Հայերեն   English   Русский  

​Քրեական գործի հարուցումը


  
դիտումներ: 1463

Շարունակելով քրեական դատավարության թեման` այս համարում կանդրադառնանք քրեական գործի հարուցման ինստիտուտին:

Քրեական գործ կարող է հարուցել դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը:

Քրեական գործը հարուցվում է օրենքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:

Քրեական գործ հարուցելու առիթներն են`

- հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

- հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

- հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց հաղորդումները կարող են լինել գրավոր կամ բանավոր, իսկ իրավաբանական անձի հաղորդումը՝ գրավոր (էլեկտրոնային փոստով, նամակով, ֆաքսով և այլն):

Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.

- քրեական գործ հարուցելու մասին.

- քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

- հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Որոշ քրեական գործեր (նվազ վտանգավորություն ունեցող) հարուցվում են բացառապես տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

Ի՞նչ է տեղի ունենում քրեական գործ հարուցելուց հետո.

- դատախազը նախաքննություն կատարելու համար գործն ուղարկում է քննիչին.

- քննիչը ձեռնամուխ է լինում գործով նախաքննության կատարմանը` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.

- հետաքննության մարմնի պետը հետաքննության մարմնի աշխատակցին հանձնարարում է կատարել քննչական անհետաձգելի գործողություններ կամ դրանք կատարում է անձամբ` քրեական գործ հարուցելու մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: