջանի առաջնային գծով հրամանատարի տեղակալ:

2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ Առաքելյանը մի քանի սպաների հետ օգնության է մեկնել Լյալյա-իլագի (Լելե-թեփե) մարտական դիրքի անձնակազմին: Սակայն բարձունքն արդեն գրավված էր հակառակորդի կողմից, որի մասին փոխգնդապետը տեղյակ չէր: Նրանք հայտնվում են հակառակորդի շրջափակման մեջ, մարտնչում, զինակից բոլոր ընկերները նահատակվում են: Ուսից վիրավոր Առաքելյանը շարունակում է կռիվը մինչև մահացու վիրավորում ստանալը:

Փոխգնդապետի մարմինը հակառակորդը վերադարձրեց 18 ադրբեջանցի զինվորների դիակների դիմաց, դեպքից մոտ 10 օր անց:

Ալեքսան Առաքելյանի դուստրն էլ այսօր մեկ նպատակ ունի. հոր վրեժը հակառակորդից առնելու համար դառնալու է դիպուկահար:

Մարիամ Խալաթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: