Հայերեն   English   Русский  

​Զբոսաշրջության զարգացումը՝ այլընտրանք արտագնա աշխատանքին․ հյուրատնային բիզնեսը Մարտունիում նոր շունչ է առնում


  
դիտումներ: 3786

Եթե տարիներ առաջ Մարտունու տարածաշրջանում հայտնված անծանոթը՝ լիներ տեղացի թե օտարերկրացի, պետք է գիշերելու համար բավարարվեր խորհրդային տարիներից գործող միակ հյուրանոցի առաջարկած պայմաններով,

ապա ներկայումս տարածաշրջանի այցելուները համեմատաբար մեծ ընտրություն ունեն։ Այստեղ զարգանում է հյուրատնային մշակույթը։

Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բնակավայրը գտնվում է հանգուցային վայրում․ այստեղով են անցնում դեպի Արցախ, Վայոց ձոր կամ այդ կողմերից դեպի Դիլիջան և Սևանավանք տանող ճանապարհները։

Մարտունեցիները հույս ունեն, որ Մարտունին աստիճանաբար կդառնա զբոսաշրջային տուրերի կանգառներից մեկը՝ աշխարհին ի ցույց դնելով իր լեռնային բնությունը և պատմամշակութային հնավայրերը։

Հյուրատան վերածված հին ջրաղացը

Թաթոյանների ջրաղացի մոտ

Ներքին Գետաշենի բնակիչներ Թաթոյան եղբայրները տարիներ շարունակ իրենց ընտանիքի ապրուստը վաստակել են արտագնա աշխատանքով։ Ամեն ինչ փոխվեց, երբ մի քանի տարի առաջ Ֆրանսիայում ապրող նրանց հորեղբայրն առաջարկեց իրենց պապենական ջրաղացի տարածքում հյուրատուն հիմնել ու զբոսաշրջիկների հյուրընկալել։

Արգիճի գետի ափին գտնվող ջրաղացը կառուցել են Թաթոյան գերդաստանի ներկայացուցիչները, երբ Ալաշկերտից գաղթելուց հետո՝ 1829-ին, հաստատվել են Գետաշենի տարածքում։ Ջրաղացը հաջողությամբ գործել է մեկուկես դարից ավելի, ծառայել է նաև արցախյան ազատամարտի տարիներին։ Այնուհետև առավելապես ծառայել է որպես տեսարժան վայր։ 39-ամյա Արտաշես Թաթոյանը պատմում է, որ IX դարով թվագրվող Կոթավանք եկեղեցու և խաչքարերի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող ջրաղացն այցելու զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Եվ երբ հորեղբայրն առաջարկել է այդ տարածքում հյուրատուն կառուցել, եղբայրներով հասկացել են, որ գաղափարն իրագործելու դեպքում հաջողություն կունենան։ Համատեղ ջանքերի շնորհիվ արդեն մեկ տարի է՝ գործում է «Թաթոյանների ջրաղացի մոտ» հյուրատունը։

Այն գտնվում է Ներքին Գետաշենի գրեթե կենտրոնում, ասֆալտապատ ճանապարհից հեռու է շուրջ 150-200 մետրով, սակայն բնակավայրից մեկուսացնող բարձր ժայռերի շնորհիվ թվում է, թե մարդկությունից հեռու մի վայրում ես՝ բնության գրկում։ Հյուրատան փայտե կահավորանքն էլ յուրահատուկ կոլորիտ է ստեղծում։

Արտաշես Թաթոյանը պատմում է , որ հյուրատունն աշխատացնում են ընտանիքով։ Օգնում է նաև հորեղբոր ընտանիքը Ֆրանսիայից՝ համակարգելով հյուրատան կայքի գործունեությունը և կապն այցելուների հետ։

Թաթոյանների ջրաղացի մոտ

Արտաշեսի խոսքով՝ այցելուների մեծ մասն օտարերկրացիներ են, հիմնականում՝ ֆրանսիացիներ։ Ասում է, որ իրենք՝ մեծահասակները, ռուսերեն գիտեն, իսկ իր երեխաները՝ անգլերեն, փաստորեն այցելուների հետ շփման խնդիր չեն ունենում։ Հիմա հյուրատունն առավելապես ծառայում է որպես գիշերակացի վայր։ Արտաշեսի խոսքով` եթե կարողանա իրագործել իր գաղափարները, ապա առնվազն մի քանի օրով այցելուներ կունենա՝ նրանց առաջարկելով նավարկություն Արգիճիում, ձկնորսություն, ձիավարություն, մասնակցություն ջրաղացում ալյուր ստանալու և հաց թխելու գործընթացին և այլն։

Բայց ներկա վիճակից էլ չի դժգոհում։ Ասում է՝ եթե ձմռանն առատ ձյուն լինի` այդ եղանակին էլ գիշերակացով այցելուների պակաս չի ունենա. էքստրեմալ դահուկավազքի սիրահարների նախընտրելի վայրերից է Արմաղանը։

Վստահ, որ տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը դեռ նոր պետք է բացահայտվի, Թաթոյանների ընտանիքը հյուրատունն է ընդարձակում, որից հետո էլ ձեռնամուխ կլինեն ջրաղացը գործարկելուն և մյուս ծրագրերի իրագործմանը։

Ընտանեկան միջավայր՝ կանաչ տանիքների ներքո

Կանաչ տանիքներ

Իսկ ահա ընտանեկան միջավայրը նախընտրողների համար լավագույն տարբերակը Green gables (Կանաչ տանիքներ) հյուրատունն է, որը գտնվում է Մարտունի քաղաքում։ Հյուրատունը զբոսաշրջիկներին ընդունելու հինգ տարվա փորձ ունի։

Եղիազար Դավթյանը պատմում է, որ երբ 2010-ին «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի շրջանակներում տարածաշրջանի պատմամշակութային վայրերի քարտեզագրում էին իրականացնում, բնակիչների հետ բացատրական աշխատանքներ էին տանում՝ հյուրատներ բացելու նպատակով, իր մտքով էլ չէր անցնում, որ իրենց տունը կարող է վերածել հյուրատան։ Հիշում է՝ երբ 2013-ին իրեն ու ընկերոջն են դիմում 4 օտարերկրացիներ գիշերակաց գտնելու հարցում օգնության խնդրանքով, նրանց տեղավորում է իր պապիկի տանը, որն ամռան ամիսներին դատարկ է լինում։ Այդ ժամանակ էլ հյուրատուն ստեղծելու միտք է առաջանում։

«Ու այս հինգ տարիներին բավականին մեծ փորձ եմ ձեռք բերել, թե ինչ նախասիրություններ ունեն զբոսաշրջիկները, ինչն են սիրում ու չեն սիրում։ Կարող եմ ասել, որ իրենք նախընտրում են ընտանեկան միջավայրը, քանի որ այդպես կարողանում են հաղորդակցվել տեղի մշակույթին, ծանոթանալ մարդկանց մտածելակերպին, սովորույթներին։ Հյուրեր կան, որ մինչև լուսաբաց նստում ու զրուցում են մեզ հետ»,- ասում է նա։

Կանաչ տանիքներ

Զբոսաշրջիկներին դիմավորում ու ճանապարհում է տիկին Սաթիկը՝ Եղիազարի մայրը։ Ասում է, որ գործի է դնում գերմաներենի իմացությունը, սովորել է մի քանի բառ ֆրանսերենով և մի քանիսը անգլերենով։ Բայց լեզվի չիմացությունը զբոսաշրջիկների հետ շփման խոչընդոտ չէ։ Հատկապես երբ զբոսաշրջիկներն իրենց հիացմունքն են հայտնում տիկին Սաթիկի պատրաստած կերակուրների վերաբերյալ։ Հյուրատան առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սնունդը պատրաստվում է հարակից այգում աճեցրած միրգ-բանջարեղենով։

Ամփոփելով այցելուների նախասիրությունները՝ տիկին Սաթիկն ասում է, որ մարդիկ սովորաբար ուզում են այնպիսի ուտեստ համտեսել, որը սովորական ռեստորաններում կամ այլ վայրերում գտնել չեն կարող։ Ամենուրեք խորոված, տոլմա, քյաբաբ համտեսած այցելուները այստեղ ուտում են կլորիկով, բամիայով, սնկով կամ այլ մթերքներով ապուրներ, Մարտունու տարածաշրջանի խոհանոցին բնորոշ ուտեստներ, հիանում նրա պատրաստած քաղցրավենիքով։ Պատահել է, որ հիմնվելով նախկին այցելուների արձագանքի վրա՝ զբոսաշրջիկը Մարտունի է հասել միայն տիկին Սաթիկի պատրաստած կերակուրներն ուտելու համար, այնուհետև Երևան վերադարձել։

«Եկողներից շատերը գյուղական տուրիզմով են հետաքրքրված։ Մարդիկ կան, երբ տեղեկանում են, որ իմ տատիկն ու պապիկը շատերի պես ամռանը սարերում են ապրում՝ անասնապահությամբ զբաղվելով, ցանկություն են հայտնում գնալ ու տեսնել այդ ամենը»,- պատմում է Եղիազարը։

Ասում է՝ հաշվի առնելով պահանջարկը և իր կուտակած փորձը՝ ներկայում նոր հյուրատուն կառուցելու աշխատանքներով է զբաղված։ Այն ավելի շատ կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

Կանաչ տանիքներ

Եղիազարն ասում է, որ նախատեսում է նաև ծառայությունների փաթեթ մշակել, որը այցելուներին տարածաշրջանում առնվազն 2 օրվա զբաղմունք կապահովի՝ գյուղական տուրիզմից մինչև այցելություն ներկայում քչերին հայտնի պատմական հնավայրեր։

Միևնույն ժամանակ Եղիազարը նշում է, որ տարածաշրջանի ողջ զբոսաշրջային պոտենցիալն օգտագործելու համար պետական աջակցությունն անհրաժեշտություն է։ Սկզբի համար տարածաշրջանի տեսարժան վայրերը գոնե կարելի է ընդգրկել զբոսաշրջային ուղեցույցներում։ Հիշեցնում է, որ Տաթևն ու Նորավանքը պետության աջակցութամբ են դարձել երկրի այցեքարտերից մեկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: