Հայերեն   English   Русский  

​ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ


  
դիտումներ: 3066

Հային բնորոշ հատկություններից մեկն ուսումնատենչությունն է: Հայերս եզակի ազգ ենք աշխարհում, մեր հնագույն դիցարանում ունեցել ենք դպրության և գիտության հովանավոր աստված՝ հանձին Տիրի:

Աշխարհում առաջին համալսարանը X դարում բացվել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի Մագնավա թաղամասում: Համալսարանը բացվել է կայսրուհի Թեոդորա Մամիկոնյանի եղբոր՝ կեսար Վարդաս Մամիկոնյանի ջանքերով: Իսկ համալսարանում դասավանդում էր հայազգի գիտնական Լևոն Իմաստասերը:

Սակայն Մագնավայի համալսարանն օտար ափերում հայության բացած միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չէ:

1815 թ. Մոսկվայում բնակվող մեծահարուստ Լազարյան եղբայրները ճեմարան հիմնեցին, որ գերդաստանի անվամբ կոչվեց Եղիազարյան ուսումնարան: Այն նախապես տարրական մասնավոր դպրոց էր, որտեղ սովորում էին Լազարյան եղբայրների հովանու ներքո գտնվող և օգնության կարիք ունեցող աղքատ ընտանիքների զավակներն ու Լազարյանների որդեգիրները: 1820-ական թվականներին ուսումնարանը ստացավ ռուսական գիմնազիայի կարգավիճակ, որ դիմորդներ էր պատրաստում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, իսկ մի քանի տարի անց Լազարյան ճեմարանն արագ ճանաչում ձեռք բերեց: Այն Ռուսաստանում արևելագիտության միակ կենտրոնն էր: Հանրակրթական առարկաների հետ դասավանդում էին հայերեն, լատիներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն: Ճեմարան կարող էին ընդունվել նաև այլազգիներ: Ճեմարանի գլխավոր խնդիրը հայկական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելն էր:

Ովքե՞ր էին Լազարյանները

Ուշ միջնադարում հայկական ազնվական շատ տոհմեր անցան Ռուսաստան և ստացան ռուսական արքունիքի ազնվական տիտղոսներ: Լազարյաններն այդ տոհմերից մեկն էին, որ XVIII դարում, Պարսկաստանից տեղափոխվելով Ռուսաստան, այստեղ զբաղվեցին մետաքսի արդյունահանմամբ ու հանքարդյունաբերությամբ և մեծ կարողության տեր դարձան:

Լազարյանները կանգնած էին Հայաստանի ազատագրության պայքարի ակունքներում: Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության ջատագով լինելով՝ Հայաստանի ազատագրության նախագծեր էր կազմում և ներկայացնում Եկատերինա Բ կայսրուհու արքունիք:

Լազարյանների տոհմը գիտության, մշակույթի հովանավոր էր: Նրանք հայտնի են նաև բազում բարեգործություններով:

1800 թ. հունվարին կազմած իր կտակում Հովհաննես Աղազարի Լազարյանն իր ժառանգներին պատգամում է իր կարողությունից 200 հազար ռուբլի առանձնացնել և ՙմի վայելուչ շենք կառուցել հայ ազգի չքավոր երեխաների դաստիարակության և ուսումնառության համար»:

Հովակիմ Լազարյանը սկզբում ցանկանում էր ուսումնական հաստատությունը բացել Նոր Նախիջևան քաղաքում, որտեղ 12 հազար հայ էր բնակվում. այն համարվում էր Ռուսաստանի ամենահայաշատ քաղաքը, սակայն, ի վերջո, ընտրությունը կանգ առավ Մոսկվայի վրա: Շենքը 1814-1816 թթ. կառուցեց ռուս անվանի ճարտարապետ Աֆանասի Գրիգորևը:

Սկզբում այստեղ ընդունելություն էր կատարվում 10-14 տարեկան երեխաների համար: Դիմորդները հիմնականում հայեր և ռուսներ էին:

1827 թ. ճեմարանը վերանվանվում է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ: Այն ենթակա էր ռուսական կայսրության Ժողովրդական կրթության նախարարությանը, իսկ 1830 թ. ստացել է երկրորդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ հնգամյա ուսուցմամբ: 1841 թ. բացվեց նաև հոգևոր բաժին հոգևոր ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Ճեմարանը դասվեց 8-ամյա ուսուցմամբ պետական առաջին աստիճանի դպրոցների շարքը:

Լազարյան ճեմարանն ուսուցչական կադրեր էր պատրաստում հայոց դպրոցների համար: Այն իրավամբ արժանացել էր ՙՄայր դպրանոց», ՙՍերմնացան հայոց դպրոցաց» պատվանուններին: Ճեմարանում ուսուցումը ռուսերեն էր, սակայն հայագիտական առարկաները մատուցվում էին մայրենիով:

Ճեմարանը 1848-ից ստացավ շեշտված արևելագիտական ուղղություն: Պատրաստվել են ուսուցիչներ, արևելագետներ, դիվանագետներ: Ունեցել է նաև նախապատրաստական բաժին: Հայագիտությունը եղել է գլխավոր ուղղությունը և հիմնական առարկաները դասավանդվել են հայերեն:

Ճեմարանի շրջանավարտները երկու տեսակ քննություն էին հանձնում՝ մասնագիտական և ընդհանրական: Այս վերջինը բաց քննություն էր, որին կարող էին ունկնդրել հասարակության լայն շերտերի մարդիկ: Դա առաջադեմ երևույթ էր, նորամուծություն:

1851 թ. բացվում է ճեմարանի նախապատրաստական բաժինը, որտեղ սովորում էին մինչ գիմնազիա ընդունվելը: Այստեղ ուսանում էին արևելյան մեկ լեզու, իսկ հայերն ու կովկասյան ժողովուրդները՝ նաև իրենց մայրենի լեզուն:

1858 թվականից Լազարյան ճեմարանի ուսանողների ջանքերով բացվեց սիրողական թատրոն, որի ներկայացումներին մասնակցել է անձամբ Կոնստանտին Ստանիսլավսկին, քանի որ այդ ժամանակ նա էլ ճեմարանի սան էր: Այս առումով Լազարյանները մեծ ներդրում են ունեցել նաև ռուսական թատրոնի զարգացման գործում:

1872 թ. բացվեց արևելյան լեզուների բաժինը՝ որպես բարձրագույն համալսարանական կրթություն: Այստեղ, ճիշտ է, ուսանողները հիմնականում հայեր էին, բայց ուսանում էին այլազգիներ նույնպես՝ ռուսներ, վրացիներ: Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ունենալով հանդերձ՝ կրթօջախը նախկինի պես կոչվում էր Լազարյան ճեմարան:

Ի դեպ, չնայած նախնական կարգավիճակի փոփոխությանը, ճեմարանը միշտ մնաց հայկական: Այստեղ ոչ միայն գերազանցում էին հայերեն դասաժամերը, այլև հիմնականում հայերից էին կազմված դասախոսական կազմն ու տնօրինությունը: Հայերը մեծամասնություն էին նաև ուսանողության շրջանում: 1844 թ. այստեղ սովորել է 105 սան, որոնցից հայ էին 73-ը:

Այստեղ սովորել են Մկրտիչ Էմինը, Գրիգոր Խալաթյանը,Կարապետ և Հովսեփ Լուսիկյանները, Կարո Մելիք-Օհանջանյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Ռաֆայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, Սմբատ Շահազիզը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, Մակար Բարխուդարյանը, օտարներից Իվան Տուրգենևը, Լև Տոլստոյը, Յուրի Վեսելովսկին, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Ռուբեն Սիմոնովը:

Ի թիվս այլոց, այստեղ դասավանդել են Միքայել Նալբանդյանը, Սմբատ Շահազիզը, Հարություն Ալամդարյանը:

Տպագրվել են հարյուրավոր ուսումնական ձեռնարկներ, գրքեր, հետազոտություններ:

Ճեմարանի տպարանում լույս է տեսել գրականություն 13 լեզուներով, իսկ Լազարյանների գրադարանում հաշվում էին ավելի քան 40 հազար գիրք: Լազարյան ճեմարանի գրադարանը հետագայում տեղափոխվել է Երևան և այժմ գտնվում է Ազգային գրադարանում:

1921 թ. Լազարյան ճեմարանը վերակազմավորվեց որպես Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ: Իսկ ճեմարանի շենքում նույն թվականից սկսեց գործել Հայաստանի մշակույթի տունը, և շենքն իր ունեցվածքով հանձնվեց Հայաստանին:

Լազարյան ճեմարանի շենքում այժմ տեղակայված է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: