Հայերեն   English   Русский  

Կառավարությունը կընդլայնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը


  
դիտումներ: 545

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը սահմանել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները: Արդյունքում՝ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն համապատասխան անձանց դրամական աջակցություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ «Գիտեք, որ ընթացիկ կարգով այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա», – ասել է վարչապետը և հավելել, որ այդպիսով նշված գործընթացի շահառու են դառնում նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները և զինհաշմանդամները: Վարչապետը, դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, նշել է, որ կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք այդ հիմնադրամին վճարումները չեն կատարում կամ պարտքեր ունեն: «Այդ ընկերությունների անունները ձեզ կփոխանցեմ: Մենք պետք է կոչ անենք, որպեսզի բոլոր ընկերությունները վճարումները պարտաճանաչ կատարեն, որովհետև այս հիմնադրամի միջոցները պետք է շարունակեն մեծանալ, որպեսզի շահառու դառնան ավելի վաղ ժամանակում զոհվածների կամ տուժածների ընտանիքները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: