Հայերեն   English   Русский  

​Էդգար Ստեփանյան. «Փորձում եմ իմ ձեռքբերումներով ճանաչելի դարձնել Հայաստանը»


  
դիտումներ: 3198

Օգոստոսի 21-26-ը Շվեյցարիայում կայացավ հեծանվավազքի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը: 40 կմ 200 շրջան խմբակային վազք մրցաձևում Էդգարը, առաջ անցնելով իտալացի և բելգիացի մրցակիցներից, վաստակեց 98 միավոր և նվաճեց չեմպիոնի կոչումը:

«Անկախի» հետ զրույցում Էդգարը պատմում է նախապատրաստական շրջանի, առաջնությունից ստացած տպավորությունների, առաջիկա ծրագրերի և սպորտում հաջողության մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել տարվա կարևորագույն մեկնարկներից մեկին:

- Շնորհակալ եմ: Իսկապես Եվրոպայի առաջնությունը տարվա կարևորագույն մրցաշարերից է, ուստի ստուգատեսին սկսել եմ նախապատրաստվել հենց տարեսկզբից: ԱՄՆ-ի «Velo Pasadena Racing» ակումբի հետ պայմանագիրս ավարտվում էր օգոստոսին, սակայն ես շուտ վերադարձա, որպեսզի մարզչիս` Արմեն Գյոզալյանի հետ պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը: ԱՄՆ-ում մրցումների էի մասնակցում խճուղում, իսկ ԵԱ-ում պետք է ելույթ ունենայի հեծանվահրապարակում: 15-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում: Նախապատրաստական շրջանում ինձ էապես օգնեց և իմ հետագա հաջող ելույթներին նպաստեց ԱՄՆ-ում ձեռք բերած փորձը:

Ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Գլազգոյում մեծահասակների պայքարում մասնակցեցի հեղինակավոր մրցման` էլիտ ռաունդում զբաղեցնելով 8-րդ տեղը: Կարող էի ավելի լավ արդյունք գրանցել, մրցման մեծ մասի ընթացքում 2-րդ տեղով էի առաջ շարժվում, պարզապես դեռ իմ լավագույն մարզավիճակում չէի: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո չէի հասցրել ամբողջովին վերականգնվել: Այդ մրցաշարից 10 օր հետո արդեն մասնակցեցի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մեկնեցի մրցավայր մեդալի հետևից, քանի որ հրաշալի մարզավիճակում էի: Մրցակիցներս փորձառու ու տիտղոսակիր մարզիկներ էին: Բոլորն էլ պայքարում էին մրցանակային տեղ զբաղեցնելու, միավորներ վաստակելու, Եվրոպական 2-րդ խաղերին և օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ինքնազգացողոությունս բավական լավ էր, վստահում էի սեփական ուժերիս: Գիտեի, որ կարող եմ մեդալ նվաճել: Ուրախ եմ, որ այդ մեդալը ոսկի եղավ:

- Հերթական անգամ նոր էջ բացեցիք Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ` մինչև 23 տարեկանների պայքարում չեմպիոն հռչակվելով: Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը:

- Ուրախ եմ, որ տարիների աշխատանքն իր արդյունքը տալիս է: Առաջնության նախապատրաստական փուլը շատ լավ անցա, ուժերս ճիշտ բաշխեցի և կարևորագույն փուլին մոտեցա համապատասխան մարզավիճակում:

Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է, որ կարողանում եմ ճանաչելի դարձնել թե՛ հեծանվային սպորտը, թե՛ հեծանվասպորտի ֆեդերացիան, թե՛ իմ երկիրը միջազգային ասպարեզում: Հայաստանում հեծանվասպորտի զրագացման համար բավարար պայմաններ չկան, և երբ հասնում ես հաջողության, մեծ ուրախություն ես ապրում: Այդ ամենը նվիրված աշխատանքի արդյունք է: Սակայն նշեմ, որ այս մեդալը միայն իմը չէ: Ինձ մեծապես աջակցում են իմ թիմն ու այն մարդիկ, որոնց հետ աշխատում եմ: Միասին կարողանում ենք հաղթահարել դժվարությունները: Իմ հաղթանակի գործում մեծ ներդրում ունեն նրանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչիս` Արմեն Գյոզալյանին, Արման Ավետիսյանին, ընկեր Աշոտին, բժիշկ Դավիթ Մոսինյանին, մերսող Էդգար Ավետիքյանին: Ինձ մեծապես աջակցում է նաև հեծանվասպորտի ֆեդերացիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրանց օգնությամբ ես հավատում եմ, որ կարող եմ հաջողության հասնել: Փորձում եմ իմ ձեռքբերումներով ճանաչելի դարձնել Հայաստանը: Ուրախ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը, քանի որ մրցաշարերի ժամանակ նկատում էի, որ շատերը չգիտեին մեր երկրի մասին: Հիմա արդեն բոլորը ոտքի են կանգնում, երբ հնչում է Հայաստանի օրհներգը: Երբ բարձրանում ես պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին, մեկ վայրկյանում անցնում է անցած ողջ ճանապարհը, որը հաղթահարել ես: Հպարտ եմ, որ կարողանում եմ ուրախություն պարգևել ընտանիքիս, հարազատներիս, ժողովրդիս:

- Ի՞նչ է հարկավոր մարզիկին հաջողության հասնելու համար:

- Հարկավոր է նվիրված աշխատել, մշտապես հետևել սննդին և քնին ու երբեք չհուսահատվել: Լինում են հուսահատության րոպեներ, սակայն պետք է այդ փուլն արագ հաղթահարել: Ցանկացած մարզաձևում դժվար է չեմպիոն դառնալ կամ մրցանակային տեղ զբաղեցնել: Նվիրվածությունը նպաստում է հաջողության հասնելուն: Մարզիկին մեծապես օգնում է նաև մարզիչը: Մարզիչս` Արմեն Գյոզալյանը, մշտապես կողքիս է թե՛ մարզումների ժամանակ, թե՛ առօրյայում: Բոլոր հարցերը քննարկում ենք միասին և գտնում համապատասխան լուծումներ: Արմեն Գյոզալյանն ինձ շատ է օգնում նաև հոգեբանորեն: Պայմաններից ելնելով` այնքան էլ շատ մրցումների չեմ մասնակցում: Ես պետք է մասնակցեմ 50 մրցման, բայց մասնակցում եմ միայն 15-ին: Երբ դուրս եմ գալիս մեկնարկի` մարզիչս ինձ ոգևորում է: Դա ինձ համար կրկնակի խթան է: Ես էլ փորձում եմ արդարացնել սպասումները, հաջող հանդես գալ` առավելագույն ուժերս ներդնելով, մտածելով մեդալ նվաճելու մասին:

- Երևանի փողոցներում օր-օրի ավելանում են հեծանվորդները: Ի՞նչ եք կարծում, Ձեր հաջողությունները նպաստո՞ւմ են մարզաձևի մասսայականացմանը:

- Վստահաբար կարող եմ ասել, որ հեծանվասպորտը ավելի մասսայական է դարձել: Հայաստանում թե՛ պրոֆեսիոնալների թիվն է ավելացել, թե՛ սիրողական մակարդակով զբաղվողների: Նկատում եմ, որ փողոցներում մարդիկ հեծանվով են տեղաշարժվում, զբաղվում են առողջ ապրելակերպով, ինչն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Հարկավոր է միայն համապատասխան ճանապարհներ ստեղծել, որպեսզի խնդիրներ չառաջանան:

- Այս տարի մի շարք մրցաշարերի եք մասնակցել և հաղթող ճանաչվել. հաղթանակը պարտավորեցնու՞մ է:

- Հաղթանակից հետո, երբ մասնակցում եմ մրցման, բոլորն ինձնից մեդալ են ակնկալում. թե՛ ընտանիքս, թե՛ ընկերներս, թե՛ թիմը, որն ինձ հետ աշխատում է: Ինչ-որ առումով ինձ պարտավորված եմ զգում: Շուտ մոռանում եմ հաղթանակները և լրջորեն սկսում նախապատրաստվել հաջորդ մրցումներին, և դա օգնում է, որ հաջողության հասնեմ:

- ԱՄՆ-ում ակումբային ելույթները նպաստեցին Ձեր հաջողություններին. պատրաստվո՞ւմ եք որևէ ակումբի հետ կրկին պայմանագիր կնքել:

- Ակումբում հանդես գալու ժամանակ մեծ փորձ ձեռք բերեցի` մասնակցելով մի շարք մրցաշարերի ԱՄՆ-ի ուժեղագույն ակումբների պայքարում: 11 մրցաշարի մասնակցեցի, 8 անգամ կանգնեցի պատվո հարթակին: Դրանք հեղինակավոր մրցաշարեր էին և օգնեցին ինձ փորձ ձեռք բերելու` նպաստելով իմ հաջողությանը:

Նոր թիմի հետ կապված առայժմ որևէ առաջարկ չունեմ: Հեծանվասպորտում մարզիկները նոյեմբերին են ընդգրկվում թիմերում: Սպասում եմ համապատասխան առաջարկի եվրոպական, ամերիկյան կամ որևէ այլ ակումբից:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

- Սեպտեմբերի 7-9-ն Օմսկում մասնակցելու եմ միջազգային մրցաշարի, այնուհետև մրցաշարի կմասնակցեմ Աստանայում: Երկուսն էլ միջազգային բարձրակարգ մրցաշարեր են, որոնք միավորներ են տալիս Եվրոպական երկրորդ խաղերին աշխարհի գավաթի փուլերին մասնակցելու համար: Պայքարի մեջ են մտնում ուժեղագույն մարզիկները: Հարկավոր է բավականաչափ միավորներ հավաքել կարևորագույն մրցումները բաց չթողնելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: