Հայերեն   English   Русский  

​ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ


  
դիտումներ: 2014

Բագրատունյաց թագավորության առաջին շրջանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր աղբյուր է հայոց պատմիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»:

Հովհաննես Դրասխանակերտցու կյանքը բավական լավ է ուսումնասիրված, իսկ նրա աշխատության կարևորությունն այն է, որ պատմիչ-կաթողիկոսը դեպքերի ոչ միայն ականատեսն էր, այլև մասնակիցը:

Հովհաննես կաթողիկոսի ծննդավայրի վերաբերյալ տարակարծություններ կան: Սամվել Անեցին նրա ծննդավայրը համարում է Այրարատի Դրասխանակերտը, իսկ Կիրակոս Գանձակեցին նրան գառնեցի է համարում: Ստեփանոս Ասողիկի պնդմամբ՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը ծնվել է Դվին մայրաքաղաքում: Հայտնի է, որ նա Մաշտոց Եղվարդեցի կաթողիկոսի ազգականն էր և հովանավորյալը:

Դրասխանակերտցին ուսանել է Մաշտոց Եղվարդեցուն Արտավազդի և Սևանավանքի դպրանոցներում:

Երբ Գևորգ Բ հայոց կաթողիկոսը ձերբակալվել էր Ափշին ամիրայի կողմից, Հովհաննես Դրասխանակերտցին որպես բանագնաց այցելեց ամիրային և իրականացրեց նրա փրկագնման գործը:

Երբ մահացավ Մաշտոց Ա Եղվարդեցի կաթողիկոսը, 898 թ., հայ եկեղեցու ժողովը Սմբատ Ա Բագրատունի արքայի (890-914) համաձայնությամբ, կաթողիկոս ընտրեց Հովհաննես Ե Դրասխանակերտցուն:

Նորընծա կաթողիկոսը հաճախ էր կատարում Սմբատ Ա արքայի հանձնարարականներն ու որպես դեսպանորդ հանդես գալիս հայոց իշխանների մոտ, որոնք, տարված իրենց անձնական շահերով, հաճախ կռիվներ էին մղում միմյանց դեմ:

908 թ. Հովհաննես Դրասխանակերտցին հայոց արքայի կողմից որպես դեսպան հարուստ նվերներով ուղևորվեց Ատրպատական՝ կաշառելու և սիրաշահելու Յուսուֆ ամիրային, որպեսզի վերջինս չասպատակի Հայաստանը: Սակայն Յուսուֆը կալանավորեց նրան` համարելով, որ կաթողիկոսի բերած ընծաները չնչին էին: Ի դեպ, որպես ընծա կաթողիկոսն իր հետ տարել էր նաև մասունքներ հայ եկեղեցու գանձարանից: Համաձայն Դրասխանակերտցու «Պատմության»՝ Յուսուֆը կաթողիկոսին պահում էր Դվնո բանտում և հաճախ էր կտտանքների ենթարկում:

910 թ. Ձկնավաճառի ճակատամարտում Յուսուֆը ջախջախեց հայոց բանակը: Արքան նահանջեց Կղարջք: Համարելով, որ հայոց երկիրը նվաճված է` Յուսուֆը կաթողիկոսին ազատ արձակեց վարձքի դիմաց: Սակայն այդ վարձքը պետք է կաթողիկոսն ինքը հավաքեր և ներկայացներ ամիրային: Եվ Հովհաննես Դրասխանակերտցին, շրջելով հայոց երկրում, գումար էր հավաքում, որ վճարի Յուսուֆի «պարտքը»: Իր փրկագինը հավաքելուց և Յուսուֆին հանձնելուց հետո կաթողիկոսն ապաստանում է վրաց արքա Ատրներսեհի մոտ:

914 թ. եղեռական մահով զոհվեց Սմբատ Ա-ն: Հովհաննես Դրասխանակերտցու կարգադրությամբ Սմբատ Ա արքան դասվեց նահատակների կարգը: Գահ բարձրացած Աշոտ Բ Երկաթը արյունահեղ կռիվ սկսեց արաբների դեմ՝ ազատագրելու հայոց երկիրը: Բյուզանդական կայսրությունը, որտեղ իշխում էր հայկական դինաստիան, իր աջակցությունը հայտնեց հայոց արքային: Բյուզանդիայի օգնությունը շատ էր անհրաժեշտ արքային, և նա պատրաստ էր ցանկացած խնդրում փոխզիջման գնով ապահովել Բյուզանդիայի ռազմական աջակցությունը:

Իր հերթին հայոց կաթողիկոսը Պոլսի Նիկողայոս պատրիարքին սիրալիր նամակ ուղարկեց, ապա նամակ ուղարկեց Կոստանդին Է Ծիրանածին հայազգի կայսրին՝ հորդորելով Հայաստան արշավել և աջակցել հայությանը արաբների դեմ պատերազմում: Ի դեպ, կաթողիկոսն իր նամակում գրում է, որ պատրաստ է հայոց երկիրը տեսնել կայսրության կազմում, ինչպես Իտալիան կամ Ասիան:

Կոստանդին կայսրը Թեոդորոս Բասիլիկոս անունով պատվիրակին ուղարկեց Հայաստան: Վերջինս Տարոնում նախ հանդիպեց կաթողիկոսին, ապա Շիրակում՝ Աշոտ Բ Երկաթ արքային (914-928) և նրանց փոխանցեց կայսեր հրավերը Կոստանդնուպոլիս: Արքան իսկույն ևեթ մեկնեց՝ հույս ունենալով Բյուզանդիայից ռազմական օգնություն ստանալ, իսկ կաթողիկոսը հապաղեց՝ վախենալով ակնկալվող դավանաբանական խնդիրներից: Այսինքն՝ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, որ պատրաստ էր հայոց երկիրը տեսնել Բյուզանդիայի կազմում, պատրաստ չէր դավանաբանական խնդիրներ քննարկել կայսրության և ուղղափառ եկեղեցու հետ: Այնուամենայնիվ կաթողիկոսը մեկնեց արևմուտք, հասավ Դերջան և Սասուն՝ այցելելով հայոց քրիստոնեական սրբավայրեր: Նա Սեպուհ լեռան ճգնակյացների մոտ ինն ամիս անցկացրեց: Սակայն Պոլիս չմեկնեց և Դերջանից վերադարձավ հայոց թագավորության տարածք:

921 թ. Աշոտ Երկաթը վերադարձավ օգնական զորքով ու Հայաստանը մաքրեց Յուսուֆի զորքերից: Ապա հայոց արքան իր դիրքերն ամրապնդելու համար պայքար սկսեց իր հորեղբորորդու՝ Աշոտ Շապուհյանի դեմ, որին Յուսուֆը հայոց թագավոր էր ճանաչել: Գործը բախման չհասավ: Հովհաննես Դրասխանակերտցին հանդես եկավ միջնորդությամբ և կնքվեց հաշտություն, որի համաձայն՝ Աշոտ Շապուհյանը թագավորեց Դվինում և շրջակայքում, Աշոտ Երկաթը՝ Շիրակավանում: Աշոտ Երկաթը ճանաչվեց հայոց շահնշահ:

Սակայն արքայի դեմ ապստամբությունները շարունակվում էին: Եվ Աշոտ Երկաթը խիստ միջոցների դիմեց՝ երկիրը պառակտող իշխանների դեմ բիրտ ու դաժան միջոցներ կիրառելով, բանտարկելով, կուրացնելով կամ սպանելով:

Չնայած պատմիչ կաթողիկոսն անզուսպ ատելությամբ է խոսում երկիրը պառակտող դավաճանների մասին, հայոց պետության հզորացումն ու կենտրոնաձիգ իշխանության ուժեղացումը, ըստ ամենայնի, դուր չէր գալիս կաթողիկոսին, որ իր պատմության մեջ քամահրանքով է խոսում Աշոտ Երկաթի մասին՝ հիշատակելով որպես «շահնշահ կոչեցյալ», «շահնշահ անվանյալ»: Մինչդեռ Հովհաննես Դրասխանակերտցին անթաքույց համակրանքով է խոսում Հայաստանը պառակտած ու արաբների հետ համագործակցած Գագիկ Արծրունու՝ Վասպուրականի թագավորի մասին, այնինչ իր պատմության սկզբնամասում քննադատում էր Գագիկ Արծրունու դավաճանությունն ու համագործակցելն արաբների հետ:

Ի դեպ, կաթողիկոսը նաև նույն քամահրանքով է խոսում մյուս թագակիրների մասին: Նա քննադատում է սպարապետ Աշոտ Շապուհյանին, որ համագործակցեց արաբների հետ, բայց և չի վարանում տաքուկ անկյուն խնդրել նրա ապարանքում:

Երկարատև պատերազմների հետևանքով հայոց երկրում վարուցանքս չէր արվել, սով էր: Կաթողիկոս պատմիչը մռայլ գույներով է նկարագրում այդ ամենը՝ նշելով, որ մարդիկ ուտում էին անգամ պիղծ կենդանիներ, ոմանք վաճառքի էին հանում անգամ երեխաներին… Եղել են նույնիսկ դիակերության դեպքեր: Պատմագիրը գրում է․ «Այնուհետեւ սկսվում է կորստական սովը, և առհասարակ ապականվում են Այրարատյան երկրի ծնունդները քաղաքներում, գյուղերում, ագարակներում, ուր [մարդիկ] երերում էին իբրև գունատված ու թուլացած դիակներ: Եվ հարուստներից շատերը, իրենց ունեցվածքը կամաց-կամաց վատնելով օրվա պարենի համար, ընկնում էին վերջին չքավորության, աղքատության ու կարիքների մեջ: Իսկ նրանց մի մասը սովի պատճառով հարկադրված անցնում է խոտակեր կյանքի, և ուտելով պատահած թունավոր բույսեր կամ այլ վնասակար կանաչեղեն՝ նրանք հասնում էին մահվան դուռը, որովհետև սովի վտանգն առհասարակ կարիք էր առաջացնում որպես կերակուր օգտագործելու ամեն ինչ: Իսկ ոմանք վտանգի տագնապի պատճառով իրենց սիրելի որդիներին վաճառում էին թշնամիներին մի քիչ ուտելիքի դիմաց՝ չհիշելով ծնողական իրենց գորովալից խնամքի մասին»:

926 թ. պատերազմը հայոց երկրում վերսկսվեց: Նախ արքայի դեմ ապստամբեց Ցլիկ Ամրամը, ապա և արաբները Նասըր ամիրայի գլխավորությամբ կրկին արշավեցին մեր երկիր: Արքան պարտվեց Ցլիկ Ամրամին և հազիվ խույս տվեց մահից, նա ամրացավ Սևանա կղզում: Իսկ կաթողիկոսը տեղից տեղ էր անցնում՝ նախ Սևանավանք, ապա Բյուրականի իր դաստակերտը, ի վերջո հանգրվանեց Աշոտ Բռնավորի մոտ, որ դաշնակից ունենալով արաբներին՝ խաղաղ ապրում էր ու ապաստան տվեց փախստական կաթողիկոսին: Այնուհետև ստանալով Աշոտ Բռնավորի համաձայնությունը՝ կաթողիկոսը Գագիկ Արծրունու հրավերով փախուստի դիմեց Վասպուրական և հաստատվեց Աղթամարում:

Մի քանի տարի անց Հովհաննես Դրասխանակերտցին մահացավ Վասպուրականում ու թաղվեց Ձորո վանքում:

Դրասխանակերտցու պատմությունը կարևոր է նրանով, որ երկրորդ հատվածը գրել է որպես դեպքերի ականատես , երբեմն՝ մասնակից: Խոսքը վերաբերում է Սմբատ Ա (890-914) և Աշոտ Բ Երկաթ (914-928) Բագրատունի արքաների գահակալության ժամանակաշրջաններին:

Հովհաննես Դրասխանակերտցին ևս մեկ արժեքավոր աշխատություն է հեղինակել՝ «Շարից հայրապետացն հայոց», որը կարևոր է հայ եկեղեցու պատմության ուսումնասիրության համար: Այս աշխատության մեջ նա թվարկում է մինչ իրեն հայոց կաթողիկոսական գահին բազմած անձանց շարքը՝ բերելով նաև կենսագրական համառոտ տվյալներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: