Հայերեն   English   Русский  

Որքան կարճ է հիշողությունը, այնքան երկար են ստի ոտքերը


  
դիտումներ: 1808

Ես այն մարդկանց թվից եմ, ովքեր հենց սկզբից մեծ թերահավատությամբ էին ընդունում Հայաստանում կատարված իշխանափոխությունը:

Եվ բնավ ոչ այն պատճառով, որ ուշքս գնում էր Սերժ Սարգսյանի կամ հանրապետականների համար: Բնակչության ճնշող մեծամասնության նման, ինքս էլ օդ ու ջրի պես զգում էի երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը... (ի դեպ, 2018-ին փոփոխության զգացողությունը թևածում էր օդում ճիշտ այնպես, ինչպես 1998-ին՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականի ժամանակ):


Սույն նախաբանը նրանց համար է, ովքեր ցանկացած այլակարծություն պիտակավորում-որակավորում են որպես ՛՛հակահեղափոխականություն՛՛ ...

Բայց , ախր հեղափոխություն պետք է եղած լիներ, որ հակահեղափոխականություն էլ լինի: Շանտաժով արված հեղաշրջումը չի կարող ժողովրդական հեղափոխություն համարվել...

Այ, հիմա ո՜նց եմ պատկերացնում շատերի վրդովմունքը և կատաղի հակափաստարկները՝ ՛՛ողջ ժողովուրդն էր սատարում՛՛, ՛՛փողոց էին դուրս եկել բոլորը՛՛, ՛՛ժողովուրդը որոշեց իր ճակատագիրը՛՛, ՛՛Նիկոլը վայելում է 100 տոկոսի աջակցությունը՛՛.......

Մի՞թե...
- Անշուշտ, ապրիլ-մայիսին աննախադեպ ժողովրդական ոգևորություն կար, հույս- երազանքների իրականացման մեծ վստահություն կար, այդուհանդերձ՝ ո՛ղջ ժողովուրդը չէր սատարում ցուցարարներին:

- Փողոց դուրս եկածների գերակշիռ մեծամասնություն կազմող աշակերտ-ուսանող-երիտասարդներն իրենց սերնդի ՛՛88 թիվն՛՛էին վայելում (և՛ 2018-ին, և՛ 2008-ին ծանոթ երիտասարդներին հարցրել եմ ցույց-հանրահավաքներին մասնակցելու պատճառը: Պատասխանը հետևյալն էր՝ ՛՛88-ին դուք արեցիք չէ՞, մե՛նք էլ ենք ուզում զգալ դրա կայֆը՛՛): Անկեղծ ասած, զինաթափող փաստարկ է: Բայց նաև փաստ է, որ այդ օրերին փակված փողոցների պատճառով հարյուր հազարավոր երևանցիների ազատ տեղաշարժման իրավունքը ոտնահարած և բազմաթիվ խնդիրների պատճառ դարձած իրավախախտները հիմք դրեցին Սահմանադրությունն անպատիժ խախտելուն: Օրինակ, երթևեկությունը խաթարածներից որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց հոգեկան հարված հասցնելու համար իր հանգուցյալի դագաղի մոտ միայնակ սգացող ընտանիքին... որովհետև սգո սրահ կարողացել էին հասնել մեկ-երկու ցավակցող:

- Ժողովրդին պարտադրվեց շատ սիրուն փաթեթավորմամբ սցենար՝ դուք եք որոշում ձեր ճակատագիրը, որովհետև աշխարհում դուք առաջինն եք, աշխարհում դուք միակն եք, աշխարհում դուք ամենաթավշյան եք... Դե, մենք՝ հայերս էլ, գժվում ենք չէ՞ ամեն տեղ առաջինը համարվելու համար: Եվ չնկատելով ակնհայտ աղերսներն այլ երկրներում կատարված մայդան-մույդաններին, ընտրեցինք արդեն իսկ որոշված և պարտադրված ուղին՝ առաջնորդվելով պայծառ լոզունգներով... (սրա մասին դեռ շատ կխոսվի):

- Միայն արդար, չկեղծված ընտրություններում ձայների աներկբա մեծամասնությունը հավաքած մարդն իրավունք ունի խոսել ժողովրդի անունից: Անկասկած, ժամանակակից տեխնոլոգիաներն ամբոխին ցանկացած ձևով ուղղորդելու գործում մե՜ծ վարպետ են, բայցևայնպես՝ 40 չէ, ուզում ես 40 հազար անգամ ՛՛...ասա հալվա, դրանից հո բերանդ չի քաղցրանա՛՛:

Բոլոր փաստարկներն ունեն իրենց հակափաստարկները, բայց դրա համար երկխոսություն է անհրաժեշտ: Պետք է կարողանալ լսել այլ տեսակետներ, այլ ոչ թե անմիջապես ժողովրդի թշնամի հռչակել... Անցե՞լ են չէ դրա միջով մեր պապերը, գիտե՞նք չէ ոնց են ԳՈւԼԱԳ-Սոլովկիներում իրենց կյանքը մաշել հարյուր հազարները: Իհարկե, մեր օրերում դա մեզ շատ չի սպառնում... օրինակ Մալդիվներում ապաստան կխնդրենք, և օվկիանոսի տաքուկ ափին տվայտվելով Հայաստանի ճակատագրի համար՝ սկայպով հայրենակիցներին գործողությունների ծրագրեր կթելադրենք:
Անհեթե՞թ է... Թերևս: Բայց նույնքան անհեթեթ է հասարակությանը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելը... ավելին՝ ՛՛հպարտ քաղաքացիների՛՛ և ՛՛տո՛, ա՛յ...՛՛- երի բաժանելը:

Անկեղծ ասած, այս ամիսների ընթացքում շատ էի ուզում, որ սկզբնական կարծիքս սխալ լիներ, ուրախ կլինեի սխալված լինել և ներողություն խնդրել բոլոր ծանոթներիցս, ում սարսափելի վիրավորում էր իմ դիրքորոշումը:

Ավա՜ղ... 100 օրվա հանրահավաքում վարչապետի ելույթը ոչնչացրեց վերջին նվազ հույսերը: Դրանից հետո համոզված կարող ենք ասել, որ ըստ էության, ամեն ինչը տեղը կընկնի՝ եթե այս չորս ամսում Փաշինյանի թիմի հնչեցրած խոստում-կարգախոս-հավաստիացումները հականիշներով դիտարկենք: Այսպես օրինակ.
-Սիրո և համերաշխության հեղափոխություն (խոստում) – (իրականություն) հատվածների բաժանված հասարակության մեջ ատելության և թշնամության սերմանում:
- Թավշյա հեղափոխություն (խոստում) – (իրականություն) հղկաթղթե (շուշաթղթի) հեղափոխություն:
- Վենդետա չի լինի (խոստում) – (իրականություն) ո՛չ մեկդ ձեռքներիցս չի պրծնի:
-Կադրային ջարդ չի լինի (խոստում) – (իրականություն) ո՛չ մի հին կադր չպիտի աշխատի:
Հույս ունենք` գոնե չեն մոռացել, որ ամեն դեպքում ժամանակավոր կառավարություն են, և իրենց կարևորագույն խոստումն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար համապատասխան մեխանիզմներ և միջավայր ստեղծելն է:

Բայց այստեղ էլ մտածում ես՝ եթե վստահ եք, որ կապահովեք առանց կեղծիքի ընտրություններ, ինչո՞ւ եք քաղաքապետ-մարզպետ-համայնքապետեր, և ընդհանրապես մեծաթիվ աշխատակազմ ունեցողներին ձերոնցով փոխարինում... ուրեմն մարդկային ձեռքի գործոնը չե՞ք բացառում:
Այնքա՜ն այսպիսի «միամիտ» տարակուսանքներ կան, որոնք պարզաբանումների կարիք ունեն: Բայց ոչ թե սին խոսք-խոստումով, այլ հստակ գործերով:

Լիա Իվանյան, գրող, հրապարակախոս

Աղբյուր` Panorama.a




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: