Հայերեն   English   Русский  

Իսկ խաղողագործներն իրենց խնդիրները դեռ լուծում են «ավանդական» եղանակով՝ ճանապարհ փակելով


  
դիտումներ: 1667

Արմավիրի մարզի խաղողագործները դուրս են եկել բողոքի ցույցի և փակել են ճանապարհները: Այս արտահայտությունը, մեղմ ասած, արդեն դարձել է ավանդական:

Այս տարին, փաստորեն, բացառություն չդարձավ: Արմավիրի խաղողագործները սեպտեմբերի 4-ին դարձյալ փողոց էին դուրս եկել և փակելով Արմավիր-Երևան մայրուղին՝ բողոքում էին, որ խաղողի մթերման գինը 160 դրամից նվազել է 140 դրամի: Նրանք վստահեցնում էին, որ Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամը 140 դրամ, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մինչև սեպտեմբերի 3-ը 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով:

Իհարկե, անմիջապես համապատասխան հաղորդագրությամբ հանդես եկավ Երևանի կոնյակի գործարանը և հայտարարեց, որ այս տարի իրենք 10 դրամով բարձրացրել են խաղողի գինը և 140 դրամը հենց բարձրացված գինն է: Երևանի կոնյակի գործարանի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Տվյալ գինն այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս՝ 29 000 տ գնելու պարագայում: Գնի 8 տոկոս բարձրացումը կրկնակի ծածկում է երկրում պաշտոնապես հայտարարված ինֆլյացիայի մակարդակը: Ինչ վերաբերում է մթերման գերիշխող դիրքին կամ գին թելադրելուն, հայտնում ենք, որ նման շահարկումային ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը:

Ընկերությունը, խաղողի գնման գործընթացը կազմակերպելով բացառապես թափանցիկ, ավանդաբար պատասխանատու է եղել միայն իր հայտարարած գնի և քանակների համար: Ավելին՝ այս պահին կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարվա գինը կհաշվարկվի «140 դրամ + երկրում պաշտոնապես գրանցված ինֆլյացիայի մակարդակ» բանաձևով: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունված պայմանների, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերությունների, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ, անկախ պայմանագրի համապատասխան կետերից, չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք: Ընդգծենք, որ Երևանի կոնյակի գործարանը հայտարարում է գինը բացառապես իր կազմակերպության համար և պատասխանատվություն չի կրում այլ փոքր ծավալներ մթերող արտադրողների գնային շահարկումների համար»:

Սեպտեմբերի 5-ին Արմավիրի խաղողագործների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և լսելով նրանց դժգոհություններն ու առաջարկությունները՝ վստահեցրեց, որ նրանց մենակ չի թողնելու ստեղծված իրավիճակում: Մարզպետը նաև հայտարարեց, որ այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, իրենք մինչև վերջ գնալու են, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է, նշեց մարզպետը, և իրենք կփորձեն լուծումներ գտնել: Սեպտեմբերի 5-ին Արմավիրի խաղողագործներին հանդիպեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Մինչ այդ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կհանդիպեն խաղող մթերող ընկերությունների հետ և կքննարկեն մթերման գինը վերանայելու հարցը: Նախարարը նաև նշում էր, որ խաղողի մթերման սեզոնից առաջ տեղի է ունենում քննարկում բոլոր մթերողների հետ, որից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ առանձին խոսել են նաև Երևանի կոնյակի գործարանի ղեկավարության հետ:

«Փորձել ենք հասկանալ առաջարկած գնի պահանջարկը: Նրանք ասում են, որ իրենք ավելի շատ են մթերում, ավելի թանկ են մթերում, քան եղել է անցյալ տարի: Հիմա նրանց առաջարկած գինը որոշակի մտահոգություններ է առաջացրել գյուղացիների մոտ: Ցավոք, դա կարող է բերել նաև շղթայական ռեակցիայի, որ մյուս ընկերությունները նույնպես նվազեցնեն գինը, անգամ ավելի շատ, քան Կոնյակի գործարանի սահմանած գինն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա իրենց համար մտահոգիչ է:

Այնուհետև նախարարը հանդիպեց խաղողագործներին ու լսեց նրանց բողոքները, որոնք նշում էին, որ կոնյակագործներն իրենց կոնյակի գինը բարձրացնում են, իսկ խաղողի մթերման գինը՝ իջեցնում, դրսից անորակ սպիրտ են ներկրում ու տեղական խաղողը չեն մթերում, և այսպես շարունակ: Գյուղատնտեսության նախարարն ընդգծեց, որ կհանդիպեն կոնյակ արտադրողներից գոնե համակարգաստեղծ գործարանների հետ և իհարկե կխոսեն գնի մասին:

«Մենք չենք կարող մթերող ընկերությանն ասել՝ էս գնով մթերեք, իրենք են գինը որոշում: Մենք լիահույս ենք, որ խաղողի մթերման գները վերանայելու հնարավորություն կա: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ինքնարժեքը 110-120 դրամի սահմաններում է»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ իրենք կփորձեն օգտագործել իրենց ազդեցիկ խոսքը:

Սա կարծես դեժավյու լինի: Բավական է աչքի անցկացնել միայն վերջին 3-4 տարիների սեպտեմբեր ամսվա լրահոսը, որ պարզ դառնա՝ ամեն տարի պատկերը կարծես կրկնվում է, խաղողագործներն արդեն առնվազն 3 տարի է՝ փորձում են մթերման, խաղողի գնի, ինչպես նաև մթերումից հետո առաջացած պարտքերի հարցերը լուծել հենց այս` ճանապարհներ փակելու եղանակով: Նախկինում այս թեմային անդրադառնալիս միշտ նշում էինք, որ կառավարությունը տալիս է ժամանակավոր լուծումներ, համակարգային լուծումներ չեն տրվում: Բայց անկեղծ ասած՝ համակարգային լուծումներն այս ոլորտում փոքր-ինչ դժվար է պատկերացնել: Այստեղ չկա միջազգայնորեն ընդունված փորձ: Տարբեր երկրներ տարբեր գործիքներ ու մեխանիզմներ են գործադրում:

Որոշ երկրներ, օրինակ, սուբսիդավորում են մթերողներին, ուրիշները՝ խաղողագործներին, երրորդները՝ իրենք են մթերում ու հետագայում վերաբաշխում վերամշակողների միջև, շատերն էլ չեն խառնվում և ամեն ինչ թողնում են ազատ շուկայական հարաբերություններին: Բայց բոլոր մեխանիզմներն էլ երկար տարիներով մշակված, մեծ ներդրումների արդյունքում են ձևավորվել: Ու ներկայումս միամտություն կլինի կարծելը, թե հենց այս պահին կարելի է ներդնել մի համակարգ, որը կբացառի մեզ համար արդեն ավանդական դարձած խնդրի ի հայտ գալը հետագա տարիներին: Ամեն դեպքում պետք է հիշել մի բան. նախկինում կառավարությունը խնդիրը լուծում էր հետևյալ մոտեցմամբ. իր վարչական ու անձնական լծակներով «համոզում» էր խաղող մթերողներին մթերել բերքը, հետագայում նրանց տալիս էր ցածր տոկոսներով մթերման վարկեր: Որքանով էր դա արդարացի, կարող են արդեն փաստել խաղող մթերողները: Իսկ իրականում նրանք դժգոհ էին այդ մեխանիզմից, քանի որ դա ազատ շուկայական հարաբերությունների դրսևորում չէ: Բայց մյուս կողմից էլ չի կարելի մենակ թողնել գյուղացիներին: Մի խոսքով, լուրջ խնդիր կա, որը համակարգային լուծում է պահանջում: Իսկ թե ինչ լուծում կգտնի կառավարությունը, գոնե այս պահին դեռ անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: