Հայերեն   English   Русский  

Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում է հայտարարվել


  
դիտումներ: 1681

Օգոստոսի 8-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացրել և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Շիրակի պետական համալսարան կատարած այցի ժամանակ հայտնել էր, որ Անահիտ Ֆարմանյանն աշխատանքից ազատվել է բուհում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, հաստիք է կրճատվել, որը ավելորդ է համարվել: Իսկ հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրեց, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պարզվել է, որ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի հարցը, ինչը չի կատարվել:

Անահիտ Ֆարմանյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, բնականաբար, արձագանքել է այս իրողությանը: Դիմելով լրագրողներին՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։

2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը։

Իմիջիայլոց նշենք, որ հաջորդ օրը Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: