Հայերեն   English   Русский  

​Պատժամիջոցներին սպասելիս․ Իրան-Եվրոպա տնտեսական համագործակցության ապագան դեռևս մշուշոտ է


  
դիտումներ: 2974

Եվրոպան մինչև նոյեմբեր ժամանակ ունի ապահովելու իրանական նավթի անխոչընդոտ վաճառքը, հակառակ դեպքում Իրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից։

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ է մտել դեռ օգոստոսի սկզբից։ Այն վերաբերում է մեքենաշինության ոլորտին, ինչպես նաև ոսկու և այլ մետաղների առևտրին։

Պատժամիջոցների երկրորդ փուլն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ից։ Այս անգամ ազդեցության ոլորտը լինելու է էներգակիրների, հատկապես նավթի վաճառքը, ինչպես նաև էներգակիրների առքուվաճառքի և Իրանի կենտրոնական բանկի հետ կապված դրամական փոխանցումները։

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ նախատեսում է մինչև նոյեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում կիրառվող պատժամիջոցների շնորհիվ զրոյի հասցնել Իրանի՝ նավթամթերքի արտահանումից և վաճառքից ստացվող եկամուտները։ Հայտարարվել է անգամ, որ պատժամիջոցներ կկիրառվեն Իրանի հետ էներգակիրների ոլորտում առևտուր իրականացնող երրորդ երկրների նկատմամբ։

Այս իրավիճակում եվրոպական երկրները շարունակում են քննարկել, թե ինչպես կարող են շարունակել առևտրային հարաբերություններն Իրանի հետ՝ իրենց ընկերություններին պաշտպանելով ամերիկյան պատժամիջոցներից։ ԵՄ-ն գործարկել է պատժամիջոցներն արգելափակող կարգավորումը, ըստ որի՝ ԵՄ տարածքում ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վավերական չեն։ Ըստ այդմ՝ եվրոպական ընկերություններին արգելվում է այդ պատժամիջոցների կիրառումը։ Նախատեսվում է կիրառել նաև նոր օրենք, որը կպաշտպանի եվրոպական ընկերություններին պատժամիջոցներից։ Սակայն դեռևս հստակ չէ, թե ինչպես կգործի այդ օրենքը և որքանով արդյունավետ կլինի։

Պաշտոնական Իրանն էլ հերթական անգամ հիշեցրել է Եվրոպային, որ պատժամիջոցներով առաջ եկող խնդիրները լուծելու համար կարճ ժամանակ ունեն։ «Քանի դեռ մենք կարողանում ենք վաճառել մեր նավթը, մեզ ձեռնտու կլինի համաձայնագրի մաս կազմելը։ Եթե անգամ նոյեմբերի 4-ից հետո, երբ ԱՄՆ պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն, մենք կարողանանք վաճառել մեր նավթը, ապա մենք դուրս չենք գա միջուկային համաձայնագրից»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Իսկ ահա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում կրճատել նավթի արդյունահանումը և արտահանումը։ «Ցանկացած եղանակով մենք կշարունակենք նավթ արդյունահանել և արտահանել։ Նավթը գլխավորն է պատժամիջոցների դեմ մեր պայքարում»,- ասել է նա։

Ռոուհանին նաև տեղեկացրել է, որ նախատեսում են Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը շրջանցել նավթ արտահանելիս՝ օգտագործելով Օմանի նեղուցը։ Ռոուհանին հայտարարել է, որ այս տարվանից սկսել են ծրագրի իրագործումը և ամբողջությամբ կիրագործեն մինչև 2021 թվականը։

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը միակողմանիորեն հրաժարվում է Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Համաձայնագրի անդամ մյուս հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան մի կողմից, և Իրանը մյուս կողմից, հայտարարեցին համաձայնագիրը պահպանելու մտադրության մասին։

Եվրոպական կողմն ամիսներ շարունակ ուղիներ է փնտրում համաձայնագիրը փրկելու և Իրանի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Սակայն դեռևս հստակ չէ, թե որքանով դա կհաջողվի։ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների առաջին փուլում արդեն իսկ մի շարք եվրոպական ընկերություններ հեռացել են Իրանից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: