Հայերեն   English   Русский  

Արցախում նոր քաղաքական ուժ է ձևավորվում․ ինչու և ինչպես


  
դիտումներ: 2633

Սեպտեմբերի 7-ին Արցախում տեղի կունենա նոր կուսակցության՝ «Արդարության» հիմնադիր համագումարը։ Կուսակցության հիմնադիրներից է Հակոբ Հակոբյանը, որը Արցախի Հանրապետության դատահոգեբուժական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։ Նա 2007 թվականից, երբ հիմնադրվել է կառույցը, ստանձնել է դրա ղեկավարումը և Հայաստանից տեղափոխվել Արցախ։

- Պարո՛ն Հակոբյան, նախ խնդրում եմ հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը։ Որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ կրթություն եք ստացել և այլն։

- Ծնվել եմ 1972 թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում: Ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, որից հետո Մոսկվայում վերապատրաստվել որպես դատական հոգեբույժ։ 2007 թվականից տեղափոխվել եմ Արցախ և մինչ այժմ ապրում եմ Ստեփանակերտում։ Ամուսնացած եմ, ունեմ 4 երեխա, որոնցից երկուսը ծնվել են Արցախում։

Արդարություն կուսակցություն

- Ինչո՞ւ հանկարծ դատահոգեբույժը որոշեց զբաղվել քաղաքականությամբ։

- Անկեղծ ասած՝ երբևէ չեմ մտածել անգամ որևէ կուսակցության շարքերում լինելու մասին, քանի որ այն տեսակետն եմ ունեցել, որ կուսակցությունները հասարակությանը պառակտում են: Տարիներ շարունակ առաջնորդվել եմ «իմ կուսակացությունն իմ մասնագիտությունն է» սկզբունքով և ձգտել եմ անմնացորդ նվիրվել ինձ վստահված պատասխանատու գործին։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է:

Լինելով գործիմաց ու կարողունակ մասնագետ՝ դու նաև հասարակության մասնիկն ես, տարրը: Եվ եթե այդ հասարակությունում տեղ են գտնում անօրինականություններ, անարդար երևույթներ, չես կարող անտարբեր անցնել դրանց կողքով, չարձագանքել: Ցավոք, օրինակները բազմաթիվ են ու բազմաշերտ: Խնդիրներն այնքան շատ են, որ հաջողություններն ու առաջընթացը չենք արձանագրում, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով: Համոզված եմ, որ նման պատկերը համատարած բնույթ ունի: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, չեմ կարող չանհանգստանալ նրա ապագայով: Երբ այդ անհանգստության մասին խոսեցի մի խումբ մտերիմների հետ, քննարկեցինք Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, եկանք այն եզրահանգման, որ ժողովրդին անհրաժեշտ է հոգու խորքից բխող գաղափարախոսություն: Որոշեցինք լինել վճռական և համարձակ կանգնել ժողովրդի կողքին, դառնալ նրան թևութիկունք: Ահա այսպես ծնվեց «Արդարություն» կուսակցության ստեղծման գաղափարը:

- Ե՞րբ է պաշտոնապես տրվելու կուսակցության գործունեության մեկնարկը։

- Շատ շուտով՝ սեպտեմբերի 7-ին կկայանա մեր հիմնադիր համագումարը, որտեղ կհռչակվի Արցախի «Արդարություն» կուսակցության հիմնադրումը, կհաստատվեն կուսակցության կանոնադրությունը և ընտրության միջոցով կձևավորվեն կուսակցության կառուցվածքային մարմինները։ Այդ ժամանակ էլ կներկայացվի կուսակցության ծրագիրն ու տեսլականը։

- Ինչո՞ւ հենց «Արդարություն»։ Ո՞րն է Ձեր կուսակցության նպատակը, գաղափարախոսությունը: Ի՞նչ բաց է լրացնելու քաղաքական դաշտում, ունե՞ք արդեն գործունեության հստակ ծրագիր:

- Մենք համոզված ենք, որ մեր ապագան հիմնված է լինելու մարդկային չորս կենսական պայմանների վրա. առաջինը յուրաքանչյուր մարդու ազատությունն է, երկրորդը` խոսքի և արտահայտման ազատությունը, երրորդը՝ սոցիալական խնդիրներից ձերբազատվելն ու առողջ, խաղաղ ու երջանիկ ապրելը, չորրորդը՝ վախից ձերբազատվելը։

Ինչո՞ւ արդարություն, որովհետև արդարության, արդարամտության գաղափարը միշտ ուղեկցել է մարդկությանը, այդ թվում և հայ ժողովրդի արցախյան հատվածին։ Այն օգնել է հաղթահարել մեր առաջ ծառացած պատմական ու բնական արհավիրքները, ձևավորել մեր ազգային ինքնությունը։ Արդարության զգացումը մեր գեների ուղեկիցն է, այն մոգական ուժ ունի, որին մենք ականատես եղանք արցախյան շարժման, ապա մեզ պարտադրված պատերազմական գործողությունների ժամանակ։

Առանց արդարության և օրինականության հաստատման անհնար է նաև զարգացած երկիր կառուցել, համարձակ հասարակություն ունենալ, արժանապատիվ և իմաստալից կյանք ստեղծել, երկրում ստեղծագործ ու արարիչ մթնոլորտ ապահովել։

Օրինականության և արդարության անտեսման հետևանքով ենք հայտնվել փակուղում։ Այսօր մեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ խիստ մտահոգված է ստեղծված քաղաքական և բարոյահոգեբանական իրավիճակով, երբ կասկածի տակ է դրվում բոլորիս համար գերակա հանդիսացող երկրի անվտանգության և հուսալի ապագայի ապահովման խնդիրը։

Մեր հայրերի, եղբայրների ու զավակների արյամբ ձեռք բերված ազատ ու անկախ Արցախի վաղվա օրվա հանդեպ անհանգստությունն է «Արդարություն» կուսակցության հիմնադրման գլխավոր շարժառիթը։

Չպատճենելով հայաստանյան իրադարձությունները, սակայն հետապնդելով նույն նպատակները՝ մեր կուսակցությունը համակարգի արմատական փոփոխության հարցում ունի իր տեսլականը, ուրույն գործելաոճը, որը, սակայն, ծայրահեղական տարրեր չի պարունակում։ Մեզ հոգեհարազատ չէ անօրինական ճանապարհով օրինականություն հաստատելու գաղափարը։

Ահա թե ինչու չենք միանում Արցախի նախագահի անհապաղ հրաժարականը պահանջող ուժերի հրապարակային ակցիաներին՝ քաջ գիտակցելով, որ նման պարագայում ներկայիս նախագահը, գործող օրենքի համաձայն, կարող է փոխարինվել համակարգի մեկ այլ գործիչով՝ արգելակելով օրվա հրամայական դարձած արմատական բարեփոխումները։ «Արդարություն» կուսակցությունը ոչ թե հասարակության առանձին խավի կամ առանձին շերտի շահերի արտահայտիչն ու պաշտպանն է, այլ խոսափողն ու գործուն միջոցը բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ օրինական ու արդար Արցախ աշխարհի կերտման։ Մեր կուսակցությունը, որդեգրելով ազատ, ինքնիշխան, արդար և ժողովրդավար պետություն կառուցելու տեսլականը, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական ու միասնական ջանքերով, նոր, առաջադեմ, քաղաքացիական հասարակության կառուցման մեջ և առաջնորդվում է «Օրինականություն, արդարություն և արժանապատիվ կյանք» կարգախոսով։

- 2020 թվականին Արցախում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

- Այո, անպայման մասնակցելու ենք։ Արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները, և ես հույս ունեմ, որ այդ ընտրությունների արդյունքում մենք գալու ենք իշխանության։

- Ովքե՞ր են ընդգրկված Ձեր թիմում, ի՞նչ մասնագիտության և ի՞նչ մտածելակերպի տեր մարդիկ են։

- Այս պահին մեր թիմում 100-ից ավելի անձինք են ներգրավված, բոլորն էլ Արցախի ներկայով և ապագայով մտահոգ մարդիկ են, և յուրաքանչյուրն իր մասնագիտական ոլորտում ունի բավականաչափ ձեռքբերումներ։ Տարիքային առումով՝ երիտասարդությունից մինչև ավագ սերունդ, մարդիկ, որոնք անձամբ են մասնակցել հայրենիքի ազատագրմանը, և մարդիկ, որոնք վաղը պետք է կառուցեն իրենց հայրենիքը։

- Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հիմնախնդրի կարգավորումը։

- «Արդարություն» կուսակցությունն իրականացնելու է հավասարակշռված, հայամետ արտաքին քաղաքականություն՝ ուղղված միասնական Հայաստանի կերտմանը։ Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետությունը կարող է հաջողված արտաքին քաղաքականություն իրականացնել և առավել ինքնավստահ, ուժեղ դիրքերից հանդես գալ միայն ներքին արդյունավետ տնտեսական և ժողովրդավարական քաղաքականության առկայության պարագայում:

- Ի՞նչ խնդիրներ կան Արցախում, և ի՞նչ սոցիալ-տնտեսական ծրագրեր ունեք՝ կապված երկրի զարգացման հետ։

- Խնդիրներն Արցախում նույնն են, ինչ Հայաստանում։ Այդ խնդիրներն առկա են բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ, քաղաքացիական հասարակության զարգացում և ամրապնդում, քաղաքական սերնդափոխություն և այլն։

- Մինչ խորհրդարանական ընտրությունները՝ առաջիկա 2 տարիներին որո՞նք են լինելու Ձեր գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները։

- Նախատեսում ենք ստեղծել մասնագիտական փաստահավաք խմբեր, որոնք գործելու են մասնագիտական սկզբունքով։ Այդ խմբերից յուրաքանչյուրը վեր կհանի իր ոլորտի խնդիրները, կուսումնասիրի, կփորձի գտնել լուծումներ և առաջարկել ներկա իշխանություններին՝ հետամուտ լինելով, որ այդ խնդիրները լուծվեն։ Իսկ մնացածը ապագան ցույց կտա։

Զրուցեց՝ Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: