Հայերեն   English   Русский  

Մարտի 1-ի գործը բացահայտված է, և դրա շրջանակում բոլոր պատասխանատուները պատժվելու են. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 1186

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Մարտի 1-ի քրեական գործն, ըստ էության, բացահայտված է,

և այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լսել եմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, որոնք հնչել են նրա հարցազրույցներում։ Հայտնի դարձած տեղեկատվության իմ մեկնաբանությունը հետևյալն է. Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է», - հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ այս գործով բոլոր պատասխանատուները պատժվելու են օրենքի սահմաններում, և Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածյալներ չեն լինելու:

«Չկա տարբերակ, որ ոճրագործներից ու պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից», -հայտարարեց նա։

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 13-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: