Հայերեն   English   Русский  

Զգոնության հրավեր Մելքոնյան կրթական հաստատության հարցով


  
դիտումներ: 2801

Մինաս Գոճայանը Մելքոնյան կրթական հաստատության (ՄԿՀ) վերաբերյալ հոդվածաշար է սկսել, որի հիմնական դրդապատճառն ու շարժառիթն են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետաքրքրություններն այդ հաստատության հարցով (Կիպրոս և ԱՄՆ)։ Հոդվածաշարի առաջին նյութով, որ տպագրվել է «Նոր օր»-ում, հեղինակը անհրաժեշտություն է նկատել ևս մեկ անգամ հայ հասարակության ուշադրությունը բևեռել այս պատկառելի կրթական հաստատության վրա (ներկայացնում ենք արևելահայերեն փոխադրությունը)։

Սույն հոդվածաշարով փափագս է զգոն պահել Հայաստանի և սփյուռքի հայ հասարակությանը, Հայաստանի Հանրապետության պետական այրերին, հոգևոր դասին և մտավորականությանը Մելքոնյան կրթական հաստատության հարցով, թե հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այս հաստատության անսպառ հնարավորություններին, որովհետև Եվրոպական միության անդամ Կիպրոսի Հանրապետությունը հայության համար հատուկ ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում, երկրի ժողովուրդը բարյացակամ է եղել և է հայության հանդեպ, հանրապետության պետական այրերն ավանդաբար հայասեր քաղաքականություն են վարում՝ նպատակ ունենալով պահել հայ փոքրաթիվ գաղութն այս կղզում։ Կիպրոսի Հանրապետությունը, աշխարհագրականորեն մոտ լինելով տակավին իր շունչը չավանդած միջինարևելյան հայ գաղութներին և մանավանդ Հայաստանի Հանրապետությանը, բազմաթիվ հնարավորություններ է պարզում հայ ժողովրդի ազգային շահերի տեսանկյունից։

Նոր ժամանակների արագ թավալումի հետ, համակարգչային և համացանցային արագաշարժ փոփոխություններին զուգընթաց՝ ՄԿՀ-ն կարելի է վերակառուցել ու հարմարեցնել դարիս պահանջներին՝ անսահման օգուտներ քաղելով ճիշտ ու առարկայական ծրագրավորումների պարագայում։

Պատմական համառոտ ակնարկ

Ժամանակի թավալումի հետ, ինչպես նաև տասը տարի իր դռները փակած ՄԿՀ-ի մասին հիշողությունը սկսել է խամրել դժբախտաբար։ 1940-ական, 50-ական թվականների փայլուն սերունդը վաղուց սկսել է հրաժեշտ տալ այս աշխարհին, այդ պատճառով նոր սերունդները թե´ հայրենիքում, թե´ սփյուռքում հազվադեպ են լսում այս և այլ փառապանծ հաստատությունների մասին։

ՄԿՀ-ն պատկանում է հետցեղասպանության տարիների այն կրթական հաստատությունների շարքին, որոնք ամենահամեստ պայմաններում սերունդներ դաստիարակեցին և նրանց առաքեցին սրբազան ծառայության։

ՄԿՀ-ն իր դռները բացեց 1926-ին Կիպրոսի Նիկոսիա մայրաքաղաքի մերձակայքում (այժմ մտնում է քաղաքի տարածքի մեջ)։ Հաստատությունը հիմնվեց կեսարացի Գրիգոր և Կարապետ աղա Մելքոնյանների առատաձեռն նվիրատվությամբ (կտակ), որպեսզի այս հաստատության մեջ պատսպարվեին որբերը, արհեստներ սովորեին, ուսում ստանային և վերընձյուղվեին։ Կտակի գործադրությունը արդարացիորեն հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ, այն ժամանակ միության նախագահն էր հիմնադիր Պողոս Նուբար Փաշան, Եգիպտոս)։

Կարճ ժամանակում որբանոց-կրթական հաստատությունն օժտվեց նոր ծրագրերով, հաստատվեց մանկավարժական բաժինը, որի շրջանավարտները մեծ մասամբ նվիրվեցին ուսուցչության, լրագրության և ազգային կառույցների հզորացմանը։

Առաջին տասնամյակների շրջանավարտներից շատերը ներգաղթեցին հայրենիք, սակայն հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մելքոնյանցիները հոծ թվով մեկնեցին հայրենիք և իրենց մասնագիտական ծառայությունը բերին հայրենիքի վերելքին։

Հիշենք մի քանի անուններ՝ Կարպիս Սուրենյան (Սարկավագյան, գրող, հրապարակագիր և թարգմանիչ), Գրիգոր Քեշիշյան (գրող, թարգմանիչ և սովետահայ հանրագիտարանի խմբագիր), Շաքե Վարսյան (լրագրող և հրապարակագիր), Հակոբ Հակոբյան (նկարիչ), Վահե Բարթիկյան (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող), Մեսրոպուհի Մեսրոպ Թանգարանյան (մանկավարժ) և շատ ուրիշ երախտավորներ։

Սփյուռքի տարածքում նույնպես ՄԿՀ-ի շրջանավարտներն իրենց զգալի ավանդն ունեցան, որոնցից հիշենք Գերսամ Ահարոնյանին (վաստակաշատ խմբագիր և ազգային-հասարակական գործիչ), Սմբատ Տևլեթյան (Տերունյան, ազգային-հասարակական գործիչ և բանաստեղծ), Զարեհ Մելքոնյան (մանկավարժ, դպրոցի տնօրեն, բանաստեղծ), Օննիկ Սարգիսյան (մանկավարժ, խմբագիր և դպրոցի տնօրեն), Փանոս Թիթիզյան (ազգային-հասարակական գործիչ), Բարսեղ Թուղլաճյան, Պողոս Մատուրյան (մանկավարժ, բանաստեղծ), Անդրանիկ Փոլատյան (խմբագիր), Սեպուհ Աբգարյան (երկարամյա մանկավարժ, արվեստի ուսուցիչ, խմբավար, «Գոհար» համույթի գլխավոր ղեկավար), Սոսի Պետիկյան (մանկավարժ, դպրոցի տնօրեն), դեռ կարելի է երկարել ՄԿՀ-ի երախտավոր սաների շարքը։

Արդար լինելու համար պետք է հիշել նաև 70-80-ական թվականների մի շարք շրջանավարտների, որոնք մինչև օրս ծառայում են հայ ազգին։ Կրկին հիշենք մի քանի անուններ. Հայկ Սարգիսյան (դպրոցի տնօրեն, խմբավար, Փարիզ), Հայարփի Տեմիրճյան (մանկավարժ-դաստիարակ, Կիպրոս), Մակի Հալաճյան (ուսուցչուհի, դաստիարակ, Կիպրոս), Վիոլեթ Նալչաճյան (ուսուցչուհի, դաստիարակ, Կիպրոս), Արմեն Յուրնեշլյան (մանկավարժ, հրապարակախոս, գրականագետ, Բեյրութ), Հրաչ Սեփեթճյան (ուսուցիչ, մանկավարժ, «Նոր օր» շաբաթաթերթի գլխ. խմբագիր, Բեյրութ-Կալիֆոռնիա), Էլեոնոր Թահմազյան (ուսուցչուհի, դաստիարակ, Կալիֆոռնիա)։

ՄԿՀ-ն այն վտակն էր, որի շնորհիվ սփյուռքը սնվում էր իր հոգևոր և դպրոցական պետքերը հոգալու համար։ Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության վերջին երկու նախագահների և նրանց վարչական կազմի աշխատակիցների կողմից

ՄԿՀ-ն նկատվեց որպես իր առաքելությունն ավարտած կրթական հաստատություն, որ բեռ է (եղել) ՀԲԸՄ-ի ուսերին, և փակվեց։ Ծրագրվում և հանրությանն էլ ասվում է, թե հաստատության վաճառքից ստացված միլիոններով կարելի է ՀՀ-ում հիմնել այլ ազգօգուտ հիմնարկներ և կամ կարելի է իրագործել այլ ծրագրեր։

Հաստատության տարածքը ցարդ չի հաջողվել վաճառել, այս ընթացքով էլ դեռ երկար ժամանակ պիտի մնա լիմպոյի մեջ։

Հաջորդիվ պիտի շարունակենք հայտնել մեր տեսակետներն ու առաջարկությունները ՄԿՀ-ի հարցով՝ հուսալով, որ ՀՀ-ի նոր սերունդը, հատկապես՝ նոր իշխանությունները և սփյուռքյան կառույցները տեղյակ դառնան մեր այլընտրանքին։

Մինաս Գոճայան

Մինաս Գոճայան

Հ.Գ. Դոկտ. Մինաս Գոճայանը երկար տարիներ դասավանդել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մելքոնյան կրթական հաստատության, Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց և Ժառանգավորաց վարժարաններում, ինչպես նաև մի շարք օտար հաստատություններում։ Հրապարակել է հարյուրավոր մանկավարժական և գրական-բանասիրական հոդվածներ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության և գրականության բաժինները, ինչպես նաև պատմության բաժնի աղբյուրագիտության բաժանմունքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: