Հայերեն   English   Русский  

​Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները՝ տնտեսական ճգնաժամի հնարավոր պատճառ


  
դիտումներ: 2614

Ութ տարվա մեջ առաջին անգամ թուրքական տնտեսությունն անընդմեջ տնտեսական աճից հետո կարող է անկում արձանագրել։ Միջազգային ասպարեզում մտավախություն կա, որ թուրքական տնտեսության անկումը կարող է շղթայական ռեակցիայի ազդեցություն ունենալ՝ ընդգրկելով նաև այլ զարգացող երկրների տնտեսությունները։ Այս հարցի վերաբերյալ կանխատեսումները, սակայն, դեռևս հակասական են։

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով վտանգի տակ է ոչ միայն այդ երկրի տնտեսական կայունությունը։ Ավելի ու ավելի հաճախ է հարց առաջանում, թե որքանով է կարևոր Թուրքիան Արևմուտքի համար։

Ինչպես հայտնի է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ռազմական այս դաշինքում անդամների հեռացման կարգ սահմանված չէ։ Այսինքն՝ անգամ մեծ ցանկության դեպքում ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից, եթե Թուրքիան նման ցանկություն չհայտնի։ Մյուս կողմից՝ դժվար է պատկերացնել զուգահեռաբար միմյանց հակասող հարաբերությունների կառուցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: ԱՄՆ-ն այս կառույցում գերակա դիրք ունի։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկայումս, Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, լարված են ավելի, քան երբևէ։ Հիմնական պատճառը հոգևորական Բրանսոնի բանտարկությունն է։ Նա Թուրքիայում ազատազրկված է 2016-ից։ Նրան մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության և ահաբեկչությանը նպաստելու համար։ ԱՄՆ-ի պնդմամբ՝ Բրանսոնն անօրինական է պահվում անազատության մեջ։ Հետևաբար ամերիկյան կողմը պահանջում է անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին։ Մինչդեռ թուրքական իրավապահ մարմինների պնդմամբ՝ Բրանսոնը Գյուլենից ստացված դրամական միջոցներով պատրաստվում էր Թուրքիայում անջատողական քարոզչություն ծավալել։ Նշենք, որ Թուրքիայում հենց Գյուլենին են մեղադրում 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի համար։

Փորձագետների կարծիքով՝ Բրանսոնի գործի շուրջ ստեղծված լարվածությունն ավելի շատ երկու երկրների ղեկավարների անձնական ամբիցիաների խնդիր է․ նրանցից և ոչ մեկը չի ուզում զիջողի կամ պարտվողի դերում հայտնվել։

Ինչևէ, թուրք-ամերիկյան հարաբերությունները հարթ չէին և Բրանսոնի գործից առաջ։ Նախ՝ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, որն ապաստանել է այդ երկրում: ԱՄՆ-ն, բնականաբար, հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ առանց համապատասխան դատական որոշման՝ նման քայլի դիմել չեն կարող։

Երկու երկրների հարաբերություններում լարվածության մյուս պատճառը քրդական հարցն է։ ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում սերտորեն համագործակցում է քրդերի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Մինչդեռ Թուրքիան քրդական կազմակերպություններն էլ է ահաբեկչական համարում՝ պահանջելով, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերը հարգի իր դիրքորոշումը և դադարեցնի համագործակցությունը քրդերի հետ ։

Երկու երկրների հարաբերություններում հարաճուն լարման գագաթնակետը դարձել է հոգևորականի գործը։ ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիայից ներմուծվող երկաթի և ալյումինի նկատմամբ կիրառվող հարկերը կտրուկ բարձրացվել են։ Ի պատասխան Թուրքիան էլ բարձրացրել է հարկերը ԱՄՆ-ից ներկրվող մթերքների վրա։ Այսպես, ամերիկյան ավտոմեքենաների համար մաքսատուրքերն ավելացել են 120 տոկոսով, ալկոհոլային արտադրանքի համար՝ 140 տոկոսով, իսկ ծխախոտի համար՝ 60 տոկոսով։ Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու մասին։

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով կտրուկ նվազել են միջազգային ներդրումները Թուրքիայի տնտեսությունում, ինչն էլ իր հերթին լիրայի կտրուկ արժեզրկման պատճառ է դարձել։

Իսկ ինչպիսի՞ն կլինեն Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցված է։ Իսկ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով ֆրանսիացի դեսպանների առջև, հայտարարել է, որ կարևորում է Թուրքիայի և Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ապահովումը, միաժամանակ կարծում է, որ նպատակահարմար չէ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը։ Մակրոնը շեշտել է, որ Թուրքիայի նախագահն իր ամենօրյա գործողություններով վերահաստատում է պանիսլամիզմի ծրագիրը, որը դիտվում է որպես հակաեվրոպական։

Պաշտոնական Անկարան արդեն ափսոսանք է հայտնել Մակրոնի հայտարարության վերաբերյալ՝ նշելով, որ չնայած երկրի կողմից իրականացվող բացատրական աշխատանքներին՝ Մակրոնը հեռու է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները ճիշտ ընկալելուց։

ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են 2016-ի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո։ ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ դատապարտել է Թուրքիայի իշխանությունների արձագանքը տեղի ունեցածին, դրան հաջորդած ձերբակալությունները և ազատ խոսքի ճնշումները։

Այսքանով հանդերձ, սակայն, քիչ հավանական է, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կարժանանան թուրք-ամերիկյան հարաբերությունների ճակատագրին։ Պատճառը երկկողմ տնտեսական շահերն են։ Ավելին, եվրոպական բանկերը լայնորեն ներկայացված են Թուրքիայում, հետևաբար չեն կարող անտարբեր հետևել թուրքական լիրայի արժեզրկմանը և տնտեսության անկմանը։

Ակնհայտ է, որ Էրդողանն ինքն էլ չի ցանկանում եղածից առավել սրել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ Դրա վկայությունն է այն, որ ի տարբերություն Բրանսոնի, ազատ արձակվեցին երկու հույն զինվորականները և Amnesty International կազմակերպության տեղի մասնաճյուղի ղեկավարը։

Տնտեսական շահից բացի, Եվրոպան նաև Թուրքիան դիտարկում է որպես անօրինական միգրանտների անկասելի հոսքը զսպող միջոց։ Նաև այս պատճառով է, որ Եվրոպայում աչք են փակում այն բանի վրա, թե ինչպես է Էրդողանն իր երկիրն աստիճանաբար հեռացնում եվրոպական արժեքներից։

Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ՝ Թուրքիան աշխատում է Արևելյան աշխարհի հետ տնտեսական և քաղաքական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Օրինակ՝ հաճախակի են դարձել Պուտին-Էրդողան հանդիպումները, պարբերաբար լուրեր են հայտնվում ռուս-թուրքական համագործակցության ընդլայնման, հարաբերությունների բարելավման մասին։ Ավելին, Թուրքիան հայտարարել է, որ չի պաշտպանի Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: