Հայերեն   English   Русский  

Թուրքիան Հունաստանին կոչ է արել հարաբերությունները սկսել նոր էջից


  
դիտումներ: 172

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել նոր էջ բացել Հունաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում: Այս մասին վերջինս հայտնել է « Ta Nea» թերթին տված հարցազրույցում:

«Ներկայումս ստեղծված իրավիճակը մեր երկրների շահերից չի բխում: Վստահության վերականգնումը շատ կարևոր է: Մենք պետք է նոր էջ բացենք մեր հարաբերություններում»,- նշել է Չավուշօղլուն: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկկողմ բանակցություններ սկսել առանց որևէ նախապայմանի: «Դա է մեր խնդիրների լուծման միջոցը»,- ընդգծել է թուրք նախարարը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը քննադատել է Աթենքին այն պատճառով, որ Հունաստանում 2016 թ-ից գտնվում են ութ անձինք, ովքեր այնտեղ են փախել Թուրքիայում կայացած ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մևլութ Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ նրանք, ի վերջո, կարտահանձնվեն և Թուրքիայում կկանգնեն դատարանի առջև:

Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարդացել են Կիպրոսի պատճառով: Կիպրոսը դե ֆակտո մասնատվել է 1974 թվականից`Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո, ինչը եղել է պատասխան քայլ Հունաստանի զինված ուժերի մասնակցությամբ Կիպրոսում պետական հեղաշրջման փորձին: Թուրքական զինված ուժերը 1974 թ. հուլիսի 21-ի գիշերը ներխուժել են Կիպրոսի հյուսիս և օկուպացրել երկրի տարածքի 37 տոկոսը:

1983 թ. օկուպացված տարածքներում հռչակվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչվել էր միայն Թուրքիայի կողմից: Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները վերսկսվել են 2014 թ. փետրվարին՝ երկու տարվա ընդմիջումից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: