Հայերեն   English   Русский  

​Համայնքի ղեկավարի և ավագանու աշխատանքից շատ բան է կախված․ Իշխան Սաղաթելյան


  
դիտումներ: 8454

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցող փոփոխությունների, նախատեսվող ծրագրերի և նախորդող 100 օրերի գործունեության արդյունավետության մասին «Անկախը» զրուցել է մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ։

- Պարո՛ն Սաղաթելյան, կառավարությունն արդեն ամփոփում է իր 100-օրյա գործունեությունը։ Շուտով Դուք ևս կամփոփեք։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունը նախորդ երեք ամիսներին։ Ձեր առջև դրված խնդիրները որքանո՞վ եք իրագործել։

- Կոռեկտ չի լինի, եթե իմ կատարած աշխատանքը ես գնահատեմ։ Իմ աշխատանքը պետք է գնահատեն ժողովուրդը և կառավարությունը։ Բայց եթե փորձեմ հակիրճ ամփոփել` նախորդ երեք ամիսներին աշխատել ենք շատ ծանրաբեռնված գրաֆիկով։ Առաջին 1-1,5 ամիսներին ավելի շատ օպերատիվ շտաբի կարգավիճակում էինք, որովհետև դիմումները, բողոքները, կուտակված հարցերն այնքան շատ էին, որ գիշեր-ցերեկ փորձում էինք հասցնել։ Այս ընթացքում գույքագրել ենք մարզի բոլոր խնդիրները, համայնքների մեծ մասում անձամբ ներկա եմ եղել, ծանոթ եմ առկա խնդիրներին։ Մի շարք հարցեր կարողացել ենք լուծել, մի շարք խնդիրներ պլանավորել ենք, որ լուծենք։ Բազմաթիվ հարցերի լուծումն էլ թողել ենք մյուս տարվան, որովհետև դրանց լուծումը ֆինանսական մեծ միջոցներ է ենթադրում։

- Ասացիք, որ բոլոր հայանքների խնդիրները վեր են հանվել։ Մարզի առաջնային խնդիրները որո՞նք են։

- Տեսեք, հիմնական խնդիրը ոռոգման և խմելու ջուրն է։ Այս խնդիրն առկա է համայնքների մեծ մասում։ Երկրորդը ճանապարհների վատ վիճակն է։ Համայնքներ կան, որտեղ վերջին 20 տարում որևէ ճանապարհ չի վերանորոգվել։ Երրորդ՝ ունենք դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների վերանորոգման և շահագործման խնդիրներ։ Սրանք այն հարցերն են, որոնց լուծումը ֆինանսական մեծ միջոցներ է ենթադրում։

Իսկ ընդհանրապես մեծ խնդիր է մարզի գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը, դրանք մեր մարզի զարգացման հիմնական ուղղություններից են։ Հսկայական անելիքներ ունենք այս ոլորտներում։ Հերթով, քայլ առ քայլ փորձում ենք գնալ առաջ։

- Կառավարության առաջնահերթություններից է կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս առումով ի՞նչ հաջողություններ ունեք և ո՞ր ոլորտներում։

- Առաջին օրվանից առանձնացվել են ոլորտներ։ Հանդիպել եմ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, փոխանցել եմ պահանջները, որոնք հիմա դրված են մեր առջև։ Նույնը` առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մի քանի համայնքներում վարչական ստուգումներ ենք իրականացրել, ներկայում էլ տարածքային կառավարման նախարարության հետ ուսումնասիրություններ ենք կատարում։ Այսինքն՝ չկա մի դեպք, բողոք, որին անմիջապես չարձագանքենք։

- Բայց այս ընթացքում կոռուպցիոն սխեմաներ բացահայտե՞լ եք, ինչ-որ բացահայտումներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ։

- Որտեղ ունեցել ենք, փաստերն ուղարկել ենք համապատասխան մարմիններ, որ զբաղվեն։ Մեծ ծավալի ուսումնասիրություններ ենք իրականացրել սոցիալական աջակցության կենտրոններում։ Գավառի ծառայությունն ամբողջությամբ ազատել ենք, Սևանում մի քանի աշխատակից դիմումներ են գրել, մյուս երեք ծառայություններում ուսումնասիրություն է նշանակված։

- Ձեր նշանակումից հետո մեծ կադրային փոփոխություններ չեք արել։ Հին կոռումպացված համակարգով ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ։

- Այդ հարցն ինձ շատ են տալիս։ Առաջին օրվանից մեր աշխատակազմին հստակ պահանջները ներկայացրել եմ։ Ովքեր այդ պահանջներին չհամապատասխանեն, նոր իրավիճակը չընկալեն, մեզ հրաժեշտ կտան։ Պրոցեսը սկսված է, այնպես չէ, որ ազատումներ չեն եղել, այս պահին էլ մի քանիսն ընթացքի մեջ են, առաջիկայում ևս կլինեն, բայց կադրային ջարդ չի լինելու։ Նրանք, ովքեր այս նոր իրավիճակին չեն կարողանում համակերպվել և աշխատել կամ ժամանակին աշխատանքի են տեղավորվել, բայց չունեն այդ որակական հատկանիշները, որ իրենց աշխատանքը բարեխղճորեն և պրոֆեսիոնալ իրականացնեն, հերթով հրաժեշտ են տալիս։ Սա պրոցես է, որ առաջին օրվանից կա և շարունակվելու է։

Ես աշխատակազմը և մարզում պետական ապարատը լիարժեք ճանաչելու խնդիր ունեի, որ ճիշտ որոշումներ ընդունեի։ Երբ մարդուն առաջարկում ես աշխատանքից ազատվելու դիմում գրել, հիմնավորումներ պետք է ունենաս։

- Մարզի զարգացման առումով կարևոր է ենթակառուցվածքների, հատկապես՝ ճանապարհների դերը։ Ինքներդ էլ կարևորեցիք։ Կառուցվող և վերանորոգվող ճանապարհների որակի վերահսկողություն մարզպետարանն իրականացնո՞ւմ է։ Ի՞նչ խնդիրներ են բացահայտվել ճանապարհաշինության ոլորտում։

- Այստեղ մեր լիազորությունների շրջանակները բավականին սահմանափակ են։ Հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները սպասարկում է տրանսպորտի և կապի նախարարությունը։ Մենք սպասարկում ենք միայն միջհամայնքային ճանապարհները, որոնք մեր հսկողության տակ են։ Որոշակի դժգոհություններ ունեցել ենք սպասարկողներից, կանչել, հանձնարարել ենք, որ շտկեն։

Իսկ համայնքային ճանապարհների շինարարության վերահսկողությունն իրականացնում է համայնքը, բայց մենք՝ որպես մարզպետարան, փորձում ենք գործընթացի հսկողություն իրականացնել։

- Սովորաբար «ատկատները» ճանապարհաշինության ոլորտում շատ են լինում։ Կարո՞ղ ենք ասել, որ հիմա դրանք նվազագույնի են հասցված։

- Կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք, որ չլինեն։ Եթե որևէ նման դեպք անգամ խոսակցության մակարդակով լսենք` անմիջապես արձագանքելու ենք և խորանալու ենք մինչև վերջ։

- Մարզի զարգացման ծրագրի դրույթներից է զբոսաշրջությունը։ Բացի Սևանում ամառային հանգստից, մյուս ուղղություններում ի՞նչ հաջողություններ կան։ Եվ որո՞նք են մարզում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտները։

- Մարզում զբոսաշրջության զարգացման թիվ մեկ խոչընդոտը սեզոնայնությունն է։ Այսինքն՝ ներդրողների տեսանկյունից ձեռնտու չէ խոշոր ներդրումներ անել զբոսաշրջության ոլորտում, քանի որ հյուրանոցները, հանգստյան տներն աշխատում են շատ կարճ՝ 40-45 օր, որովհետև եղանակային պայմանները թույլ չեն տալիս։ Հետևաբար մարզում զբոսաշրջությունը զարգացնելու համար մեր խնդիրն է այդ սեզոնայնությունը երկարացնելը, որպեսզի մարզը դառնա ձմեռային զբոսաշրջության համար գրավիչ։ Դրա համար մի շարք գաղափարներ ունենք, օրինակ՝ Սևանում նաև ձմեռային ենթակառուցվածքներ ստեղծելը։ Եթե կարողանանք առաջիկա տարիներին 1-2 լեռնադահուկային կոմպլեքս կառուցել, միանգամից կփոխվի մեր մարզի զբոսաշրջային գրավչությունը։

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն ուսումնասիրում է այս ոլորտի բոլոր հիմնախնդիրները, այդ թվում և ազգային պարկի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Հենց հիմա Սևանի ափերի հետ կապված մի քանի նախագծեր կան։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այս կարճ ժամանակահատվածում Սևանում նոր հյուրատներ կամ նոր ենթակառուցվածքներ չէին կարող կառուցվել։ Հույս ունեմ, որ մյուս տարվանից սկսելու ենք հսկայածավալ ծրագրեր։

- Ձեր խոսքում կարևորեցիք գյուղատնտեսության զարգացումը։ Մարզի զարգացման ծրագրում ևս ամրագրված է գյուղատնտեսության զարգացումը և տեխնիկական արդիականացումը։ Սակայն տարեցտարի ավելանում է չմշակվող հողերի մակերեսը։ Ինչպե՞ս եք նախատեսում խրախուսել գյուղացուն հողը մշակելու հարցում։

- Մեր մարզում, չնայած գյուղատնտեսության համար մի շարք նպաստավոր պայմաններ կան, երկարատև ձմեռը, եղանակային պայմանները խոչընդոտում են։ Մենք հստակ տեսնում ենք գյուղատնտեսության զարգացումը մեր մարզում, բայց դրա համար պետք է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ կարկուտը մեծ վնաս հասցրեց մեր մարզի գյուղատնտեսությանը։

Հիմա գյուղնախարարությունը ապահովագրության պիլոտային ծրագիրն է առաջ քաշել, հնարավորություն է ստեղծում ցածր տոկոսադրույքով վարկերով գյուղտեխնիկա ձեռք բերել, մարզում բավականին կոոպերացիաներ են ստեղծվել։ Բայց կոոպերացիաները, իմ կարծիքով, այս պահին արդյունավետ չեն աշխատում։

Միշտ փող դրվէլ է ոլորտում։ Բայց արդյունքները գոհացուցիչ չեն։

- Իսկ հստակեցվե՞լ է, թե ինչպես կարելի է այդ ներդրումներն արդյունավետ դարձնել։

- Տեսեք, առանց ջրի գյուղատնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Հիմա մարզում երկու ջրամբար կառուցելու նախնական գաղափար կա, որը քննարկվել է կառավարությունում։ Ջրագծերի խնդիր ևս կա։

Մարզում ոռոգման և խմելու ջրի ցանցերի կառուցման վերաբերյալ նախնական համաձայնություն ունենք, սպասում ենք, որ կոնկրետ թվերի ու համայնքների մասին հայտարարություն լինի։

Կառավարությունը խիստ անհրաժեշտության ծրագրերով նախատեսում է հանրապետության մարզերում մեծ գումարներ ներդնել։ Այդ գումարները կներդրվեն այն համայնքներում, որտեղ լրացուցիչ բերք-բարիք ստեղծելու հնարավորություն կա։

- Գեղարքունիքի մարզը հանրապետությունում առաջատարներից է արտագնա աշխատանքի մեկնողների թվով։ Հետևաբար նաև մեծ գումարներ են արտերկրից մարզ հոսում։ Բայց այդ գումարները հիմնականում բիզնեսի կամ ներդրումների չեն վերածվում։ Մարզպետարանը նախատեսո՞ւմ է այդ ուղղությամբ վերապատրաստման կամ խորհրդատվական ծրագրեր իրականացնել, որպեսզի դրսից բերված գումարներն այստեղ բիզնեսի մեջ ներդրվեն։

- Եթե կա մարդ, որը կարող է անգամ մեկ աշխատատեղ ստեղծել մարզում, պատրաստ եմ իր հետ նստել և ժամերով խոսել։

Այս ընթացքում 2-3 տասնյակ մարդկանց հետ ենք ժամերով խոսել, քննարկել, թե որտեղ կարելի է ներդրումներ անել և ինչ արդյունքներ է հնարավոր ունենալ։ Հույս ունեմ, որ այս ամենը կվերածվի նաև գործնական քայլերի։

- Մարզից ոչ միայն արտագնա աշխատանքի են մեկնում, այլև արտագաղթում են արտերկիր կամ Երևան։ Պատճառներից մեկը մարզային բնակավայրերի գրավիչ չլինելն է։ Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում մարզային բնակավայրերի գրավչությունը մեծացնելու, համապատասխան միջավայր ստեղծելու ուղղությամբ․ խոսքը միայն աշխատատեղերի մասին չէ։

- Ամենակարևոր խնդիրներից մեկն է դա։ Երբ ասում ենք՝ մարզում լավ բժիշկ չունենք, որակյալ մասնագետ չունենք, շատ մարդիկ կան, որ պատրաստ են գալ և մարզում աշխատել։ Բայց նրանց համար պետք է նաև միջավայր լինի։ Այսինքն՝ տվյալ քաղաքում պետք է նաև ընտանեկան սրճարան, թատրոն, մշակույթի տուն, լավ դպրոց, լավ մանկապարտեզ լինեն որպեսզի մարդը մայրաքաղաքից գա մարզ աշխատելու։ Խնդիրը միայն աշխատավարձը չէ, նաև պայմաններ կան, որ անհրաժեշտ են։

Գավառում մի քանի օր հետո կբացենք թատրոն, որը խոշոր ներդրում է մարզի համար և հիանալի հնարավորություն է այդ միջավայրի ստեղծման տեսանկյունից։

Սևանում նույն նախաձեռնությունը կա․ մշակույթի տունն է վերանորոգվում, բիզնես կենտրոն է կառուցվում։

- Արտագաղթի պատճառով նաև բնակավայրերի ծերացման խնդրին ենք դեմ առել։ Գեղարքունիքը ևս զերծ չմնաց համայնքային դպրոցների միավորման խնդրից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պետական մակարդակով համակերպվել ենք ծերացող, վերացող համայնքների իրողության հետ։

- Բացարձակապես։ Որ օրը համակերպվեցինք այդ մտքի հետ, դա մեր վերջը կլինի։ Նախ, իմ կարծիքով, որևէ բնակավայրում դպրոց չպետք է փակվի։ Բայց մարզում ունենք մի դպրոց, որն ունի մեկ աշակերտ։ Այդ մեկ աշակերտի համար դպրոցում 13 հաստիք է պահվում և տարեկան 30 մլն ծախս է իրականացվում։ Այստեղ էլ պետք է հասկանալ՝ ծախսի արդյունավետությունը որն է։

Դեպք առ դեպք պետք է նայենք։ Համատարած որոշում ընդունելը սխալ է։ Այդ մի աշակերտի պարագայում, կարծում եմ, նա պետք է հաճախի այլ դպրոց։ Ավելի ձեռնտու է այդ երեխային հատկացնել վարորդ և ամենագնաց, որ նրան հարևան համայնքի դպրոց տանի-բերի։ Բայց համայնք կա, որ սահմանապահ է, ունի 5 աշակերտ։ Նման դպրոցը չես կարող փակել։ Այսինքն՝ ընդհանուր որոշում ունենալը սխալ է, դեպք առ դեպք պետք է նայես։

- Անդրադառնանք կրթության իրավունքին։ Մարզային բնակավայրերի գրավչության նվազ լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ ապահովված չէ կրթության հավասար հնարավորությունը։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր եք նախատեսում։

- Մենք հիմա համայնքների ղեկավարներին հորդորում ենք, որ խաղահրապարակներ կառուցեն իրենց համայնքներում։ Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել այդ պայմանները։ Եթե հիմա հայտարարեմ, որ գյուղի երեխայի համար կստեղծենք այն բոլոր հնարավորությունները, ինչ կա մայրաքաղաքում, անկեղծ չեմ լինի։ Բայց տարբերությունն էլ պետք է այդքան շատ չլինի։

Ի՞նչ ենք անում։ Պետք է հասկանանք մեր հնարավորությունները։ Համայնք կա, որ իր սահմանափակ միջոցներով ունի մանկական խաղահրապարակ, ծերերի համար խաղասրահ, ունի ինչ-որ ենթակառուցվածքներ։ Իր կողքի համայնքը նույն բյուջեով ու նույն տարածքով ոչ մի բան չունի։ Այսինքն՝ համայնքի ղեկավարի և ավագանու աշխատանքից շատ բան է կախված։

- Համայնքապետարաններն իշխանության առաջնային օղակներն են, որի հետ առնչվում են քաղաքացիները։ Եվ այս մակարդակում տեղի ունեցող անօրինություններն էլ մեծ մասամբ դժգոհությունների պատճառ են դառնում։ Համայնքների հետ համագործակցության, համայնքներում վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ եք կիրառում օրինախախտումներն ու դժգոհությունները բացառելու համար։

-Մենք ունենք վարչական վերահսկողության հնարավորություն։ Մեր այս գործառույթն ամբողջությամբ իրականացնում ենք։ Եթե այս ժամանակահատվածում եղել է քաղաքացու բողոք համայնքի ղեկավարից` անմիջապես արձագանքել ենք։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ իսկապես քաղաքացու իրավունքները ոտնահարվել են։ Նման դեպքերում մենք համայնքապետին հորդորել ենք շտկել իրավիճակը։ Եվ մեծ մասամբ այդ հարցերը լուծվել են։

Մենք ունենք պլանային վարչական վերահսկողություն, որ տարվա ընթացքում իրականացնում ենք։ Եթե տեսնում ենք համայնքներ, որտեղ խնդիրներ կան, տարածքային կառավարման նախարարությունից թույլտվություն ենք խնդրում լրացուցիչ վերահսկողություն իրականացնելու համար։ Այսինքն՝ մեր իրավասության սահմաններում ամեն ինչ անում ենք, որ նման խնդիրներ չլինեն։

- Գեղարքունիքում արդեն կան խոշորացված համայնքներ։ Ձեր կարծիքով՝ խոշորացումը որքանո՞վ է արդարացրել ակնկալիքները։

- Մարզում ունենք խոշորացված համայնքներ, որոնք ճիշտ չեն խոշորացված՝ սկսած կենտրոնի ընտրությունից մինչև գյուղերի միավորումը։ Սուբյեկտիվ ընտրություն է եղել, ինչը խանգարում է, որ խոշորացված համայնքները լիարժեք աշխատեն։

Խոշորացում անելուց առաջ պետք է բնակչության կարծիքը լսել, քննարկել, արդյունավետությունը հասկանալ։ Բայց այս իրավիճակում, երբ պետությունը գնում է համաֆինանսավորման ճանապարհով և շատ ծրագրերում համայնքը ևս պետք է ֆինանսական մասնակցություն ունենա, որպեսզի կառավարությունը ևս մասնակցի, փոքր համայնքները զարգացման հնարավորություն չեն ունենում։ Բայց խոշորացման արդյունավետության համար կարևոր է, որ համայնքները ճիշտ միավորվեն։

- Հեղափոխությունից հետո մարդիկ արագ փոփոխություններ են ակնկալում, մինչդեռ զարգացումները դանդաղ են ընթանում։ Ձեր կարծիքով՝ մարզում տեղի ունեցող փոփոխությունների տեմպերը որքանո՞վ են բավարար քաղաքացիներին չհիասթափեցնելու համար։

- Տեսեք, որ մարզում բան է փոխվել, ակնհայտ է։ Քաղաքացիների ընդունելության օրը 100-ից ավելի քաղաքացի է հերթագրվում։ Նաև գյուղեր եմ այցելում։ Այդ անմիջական կապը, որ մարդկանց խնդիրները լսում ես և փորձում ես լուծել, մարդիկ զգում են։ Բայց կան մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք, կամ որոնք մեր իրավասության սահմաններում չեն։ Օրինակ՝ մեզ շատ են դիմում իրավական խնդիրներով, դատական վեճերով, անգամ խորհրդային տարիների դատավճիռներն են ցանկանում բողոքարկել։ Այդ մարդկանց ուղղորդում ենք դատարան դիմել։ Գուցե այս մարդիկ հիասթափություն ունենան, որ իրենց հարցն արագ չի լուծվում։

Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հիասթափությունը չլինի։ Աշխատում ենք շատ բաց։ Մարզում որևէ հիմնարկի ղեկավար կամ աշխատող ինձ հանդիպելու խնդիր չունի, սենյակից չեմ ղեկավարում մարզը։

- Իսկ մասնավոր խնդիրների հետևից գնալը չի՞ խոչընդոտում համակարգային խնդիրներով զբաղվելուն։

- Խոչընդոտում է։ Մեր ժամանակի մեծ մասը հաճախ դիմումներով ու բողոքներով զբաղվելուն է գնում։ Գլոբալ ռազմավարական ծրագրերի համար այն ժամանակը, որ կուզենայինք ունենալ և դրանցով զբաղվել, չենք ունենում։ Դա չի նշանակում, որ չենք զբաղվում, ծրագրեր չենք կազմում, բայց այն ժամանակը որ կուզենայինք ունենալ, չենք ունենում։ Մյուս կողմից՝ չես կարող այն հարցերն անտեսել։ Պետք է կարողանաս երկուսն էլ հասցնել։ Մենք փորձում ենք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: