Հայերեն   English   Русский  

​Քրեական դատավարություն (մաս 10)


  
դիտումներ: 1795

Նախորդ համարում անդրադարձանք խափանման միջոցներին առնչվող որոշ հարցերի։ Այս համարում կշարունակենք խափանման միջոցների թեման և կքննարկենք կոնկրետ խափանման միջոցները։

Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է: Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և ճանաչելով նման ազատման հնարավորությունը` նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը:

Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը: Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել` 1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս, 2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:

Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենց խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Կազմակերպության երաշխավորությունը վստահություն վայելող իրավաբանական անձի գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նա իր հեղինակությամբ և մուծվող դրամական գումարով երաշխավորում է կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը։

Սրանք էին այն հիմնական խափանման միջոցները, որոնց մասին անհրաժեշտ էր առավել մանրամասն իմանալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: