Հայերեն   English   Русский  

​Խամաճիկները սովորեցնում են սիրել թատրոնը


  
դիտումներ: 7299

«Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո «Անկախը» շարունակում է ներկայացնել Երևանում գործող թատրոնները:

Այս անգամ հյուրընկալվել ենք Խամաճիկների թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանի և գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանի մոտ:

Ըստ պարոն Աբրահամյանի՝ Խամաճիկների թատրոնի գլխավոր առաքելությունը երեխաներին՝ մյուս թատրոնների ապագա հանդիսատեսներին, թատրոն սիրել սովորեցնելն է: Աննա Էլբակյանի կարծիքով էլ՝ թատրոնը, որ վարժանքի պես մի բան է, տալիս է հրաշալի դաստիարակություն՝ այս համակարգչային դարում փոքրիկներին ընձեռելով բեմում կատարվող հրաշքին առնչվելու, բեմից մատուցվածը «կարդալու», պայմանական իրականությանը ծանոթանալու հնարավորություն. «Թատրոնը դեմոկրատական վայր է, որտեղ թագավորն ու հասարակ աշխատավորը նույն գումարով կարող են նստել կողք-կողքի և նայել նույն ուղղությամբ՝ ընկալելով նույն խորհուրդը»:

Ռուբեն Աբրահամյան

Ռուբեն Աբրահամյանն իրենց թատրոնի առանձնահատկություններից մեկն էլ համարում է այն, որ դահլիճում ներկա են և՛ երեխաներ, և՛ մեծահասականեր, ինչը բնավ խնդիր չէ իրենց համար. «Փոքրերին միշտ հետաքրքրում է մեծերի աշխարհը: Ուստի մեր ներկայացումները զուտ միագիծ մանկական չեն, այլ ունեն ավելի խորը ասելիք, որ երեխան այդ պահին կարող է և չհասկանալ, բայց խորհուրդը կմնա նրա ենթագիտակցության մեջ: Ինչ վերաբերում է մեծերին, նրանք անգամ ցանկություն են հայտնում միայնակ գալ թատրոն: Սովորություն ունեմ ներկայացումից հետո իջնել դահլիճ, լսել արձագանքներ և հասկանալ, թե այս սերնդի երեխաները, ի վերջո, ինչ են նախընտրում: Մեր թատրոնում մեծ ուշադրություն է դարձվում խոսքին, որ երեխաները, բացի տեսնելուց, նաև լսեն ու մտածեն: Զարմանալ կարելի է, թե ներկայացման ավարտին փոքրիկներն ինչ նրբերանգներ են նկատում»:

Տրամաբանորեն թատրոնի գլխավոր ռեժիսորից պիտի ճշտեինք՝ ինչպես են նրանք դիմանում ժամանակակից սիրված մուլտհերոսներին բեմ չբերելու գայթակղությանը. «Այն թատրոնները, որոնք կրկնում են հինը կամ ուղղակի պահպանում են ավանդույթները, մեռնում են և նմանվում թանգարանի: Պիտի լինի ոսկե միջինը. մի կողմից՝ անհրաժեշտ է շարունակել մեր հրաշալի ավանդույթները, մյուս կողմից՝ երեխան պիտի տեսնի, որ այս թատրոնը իրականությունից չի կտրվել: Ներկայացումները պետք է ունենան ժամանակակից շեշտադրումներ, շունչ, էներգիա, որ չհոգնեցնեն: Երեխաները մեծ փիլիսոփաներ են, և չպետք է պարզունակ ներկայացումներ անել նույնքան պարզունակ կերպարներով, որ նրանք հասկանան: Մեր երիտասարդ ռեժիսորներին, որոնք ունեն ուրույն ձեռագիր ու տեսիլք, մենք հատուկ տալիս ենք ինքնարտահայտման հնարավորություն: Եվ նրանք բեմադրում են այնպիսի ներկայացումներ, որ ձգում են հանդիսատեսին: Այդպես մենք հասնում ենք մեր նպատակին. այստեղ չեն գալիս տեսնելու մի բան, որ մուլտֆիլմերում արդեն կա: Մեր փոքրիկ թատրոնում ամեն ինչ ձեռքի պատրաստած է, հեղինակային մոտեցման արդյունք: Մարդիկ հասկանում են՝ աշխատում ենք խորհուրդի ու խոսքի, երեխայի ներքին էսթետիկայի համար, որ հանկարծ հեքիաթի փիլիսոփայության ու ասելիքի հանդեպ սերը չպակասի, որովհետև մենք պոետիկ ազգ ենք և դրանով ենք ուժեղ»:

Թատրոնի տնօրենը պարզաբանեց, որ ռեժիսորները, բացի տաղանդավոր լինելուց, նաև պետք է որոշակիորեն տիրապետեն խամաճիկային արվեստի յուրահատկություններին, տիկնիկների հետ աշխատելու նրբություններին, բեմադրության առանձնահատկություններին, քանի որ տիկնիկից չես կարող ակնկալել այն, ինչ կարող է անել դերասանը:

Այնուհետև անդրադարձանք Խամաճիկների թատրոնի խնդիրներին ու մտահոգություններին: Պարոն Աբրահամյանը կարծում է, որ թատրոնը, լինելով կենդանի օրգանիզմ, ամեն օր առնչվում է թե՛ ստեղծագործական, թե՛ կազմակերպչական մեծ ու փոքր խնդիրների: Եվ դա ընթացք է, որն օգնում է զարգանալ. «Թատրոնում ոչ մի բան պատրաստի չի լինում: Սակայն, դժվարություններով հանդերձ, ունենք բազում ձեռքբերումներ՝ գեղեցիկ ու վառ ներկայացումներ, հանդիսատեսի թվի աճ: Մեր գերխնդիրն այս ժանրի պահպանումն է»: Տիկին Էլբակյանն էլ հավելում է, որ թատրոնն ունի նաև խամաճիկներին պահելու տեխնիկական խնդիր, որ լուծվում է բոլոր աշխատողների ջանքերով, որովհետև թատրոնում ամեն բան արվում է հանուն թատրոնի, ինչի շնորհիվ փոքրիկ տարածքում թագավորում է արվեստի մթնոլորտը: Ռուբեն Աբրահամյանի խոսքով՝ ինքն այնպես է համակարգում աշխատանքները, որ թատրոնն աշխատի ժամացույցի պես. «Ոչ ոք և ոչինչ չպետք է տուժի: Դրա համար մեր թատրոնում հստակ բաժանված են թատրոնի երկու բաղկացուցիչ մասերը՝ կազմակերպչական և գեղարվեստական: Տնօրենը պետք է գնա գեղարվեստական ղեկավարի տեսիլքի հետևից: Մենք միասին ունենք մշակած ճիշտ խաղացանկային քաղաքականություն և հստակ գիտենք՝ ում է ուղղված ներկայացումը: Բոլոր բեմադրությունները, ժամանակակից տերմինով ասած, պետք է ունենան «մեսիջ», և եթե հանդիսատեսի սրտին չի հասնում այդ «մեսիջը», ուրեմն թատրոնը ժամանակից դուրս է»:

Աննա Էլբակյան

Զրույցի ընթացքում անդրադարձանք հենց խամաճիկներին բնորոշ հատկանիշներին: Ըստ Աննա Էլբակյանի՝ շատ դժվար է խամաճիկ վարելը. «Դրանք, ի տարբերություն այսպես կոչված ձեռնոցային տիկնիկների, կառավարվում են վերևից՝ թելերով: Խամաճիկների պատրաստման համար անհրաժեշտ են ամիսներ, իսկ հետո արդեն՝ շատ մեծ վարպետություն և մանրակրկիտ աշխատանք՝ արտահայտիչ վարելու համար: Արդյունքում երկարում է ներկայացման վրա աշխատելու ժամանակը: Ուստի դժվար է անընդհատ խաղալ և ունենալ մեծ խաղացանկ: Տիկնիկը խտացված կերպար է, որն ունի մեկ, բայց շատ խորը հայացք: Այն կարող է ազդել անգամ դերասանի վրա: Խամաճիկն էլ դերասան է, որ չունենալով հոգի՝ պիտի փոխանցի մարդու ողջ արտահայտչականությունը: Հետաքրքիր է, որ ամեն դերասան ունի տիկնիկ վարելու իր կերպը, ու եթե անգամ չտեսնես՝ ով է այդ պահին վարում տիկնիկը, միևնույն է, խաղից կկռահես: Ուստի դերերը բաշխելիս հաշվի ենք առնում նաև դերասանների այդ ունակությունները»:

Ռուբեն Աբրահամյանը ավելացնում է՝ այս թատրոնում առաջին պլանում տիկնիկն է: «Ճիշտ է, կան նաև այնպիսի ներկայացումներ, որտեղ դերասանները և՛ խոսում են, և՛ տիկնիկ են վարում, բայց դրանք շատ չեն: Ներկայումս ուզում ենք ավելացնել նման ներկայացումների թիվը, ինչը կօգնի նաև բավարարել դերասանների բեմում խաղալու պահանջը, չէ՞ որ նրանք միայն տիկնիկավարներ չեն»: Աննա Էլբակյանը մանրամասնում է. «2000-ականների սկզբին այս թատրոնն ուներ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք Սանկտ Պետերբուրգում ավարտել էին հենց մարիոնետների նեղ մասնագիտական բաժինը: Նրանք հրաշալի և վիրտուոզ տիկնիկավարներ են, բայց որոշակիորեն կաղում են ձայնի և դրամատիկական արվեստի հարցում: Մեր նախորդ գրեթե բոլոր ներկայացումները արվել են զուտ փորձառու դերասանների ձայնագրության տակ: 2002-ին Արմեն Էլբակյանը Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կուրս հավաքեց, որտեղ պրոֆիլային մասնագիտությունը հենց խամաճիկավարությունն էր: Եվ այդ կուրսի մի մասն այսօր աշխատում է մեզ մոտ: Այս թատրոնում աշխատում են նաև դրամատիկական կուրսն ավարտած դերասաններ՝ սիրելով և ինչ-որ առումով ինքնազոհողության գնալով: Նրանք այնքան խոնարհվեցին, որ համաձայնեցին չերևալ և օրը երեք-չորս սեանս խաղալ երեխաների համար: Այս համալրումից հետո նժարները հավասարվեցին. ունեցանք և՛ լավ ձայն ու դերասանական վարպետություն, և՛ պրոֆեսիոնալ տիկնիկավարություն»:

Հետաքրքիր էր նաև պարզել, որ ինչպես դրամատիկ թատրոններում, այնպես էլ Խամաճիկներում, տեղի է ունենում սերնդափոխություն: Տիկնիկները ևս կնճռոտվում են ու ծերանում, բայց շարունակում են պահպանել իրենց դեմքին դրոշմված էությունը: Դրա համար էլ դերասանները շատ դժվար են բաժանվում հին տիկնիկներից: «Մենք աշխատում ենք, որ նոր տիկնիկը պահպանի նախորդի արտահայտչամիջոցները, ինչքան էլ որ ավելի լավ աշխատի: Արդեն 15-16 տարի խաղացվող ներկայացումներ ունենք («Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Իսկական ընկերը»), որտեղ «խաղում» է տիկնիկների երրորդ սերունդը: Բայց մեր տիկնիկագործներն աշխատում են այնպես անել, որ սերնդափոխության ընթացքում յուրաքանչյուր նոր տիկնիկ համապատասխանի հին ձայնագրությանը, ներկայացման աշխարհայացքին, ասելիքին, գեղագիտությանը և մթնոլորտին»,- բացատրում է տիկին Էլբակյանը:

Աննա Էլբակյան

Նա նաև խոսում է իր նպատակների մասին՝ առաջնային համարելով առողջ սերնդափոխությունը, որպեսզի այդ ընթացքը շատ ցավոտ ու հիվանդագին չլինի. «Ցանկությունս է՝ մեծահասակ դերասանները մինչև իրենց կյանքի վերջն այնքան առողջ լինեն, որ կարողանան պահպանել աշխատունակությունը: Դերասանությունն այն հազվագյուտ մասնագիտությունն է, երբ միշտ ուզում ես խաղալ և երբեք չես զլանում այրել սիրտդ բեմի վրա՝ անկախ տարիքից: Իսկ երիտասարդներն էլ թող չմտածեն այս արվեստի մարելու մասին, որովհետև Խամաճիկներում բաբախում է արվեստի զարկերակը: Եվ իրենց արածն ավելի քիչ չէ, քան այն դերասաններինը, որոնք հենց իրենք են խաղում բեմի վրա՝ վայելելով ողջ փառքը»:

Ավարտին պարոն Աբրահամյանը նշեց, որ այժմ խաղացանկում կա 24 ներկայացում, որոնցից «Տարեկանի արտումը» մեծերի համար է. «Պատրաստվում են նաև նոր ներկայացումներ՝ «Երևանյան տրամվայ», «Ծերունին և ծովը»: Սրանցից առաջինը, որ սեպտեմբերին արդեն պատրաստ կլինի, շատ հետաքրքիր համերգ-ներկայացում է, որի համար հատուկ մի մեծ տրամվայ է պատրաստվել: Այն շարժական բեմահարթակ է և կտեղադրվի թատրոնի դիմաց՝ հրապարակային ներկայացումներ իրականացնելու համար: Երեխաների համար կբեմադրվեն «Երեք խոզուկներն» ու «Ջրահարսը»՝ բոլորովին ուրիշ ոճով, որի շուրջ արդեն մտածում ենք: Նաև մշտապես նոր շունչ ենք տալիս այն հին ներկայացումներին, որոնք չեն կորցնում իրենց արդիականությունը»:

Աննա Էլբակյանն էլ հույս հայտնեց, որ արվեստի ու գիտության այն բոլոր բնագավառները, որտեղ ժամանակին հայ մարդն ունեցել է թևեր, կրկին վեր կհառնեն՝ հայ մարդուն տալով ներքուստ ազատ լինելու և դեպի լույսը ճախրելու հնարավորություն. «Իհարկե, ուզում եմ, որ մեր թատրոնն ուժեղ լինի, ինչը բնավ չի ենթադրում սպորտային մրցակցություն: Ինչպես Արմեն Էլբակյանն է սիրում կրկնել, երկու անգամ երկու արվեստում միշտ չէ, որ հավասար է չորսի: Թող թատրոնը վարակի մարդկանց լավ իմաստով և դառնա նրանց ապրեցնելու գրավականը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: