Հայերեն   English   Русский  

​Խոսք ընթերցողի․ Հայ մշակույթի, գիր ու գրքի մշտավառ փարոսը


  
դիտումներ: 2994

«Եվ ապագա գրողն ու բժիշկն իրեն գտավ ազգային հիմնախնդիրների ալեկոծ ծովում: Վավերագրեց, արձանագրեց, հուշագրեց, բանաստեղծեց հայության կյանքը, ներկա իրողությունները` աշխարհի գրեթե բոլոր միջօրեականներում, բոլոր այն վայրերում, ուր հայ կա ու համայնք, դպրոց ու եկեղեցի, հայերենի բարաբառ: Հանդիպեց մեր դարաշրջանի մեծանուններին ու վճռորոշ հարցում արեց նրանց. «Դեպի ո՛ւր և ինչպե՛ս »,- գրում է «Թորոս Թորանեան-90» հոբելյանական նյութերի ժողովածուն կազմող, բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը:

Որքան էլ փոքրացվել են տառատեսակները, Թորոս Թորանեանի գործերի մատենագիտական ցանկը զբաղեցնում է ժողովածուի 13 էջ: Բանաստեղծություններ, արձակ գործեր, մենագրություններ, խմբագրական և հրատարակչական աշխատանքներ, առաջաբաններ, թարգմանական գործեր: Այս ամենի կողքին, անշուշտ, առաջնային են 50-ից ավելի գրախոսությունները, ասպարեզ որտեղ թարմություն և ուրույն ոճը բերեց Թորոս Թորանեանը:

Ժողովածուն բացվում է հոբելյարի շնորհակալական ջերմ խոսքով թե՛ Սփյուռքում, թե՛ հայրենիքում իր հոբելյանը նշելու կապակցությամբ` առանձնացնելով Ուշիում և Երևանի Իսահակյանի անվան գրադարանում, Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարանում կայացած հանդիպումները: Հետո բանաստեղծական և հրապարակախոսական ժանրով երախտիքի և արժևորման խոսքեր են:

Կարծում եմ՝ բավական է այդ ամենից ընթերցողի համար բարձրաձայնել բանաստեղծ-հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ընտրած վերնագիրը «Մարդը, Լեգենդը, Հայը», ՀՀ վարչապետի հուշամեդալով հոբելյարին պարգևատրելու որոշման վավերագիրը: Ընթերցողը շատ բան կգտնի ակադեմիկոս Գրիգոր Գյուրզադյանի բաց նամակում և «Գրական թերթի», «Ոզնի» հանդեսի և Սփյուռքի «Արարատ», «ԹորոնԹոհայ», «Մարմարա» և այլ թերթերի անդրադարձներում: Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ գրական աշխարհի մարդկանց` Էդվարդ Միլիտոնյանի, Պետրոս Դեմիրճյանի և այլոց գնահատականները, Գուրգեն Լոռեցու ճեպազրույցը: Ժողովածուն ամբարում է նաև Զարեհ Խրախունու, Գուրգեն Մահարու, Սոս Սարգսյանի, Գևորգ Էմինի, Հովհաննես Շիրազի և էլի ուրիշ մեծերի խոսքեր Թորոս Թորանեանի մասին: Ժողովածուն ուղղակի զարդարում են Թ. Թորանեանի «Բարև՛, Հայրիկ» պատմվածքը և չափածո մտորումների ընտրանին.

… Որ վերադանանք

Հողիդ արարիչ,

Ու հող դառնալով`

Դառնանք արարող

Հալէպ-1995 թ.

Գրում եմ այս տողերը և ականջիս է հասնում արձակագիր Հրաչօի հոբելյանական ցերեկույթին Թորոս Թորանեանի ջերմություն ճառագող նուրբ գնահատանքի խոսքերը:

Միանում եմ Թորոս Թորանեանի հոբելյանի առթիվ հնչող շնորհավորանքերին: Առաջինը մաղթում եմ նրան առողջություն, հետո բեղուն գրիչ և բարձրաձայնում Հրաչօի խոսքերը` «Պինդ կացեք»:

Վերջում չեմ կարող չտրվել գայթակղությանը. ընթերցողի դատին եմ հանձնում Թորանեանի օգոստոսի 2-ի ինձ հասցեագրված ընծայագիրը. «Սիրելի Վաղարշակ Ղորխմազյանին, որ կպահի Թումանյանի սարերը, ուր Անուշը կհավերժանա»:

Այդպես միայն ինքը կգրեր, իսկ ես պարտավոր եմ ու կփորձեմ հուսախափ չանել հայ մշակույթի, գիր ու գրքի մշտավառ փարոսին:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: