Հայերեն   English   Русский  

​«Յելլ էքսթրիմ պարկի» հաջողության պատմությունն այսպես կերտվեց


  
դիտումներ: 4688

Խոսել Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից տարածքում գտնվող «Յելլ Էքսթրիմ պարկի» մասին ու նշել, որ այն ներկայումս Հայաստանի ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է, նշանակում է ոչինչ չասել:

Որովհետև մինչև 2013 թ. քչերը գիտեին, թե որտեղ է Ենոքավանը կամ «Ապագա» հանգստի գոտին, որտեղ էլ գործում է «Յելլ էքսթրիմ պարկը»: Իսկ այսօր քչերը կլինեն, որ գոնե լսած չլինեն աշխարհի ամենաերկար զիփլայնի, արկածային տուրիզմի ամենանշանավոր հայկական կենտրոններից մեկի մասին:

Համենայն դեպս նշենք, որ սա այն առաջին էքստրեմալ զվարճանքի վայրն է Հայաստանում, որը հնարավորություն է ընձեռում զբաղվելու էքստրեմալ սպորտով՝ առանց պրոֆեսիոնալ հմտությունների:

Զիփլայնով առաջին թռիչքը պարկում տեղի է ունեցել 2015 թ. հուլիսի 26-ին: Հենց առաջին տարում պարկի այցելուների թիվը գերազանցել է 1500-ը, իսկ այս տարի արդեն պարկն ունեցել է մոտ 15-16 հազար այցելու, կանխատեսվում է մինչև տարեվերջն այցելուների թիվը հասցնել 20 հազարի: Այս ընթացքում պարկում առկա ակտիվությունները պարբերաբար ավելացել են. 2015 թ. նոյեմբեր ամսից հնարավոր է եղել թռիչքներ կատարել պարապլանից, զբաղվել լեռնային հեծանվասպորտով, իսկ 2016 թ. ապրիլ ամսին բացվել է Rope Park-ը, որտեղ հատուկ երթուղիները կառուցված են ծառերի վրա, իսկ մեկ ծառից մյուսին տեղափոխվելու ճանապարհին այցելուները ստիպված են լինում անցնել հատուկ ստեղծված փորձությունների միջով և հաղթահարել արհեստական խոչընդոտները, ինչիպիսիք են, օրինակ, ցանցերը, պարանները, որոնք տեղադրված են հենց ծառերի վրա:

Այնուհետև պարկի ակտիվություններն ավելացան ևս երկուսով. այցելուները կարող են իրենց ուժերը փորձել փեյնթբոլում, իսկ ովքեր միևնույն ժամանակ սիրում են արագություն և էքսթրիմ, կարող են մասնակցել արտաճանապարհային (Off-road) տուրերին:

2017 թ. մայիսին պարկի հիմնադիրը սկսեց դրամահավաքի արշավ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով: 2017-ից պարկում գործում են նաև Ժայռամագլցում, հատուկ բացօթյա քվեստ խաղ, վիա ֆեռռատա, իսկ մոտ ժամանակներս նախատեսվում է պարկում ավելացնել նաև ջրային ակտիվություններ։ Մի խոսով, էքստրեմալ սպորտաձևերի ու ակտիվ հանգստի սիրահարների համար իսկական դրախտ, իսկ այս ամենին բիզնեսի տեսանկյունից հետևողների համար՝ իսկական հաջողության պատմություն: Բայց այդ հաջողության պատմությունը ոչ թե սկիզբ է առել ու կերտվել միանգամից ու շատ հեշտ, այլ երկար տարիների դժվարությունների, տանջալից աշխատանքի, հսկայական ջանքերի ու մեծ նվիրումի արդյունք է:

«Սկիզբը հոնի այգին է: Հայրիկս 2003 թվականին որոշեց Ենոքավանում հոնի այգիներ հիմնել: Ու հենց այդ որոշումը եղավ սկիզբը, քանի որ այդ ժամանակ մտածեցինք, որ հնարավոր է ինչ-որ բան անել երկարաժամկետ»,- «Անկախին» պատմեց «Յելլ էքսթրիմ պարկի» հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

Դրանք դժվարին տարիներ էին, 2003 թ. ենթակառուցվածքներն անգամ Երևանում էին թույլ զարգացած, իսկ հեռավոր բնակավայրերում՝ Իջևանում կամ Դիլիջանում, դրանց մասին խոսք անգամ չկար: Այդ ժամանակները դժվարին էին նաև արժեհամակարգի, մտածելակերպի առումով. մարդկանց մեջ դեռ գերիշխող խորհրդային աշխարհայացքն ու արժեհամակարգը փշրվել էին, իսկ նոր արժեհամակարգ դեռ չէր ձևավորվել: Ու նման պայմաններում մայրաքաղաքից հեռու՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում տուրիստական կենտրոն ստեղծելն անհնարին թվացող գաղափար էր: Բայց դա անհնարին չէր Չիբուխչյանների համար:

2003 թվականին հոնի այգի հիմնելուց հետո կամաց-կամաց սկսեց ձևավորվել «Ապագա» հանգստյան գոտին, իսկ ավելի ուշ՝ 2015-ից, արդեն նաև «Յելլ էքստրիմ պարկը»: Ենոքավանը 2003 թ. Հայաստանի տուրիստական քարտեզի վրա ընդհանրապես չկար, իսկ 2015 թ. արդեն տուրիստական կենտրոն էր: Ներկայումս այդ կենտրոնը տարեկան մինչև 60 հազար այցելու ունի: Իսկ նպատակը մինչև 2025 թ. տարեկան մինչև 250 հազար այցելու ունենալն է: Դա հսկայական ջանքեր է պահանջում:

«Ամբողջ «Ապագայի» գաղափարն այն է, որ մենք ցանկացանք ցույց տալ, որ անգամ առանց ճանապարհների, Աստված գիտի, թե որտեղ, առանց ենթակառուցվածքների հնարավոր է նման բան ստեղծել»,- ասում է Տիգրան Չիբուխչյանը:

2009 թ.՝ առաջին զբոսաշրջիկներին ընդունելուց ընդամենը 1 տարի հետո, «Ապագան» հասավ սնանկության շեմին.

Յելլ էքսթրիմ պարկ

«Երբ ասում են՝ դուրս եկեք կոմֆորտի զոնայից ու կհասկանաք, թե ինչը պետք է փոխել, ապա մենք մեր կոմֆորտի զոնայից դուրս ենք եկել 2009 թվականին: Ու սկսեցինք աշխատել, հարցերը լուծելու այլ ձև չկա, քան աշխատելը: Երբ կոմֆորտի զոնայից դուրս ես գալիս, երբ կանգնում ես լրջագույն խնդիրների առջև, պետք է որոշես՝ կա՛մ ուզում ես աշխատել ու աշխատում ես, կա՛մ չես աշխատում, որովհետև այլ տարբերակ չկա»,- նշում է «Յելլ էքսթրիմ պարկի» հիմնադիրը:- Այդ դժվարին իրավիճակից դուրս գալուն օգնեց համառությունն ու հավատը»:

Մեր զրուցակիցը շեշտում է նաև, որ բիզնեսում պետք է բաց լինես ու անկեղծ, հատկապես՝ աշխատողների հետ: Օրինակ՝ գիտես, որ ունենալու ես աշխատավարձերի ուշացում, բայց ոչ թե մեկ-երկու օր, այլ մեկ-երկու կամ երեք ամիս, իսկ աշխատակազմը պետք է աշխատի: Եվ որպեսզի աշխատի, նրանք առնվազն պետք է իմանան, թե հանուն ինչի են աշխատում. «Եթե վստահությունը, անկեղծությունը կա, ունենում ես թիմ, որի հետ կարող ես ցանկացած մտահղացում կյանքի կոչել: Արդար պետք է լինես ու անկեղծ բոլորի հետ: Եթե պարտքեր ունես, չի կարելի անջատել հեռախոսը, այլ պետք է անկեղծորեն ասել, որ այսօր այդ փողերը վերադարձնել չես կարող և 10 օրից շուտ էլ չես կարողանալու, որպեսզի դիմացինդ հույս չկապի քեզ հետ ու դու էլ մարդկանց հուսախաբ չանես ու չստես»:

Իսկ բիզնեսը Չիբուխչյանի համար միայն գումար աշխատելու միջոց չէ: Երիտասարդ ձեռներեցը նշում է. «Եթե ես պարզապես ցանկանայի գումար աշխատել` Հայաստանում բիզնես չէի անի: Բայց ես սկսեցի Հայաստանում ու այստեղ կայացա որպես բիզնեսմեն, որվհետև բիզնեսը ինձ համար միայն գումար աշխատելը չէ: Ես երկար էի փորձում հասկանալ, թե ինչու եմ զբաղվում ինչ-որ բանով ու զբաղվում այնտեղ, որտեղ ոչ ոք նման բաներով չի զբաղվում: Ցանկացած ծրագիր հաջողվում է, եթե հոգի կա ներդրված»:

Հայաստանի ամենահաջողված նախագծերից մեկի հեղինակը վստահեցնում է, որ եթե մարդն իր գործն անում է պրոֆեսիոնալ ու լավ, ապա նրա մոտ կգնան, եթե անգամ նա ամենաբարձր լեռան վրա է: «Դրա վառ օրինակն է այն, ինչ մենք անում ենք Ենոքավանում, մեզ մոտ գալիս են, քանի որ ջանում ենք ծառայությունները մատուցել բարձր մակարդակով ու գերազանց որակով»,- եզրափակում է մեր զրուցակիցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: