Հայերեն   English   Русский  

​Ադիկ Արդարյան. «Չենք կարող առաջ շարժվել, քանի դեռ չունենք համապատասխան պայմաններով մարզադաշտ»


  
դիտումներ: 2400

Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, պատվավոր աշխատող, բազմափորձ ու վաստակաշատ մասնագետ Ադիկ Արդարյանի և մարզի ֆեդերացիայի փոխնախագահ Գոհար Նազարյանի ջանքերով օգոստոսի 18-ին Վանաձորում 5-րդ անգամ անցկացվեց կրոսավազքի Հայաստանի առաջնությունը: Մեկ շաբաթ անց` օգոստոսի 26-ին, Վանաձորում անցկացվեց նաև «Ցատկորդի օր» հանրապետական առաջնությունը:

«Անկախի» հետ զրույցում աթլետիկայի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահը խոսում է մարզաձևում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ պայմանների առկայության դեպքում հայ մարզիկները միջազգային ասպարեզում տպավորիչ ելույթներ ունենալու և բարձր արդյունքներ գրանցելու հնարավորություն կունենան:

- Պարոն Արդարյան, աթլետիկան Հայաստանում և հատկապես Վանաձորում առավել մասսայական դարձնելու նպատակով հասարակական կարգով տարբեր միջոցառումներ եք կազմակերպում: Այս տարվա կրոսավազքի առաջնությունն ինչպե՞ս կգնահատեք:

- Կրոսավազքը Վանաձորում ունի հարուստ ավանդույթներ, որոնք մենք փորձում ենք պահպանել: Դեռ Խորհրդային Միության ժամանակ անցկացնում էինք կրոսավազքի առաջնություն, որը բավական մասսայական էր: Թե՛ Վանաձորից, թե՛ մյուս քաղաքներից ընտրվում էին լավագույնները, որոնք Մոսկվայում մասնակցում էին եզրափակիչ մրցումներին:

Հանրապետության գրեթե բոլոր մարզադպրոցները մասնակցեցին կրոսավազքի առաջնությանը. հետաքրքիր վազքատարածություն էինք ընտրել: Ուրախալի է, որ ստուգատեսն ունի Հայաստանի առաջնության կարգավիճակ և անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համատեղ:

Այս անգամ կրոսավազքի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին ավելի քան 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Արմավիրից, Արցախից: 4 տարիքային խմբերում պայքարեցին կրոսավազքի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի և խաղարկվող մրցանակների համար:

- Այս տարի ծրագրում ներառված էր նաև փոխանցավազք (թիմի կազմը՝ 2 աղջիկ+ 2 տղա)։

- Ամեն տարի որևէ նորամուծություն եմ մտցնում: Մրցումներն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով ծրագրում ներառեցինք նաև փոխանցավազքը: Հաղթող ճանաչվեց Արցախի թիմը, երկրորդը Վանաձորն էր, երրորդը` Գյումրին:

Բոլոր մրցանակակիրներին պարգևատրել ենք: Ունենք հովանավորներ ու աջակիցներ: Մեր մարզադպրոցի` արտերկրում բնակվող նախկին սաներն իմ հորդորով մեծապես աջակցում են ու ֆինանսավորում: Մեր թիմը համախմբված աշխատում է մրցումները կազմակերպված և բարձր մակարդակով անցկացնելու համար: Այդ կերպ ցանկանում ենք երեխաների մեջ սեր արթնացնել մարզաձևի նկատմամբ: Ցավալի է, սակայն, որ պատասխանատուներն են անտարբեր:

- Պարոն Արդարյան, «Ցատկորդի օր» հանրապետական առաջնության արդյունքնե՞րն ինչպիսին էին:

- «Ցատկորդի օրն» անցավ հետաքրիր պայքարում: Վանաձորցիները չհաղթեցին, բայց շատ ուրախացրին գյումրեցի մարզիկները: Պատճառները շատ են. Վանաձորում խմբերը կրճատեցին, իսկ գյումրեցիներն արդեն 3 մարզադպրոց ունեն: Մեկը գործում է նախարարությանը կից, մյուսը՝ քաղաքապետարանին և երրորդը Հայաստանի մարզական միության աթլետիկայի մարզադպրոցն է: Հետաքրքրվածություն կա մարզաձևի նկատմամբ: Որպես աթլետիկայի պատանիների հավաքականի պատասխանատու` մշտապես հետևում եմ նրանց ելույթներին: Ունենք պատանի մարզիկներ, որոնք կարող են լավ ցատկորդներ դառնալ: Սակայն Հայաստանում չկա ռետինապատ վազքուղիներով համապատասխան մարզադաշտ: Միայն Արտաշատում ունենք 35-40 տարի առաջ կառուցված մարզադաշտ, որը, սակայն, հարկավոր է 5 տարին մեկ փոխել: Մեր մարզիկները քարերի վրա են մարզվում:

- Պարոն Արդարյան, վանաձորցի աթլետները նախկինում մշտապես համալրել են հավաքական թիմերի կազմերը: Այժմ նրանք զգալիորեն զիջել են դիրքերը: Ո՞րն է պատճառը:

- Արհամարհական վերաբերմունք կա Վանաձորում մարզաձևի նկատմամբ, այդ պատճառով էլ ոչ թե զարգանում, այլ հետընթաց ենք ապրում: Այո, աթլետիկան զարգացած է եղել Վանաձորում: Հայաստանի հավաքականների կազմերի կեսից ավելին մշտապես համալրվել է վանաձորցի մարզիկներով: Կամայական վերաբերմունքի պատճառով շատերը հիասթափվեցին և հեռացան:

Ադիկ Արդարյան

Տարիներ առաջ մեծ ջանքերի գնով կարողացանք պայմաններ ստեղծել մարզիկների համար: Շուրջ 12 տարի աթլետիկայի մարզադպրոցի ղեկավարը մասնագետ չէ: Դպրոցի սաները որևէ խթան չունեն մարզվելու, արդյունքներ ցույց տալու համար: Այնինչ մենք կառուցել էինք բավական լավ համալիր, որն այսօր անբարեկարգ վիճակում է: Հանրապետության այլ մարզադպրոցների համեմատ՝ Վանաձորի մարզադպրոցը բավական լավ պայմաններ ուներ, ամենամեծ մանեժը Հայաստանում: Ժամանակին այդ վազքուղիների կառուցումը բավական թանկ է արժեցել: Այժմ այդ ամենն անմխիթար վիճակում է: Հայաստանում ամենալավ պայամաններն ունեինք ցատկերի համար: Բակում ունեինք մեծ տարածք, որտեղ նետումների համար նախատեսված հատվածներ կային: Մնացել է ընդամենը մի փոքր հատված, որտեղ ցատկերն ենք անցկացնում: Վանաձորցի ցատկորդները նախկինում լավագույններն էին Հայաստանում, իսկ այժմ բարձրացատկում, եռացատկում կամ հեռացատկում եռյակում անգամ տեղ չեն զբաղեցնում: Դա գալիս է ղեկավարների կամայականություններից և սխալ մոտեցումներից:

Հայաստանի կրոսավազքի առաջնությունն անցկացվեց 5-րդ անգամ: Այս ընթացքում պատասխանատուներից որևէ մեկն ինչ-որ բանով չի հետաքրքրվել: Ես իմ գործն եմ անում` չսպասելով գնահատականի: Դա նրանց որոշումն է: Պարզապես այստեղ տուժում են մարզիկները: Մեր մարզիկները հավաքական թիմերի կազմերում ընդգրկված չեն:

- Պարոն Արդարյան, հայ աթլետները միջազգային հարթակներում մշտապես աչքի են ընկել իրենց տպավորիչ ելույթներով. այժմ նրանք զգալիորեն զիջել են դիրքերը: Ինչու՞:

- Համապատասխան ուշադրություն չեն դարձնում աթլետիկային, թեև ունենք հեռանկարային մարզիկներ: Այժմ Հայաստանը աշխարհի երկրների շարքում վերջին հորիզոնականներում է: Վանաձորում գործում է ֆուտբոլի ակադեմիա իր մարզադաշտով: Մենք ունեինք մարզադաշտ, որը թեև անբարեկարգ վիճակում էր, սակայն 400 մ վազքուղի կար: Ամեն դեպքում մենք կարողանում էինք աթլետներին ստուգողական վազքեր տալ, նրանց մակարդակը ստուգել: Մարզադաշտը նվիրաբերեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` զրկելով մեզ այնտեղ մարզվելու հնարավորությունից: Այժմ քաղաքում կառուցվում է երկրորդ մարզադաշտը: Ցավալի է, որ մյուս մարզաձևերին ուշադրություն չեն դարձնում: Նույն խնդիրներն ունեն նաև հանրապետության մյուս քաղաքները: Քաղաքային ոչ մի միջոցառում մարզադաշտում չենք անցկացնում: Մենք Հայաստանում միջազգային մրցումներ անցկացնելու հնարավորություն չունենք: Հայ մարզիկները մրցումների են մասնակցում Լիխտենշտեյնում, Անդորրայում: Անգամ այդ երկրներն ունեն մարզադաշտ, իսկ մենք՝ ոչ: Ցանկալի կլիներ, որ մեր պատանի մարզիկները հնարավորություն ունենային հետևելու բարձրակարգ մարզիկների ելույթներին: Չենք կարող առաջ շարժվել, քանի դեռ չունենք համապատասխան պայմաններով մարզադաշտ: Մենք ունեցել ենք անվանի մարզիկներ ու ռեկորդակիրներ և այդ ավանդույթները շարունակելու նախադրյալներ ունենք, պարզապես հարկավոր է գոնե նվազագույն պայմաններն ապահովել:

Ես տարբեր մարզաձևերով եմ զբաղվել, հաջողություններ գրանցել, սակայն 14 տարեկանում վերջնականապես ընտրել եմ աթլետիկան: Բոլոր մարզաձևերի հիմքն է աթլետիկան, և պատահական չէ, որ իմ նշանաբանն է՝ «Վազքը կյանք է, այն միշտ մեզ հետ է»: Սիրում եմ իմ մարզաձևը, անգործ մնալ չեմ կարողանում, չնայած շատերը փորձում են խանգարել` մարզադպրոցում ինձ աշխատելու հնարավորությունից զրկելով:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: