Հայերեն   English   Русский  

​Անուշ Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց


  
դիտումներ: 2280

Էլիստայում սեպտեմբերի 1-7-ն ընթանում է բռնցքամարտի աշխարհի համալսարանական 8-րդ առաջնությունը, որտեղ տղամարդկանց 10, կանանց 3 քաշային կարգերում ստուգատեսի 52 մեդալներ են խաղարկում 22 երկրների 100 մարզիկներ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օժանդակությամբ աշխարհի ուժեղագույն ուսանող վարպետների մրցապայքարին մասնակցում են նաև բռնցքամարտի Հայաստանի ուսանողական ընտրանու ներկայացուցիչները: Էլիստայում Հայաստանը ներկայացնում է 6 մարզիկ:

Բռնցքամարտի աշխարհի համալսարանական 8-րդ առաջնությունում մեդալների համար պայքարին մասնակցողների թվում են երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ), Ժորժիկ Մարությանը (56 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր` +91կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հայաստանի պատվիրակները պատասխանատու այս ստուգատեսում ելույթ են ունենում մարզիչներ Բագրատ Ավոյանի և Վահան Ադիլխանյանի ղեկավարությամբ:

Անուշ Գրիգորյանը (51 կգ), Ժորժիկ Մարությունը (56 կգ) և Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլերի արգելքներն ու մտան կիսաեզրափակիչ: 91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսելու է միանգամից կիսաեզրափակիչ փուլից:

Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ) և Կորյուն Աստոյանը (69 կգ) նախնական փուլի իրենց հանդիպումներում զիջեցին մրցակիցներին և դուրս մնացին հետագա մրցապայքարից:

Սեպտեմբերի 4-ին՝ մրցումային 4-րդ օրը, կայացան տղամարդկանց կիսաեզրափակիչները: 4 բռնցքամարտիկներից 3-ին հաջողվեց հաղթահարել նաև կիսաեզրափակչի արգելքն ու մտնել եզրափակիչ: Էլիստայում սկսած իրենց հաղթարշավը շարունակեցին Ժորժիկ Մարությունը (56 կգ) և Հենրիկ Սարգսյանը (91 կգ), որոնք հերթական համոզիչ ու տպավոիչ հաղթանակները տարան: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը համառ պայքարում զիջեց բազմափորձ ֆրանսուհի, կանանց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016 թ. աշխարհի համալսարանական առաջնության բրոնզե մեդալակիր Վասիլա Լխադրիին` նվաճելով բրոնզե մեդալ: Երիտասարդ բռնցքամարտուհու համար սա մեծ հաջողություն է, քանի որ Անուշը ասպարեզ է վերադարձել վնասվածքներից ապաքինվելուց ու տևական ընդմիջումից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: