Հայերեն   English   Русский  

Փաստաբանի բացահայտումից հետո դատավորն ինքնաբացարկ է հայտնել


  
դիտումներ: 366

Ոստիկանների ու բնակիչների վիճաբանության հանգուցալուծումը կատարելու էր դատարանը:

2016 թվականի հունիսի 24-ին, Հռոմի պապի Գյումրի կատարելիք այցի նախօրեին՝ երեկոյան, Շիրակի մարզային ոստիկանության Մուշի բաժնի ոստիկանները Գյումրիում շրջելիս հանդիպել են մի խումբ անձնանց, որոնք բարձր տրամադրությամբ Գյումրու ''Մայր Հայաստանի'' հուշահամալիրի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ աղմուկ-աղաղակ են բարձրացրել: Քանի որ վերջիններս գինովցած են եղել, ըստ իրենց, սկզբում չեն իմացել, որ քաղաքացիական հագուստով անձինք ոստիկան են, տեղի է ունեցել լեզվակռիվ, հետո հրմշտոց, քաշքշոց, արդյունքում հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հիմքով: Գործում որպես տուժող կողմ ներգրավված էին ոստիկանության քրեական հետախուզության երեք աշխատակից, նրանց թվում՝ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալը:

Գործով մեղադրյալ էր ճանաչվել 9 անձ՝ մեծամասնությունը Առափի գյուղի բնակիչներ:

2017 թվականի ապրիլից քննվող գործի դատական նիստերը հաճախ էին հետաձգվում՝ հիմնականում կողմերից մեկ անդամի, կամ մի քանիսի նիստին չմասնակցելու պատճառով: Պաշտպանական կողմի փաստաբանները բազմիցս միջնորդել են նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանին հանդես գալ ինքնաբացարկով, քանի որ, գտնում են, վերջինս անկողմնակալ չէ: Միջնորդություններում առկա բոլոր հիմնավորումների համար պատասխաններ գտնելով դատարանը մշտապես մերժել է կողմի միջնորդությունը: Սակայն վերջին դատական նիստում փաստաբան Արամայիս Հայրապետյանը դատարանին ինքնաբացարկի նոր միջնորդություն է ներկայացրել, բոլորովին նոր հիմքով.

''Մեզ տեղեկություններ են հասել առ այն, որ Դուք երկար տարիներ ՆԳ համակարգում աշխատել եք սույն քրեական գործով տուժող Խաչատուր Պետրոսյանի հոր՝ Աշոտ Պետրոսյանի հետ։ Ընդ որում, Ձեր հարաբերութունները, բացի գործընկերային լինելուց, եղել են նան ընկերական։

Բացի այդ, ըստ մեր տեղեկությունների, ներկայումս Խաչատուր Պետրոսյանը հանդիսանում է Ձեր ավագ որդու Զավեն Մանուկյանի ընկերը։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն քրեական գործով, ի թիվս այլնի, վիճարկվում և վիճարկվելու է ոստիկանների, այդ թվում Խաչատուր Պետրոսյանի, գործողությունների իրավաչափությունը, որպիսի փաստի արձանազրումը կարող է բերել նաև համապատասխան իրավական հետևանքների Խ. Պետրոսյանի համար, հաշվի առնելով վերոնշված փաստերը, պաշտպանության կողմը օբյեկտիվ հիմքեր ունի պնդելու, որ, անձնական կապերից ելնելով, հնարավոր է Դուք չլինեք անկողմնակալ, հաշվի առնելով, որ դրանից հնարավոր է տուժի Ձեր ընկերոջ որդին և Ձեր որդու ընկերը, որպիսի փաստերը ողջամիտ կասկած են հարուցում սույն քրեական գործով Ձեր անաչառության մեջ'', - ասված է փաստաբանի միջնորդությունում։

Ինքնաբացարկի այս միջնորդությանը միացել են նաև պաշտպանական կողմի մյուս փաստաբաններն ու ամբաստանյալները:

Մեղադրող դատախազ Արամ Ամիրյանն առարկել է միջնորդությունը, նշելով, թե որևէ փաստարկ չներկայացվեց դատարանին, առարկել են նաև տուժող հանդիսացող ոստիկանները, նրանց թվում՝ նույն Խաչատուր Պետրոսյանը:

Այնուամենայնիվ, դատարանը բավարարել է միջնորդությունն ու ներկայացրել դրա հիմքերը.

''Սույն քրեական գործի քննության ընթացքում դատարանի կողմից, որևէ դատավարական նորմի խախտում թույլ չի տրվել և կողմերից որևէ մեկի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք չի ցուցաբերվել: Ես, որպես նիստը նախագահող դատավոր, եղել եմ օբյեկտիվ և անաչառ:

Ոստիկանության համակարգում աշխատած տարիներին. ես, դատավոր՝ Ա.Մանուկյանս, ծառայողական հարաբերությունների մեջ եմ գտնվել տուժող Խաչիկ Պետրոսյանի հոր հետ:

Բացի այդ, ինչպես նշել է պաշտպանը, իմ ավագ որդին և տուժող Խաչիկ Պետրոսյանը, իրար հետ գտնվում են ընկերական հարաբերությունների մեջ:

Չնայած նշված հանգամանքին, դատարանը դատաքննության օբյեկտիվությունը ապահովելու նպատակով կաշկանդված չէ նման փաստով, սակայն ի նկատի ունենալով այն, որ ամբաստանյալների և նրանց պաշտպանների մոտ դատավորի անաչառության վերաբերյալ առկա են ողջամիտ կասկածամտության հիմքեր, որի պայմաններում դատարանի /նախագահողի/ հետագա իրավաչափ գործողությունները կարող են մեկնաբանվել, գնահատվել որպես վերոնկարագրվածով պայմանավորված կողմնակալ վերաբերմունք դատավարության կողմերի նկատմամբ, ուստի արդարադատություն իրականացնելիս դատարանի նկատմամբ անկողմնակալության վերաբերյալ կասկածները փարատելու և ելնելով նաև արդարադատության շահերից, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 90 և 313 հոդվածով, ՀՀ «Դատական օրենսգրքի» Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն դատարանը.

ՈՐՈՇԵՑ

Հայտնել ինքնաբացարկ:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ>:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: