Հայերեն   English   Русский  

​Լոնդոնից՝ Երևան․ երիտասարդ զույգն իր ապագան տեսնում է Հայաստանում


  
դիտումներ: 7950

Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում նոր սննդի կետ է բացվել։ «Էլ բուրիտո». այսպես է կոչվում մեքսիկական արագ սննդի կետը, որը հատկապես դրսից եկածների համար սպասված նորություն է։

Բայց ուրախացնողը ոչ միայն դա է, այլև այն, որ «Էլ բուրիտոն» բացել են Լոնդոնից Հայաստան վերադարձած 3 հայ երիտասարդներ։ Նրանցից երկուսը՝ Արփի Կոջայանն ու Արմեն Խաչատրյանը, ամուսիններ են։ Ծանոթացել են Անգլիայում, ամուսնացել Հայաստանում։

Արփի Կոջայան

«Հայաստան վերադառնալուց առաջ ես իմ սպասելիքները շատ բարձր չեմ դրել, որ չհիասթափվեմ։ Այդպես էլ եղել է: Դա ռիսկ էր, և մենք գնացինք այդ ռիսկին։ Եթե անգամ չստացվեր` դա մեզ համար կյանքի փորձ էր։ Բայց հիմա մենք Անգլիա վերադառնալու մասին չենք էլ մտածում»,- ասում է Արփին։

Արփի Կոջայանը ծնվել է Բեյրութում, 1988 թվականին: Մեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Լոնդոն: Արփին սովորում է անգլիական դպրոցում, հաճախում հայկական ազգային պարի խմբակ։ Հայկական պարը նրա տարերքն էր։ Հատկապես երազանքով ու բարի նախանձով էր նայում իր ուսուցիչներին, որոնք Հայաստանի պարի պետական անսամբլի պարողներ էին եղել։

12 տարեկանում ընկերուհու խորհրդով ընդունվում է Լոնդոնի բալետի դպրոց։ Ավարտելուց հետո նույն դպրոցում դառնում է բալետի պարուսույց։ Սակայն բալետը նրան չէր տալիս այն թռիչքը, ինչ հայկական պարը։ Պարային երազանքի նրա գագաթը մնում էր Հայաստանի պարի պետական անսամբլը։ Հոգու խորքում նա հույս էր փայփայում, որ մի օր պարելու է պարի պետականում։

«2005 թվականին առաջին անգամ ընտանիքով եկանք Հայաստան: Շատ տպավորված էի»,- հիշում է Արփին։

Այդ ժամանակվանից նա հաճախ էր մտածում Հայաստանի մասին։ Հետո Լոնդոնում ծանոթանում է ապագա ամուսնու՝ Արմենի հետ, որի ընտանիքը Երևանից Անգլիա էր տեղափոխվել 1998 թվականին։ Պարզվում է՝ Արմենի ու իր երազանքները նույնն են՝ վերադառնալ Հայաստան։ Եվ ահա` 2016 թվականին նրանք գալիս են, այստեղ տոնում իրենց հարսանիքը և որոշում հաստատվել:

Արփի Կոջայան

«Ես եկել էի կոնկրետ նպատակով՝ դիմել պարի պետական։ Չնայած տարիքս մի քիչ մեծ էր, բայց հույս ունեի, որ կընդունվեմ։ Եթե չընդունվեի, միգուցե վերադառնայինք։ Բարեբախտաբար ինձ ընդունեցին, և շուրջ մեկ տարվա փորձաշրջանից հետո ես արդեն հիմնական կազմի պարող եմ։ Իմ երազանքը կատարվեց։ Իմ վերադարձով ծնողներիս երազանքն էլ կատարվեց, որովհետև նրանց համար Հայաստանը միշտ էլ երազանք է եղել, չնայած ծնվել են Բեյրութում»։

Բացի պարելուց, Արփին նաև բալետի անհատական դասեր է տալիս Հայաստանում ապրող անգլիախոս երեխաների համար: «Էլ բուրիտոյի» բացվելուց հետո նաև այդ գործով է զբաղվում։ Չնայած ամենօրյա վազվզոցին՝ նա համարում է, որ Հայաստանում մարդիկ ապրում են, ի տարբերություն Լոնդոնի, որտեղ նույնիսկ ավելի քիչ ժամ աշխատելու պայմաններում մարդիկ ասես ռոբոտային կյանք են վարում։

«Այստեղ մարդկային հարաբերություններն ավելի ջերմ են, իսկ այնտեղ մարդիկ հիմնականում կենտրոնացած են սեփական կյանքի վրա, կողքից որևէ բան իրենց չի հետաքրքրում։ Ճիշտ է՝ արտաքուստ ավելի բարեհամբույր են, ժպտում են, բայց դա ավելի շուտ քաղաքավարություն է, իսկ այստեղ խանութում քեզ միգուցե չժպտան, բայց հաստատ ավելի անկեղծ են»։

Չնայած մեկ տարեկանից ապրել է Անգլիայում, իրեն հարմարավետ ու լավ է զգացել, բայց միևնույն է, Արփին խոստովանում է, որ երբեք իրեն չի համարել անգլիացի։ Սակայն Անգլիայից վերցրել է այն, ինչն իր կարծիքով ամենակարևորն է՝ կրթություն, որը սովորեցնում է ազատ ու քննադատական մտածողություն։

Արմենի համար նույնպես Անգլիայում ամենակարևոր բաներից մեկը ինքնուրույն ու քննադատական մտածողությունն է։ «Ես, օրինակ, ամեն կողմի լավը վերցրել եմ, վատը թողել»,- ծիծաղում է նա,- մեր ծնողները մեզ տարել են, որ ավելի լավ կյանք ապահովեն մեզ համար, բայց ես գտնում եմ, որ իմ երեխաները Հայաստանում ապրելով էլ կարող են լավ կյանք ունենալ, եթե ճիշտ դպրոցում սովորեն, ճիշտ միջավայրում լինեն և լավ կրթություն ստանան: Ով որ ասում է՝ կրթությունը Հայաստանում լավ չի, դրսում ավելի լավ է, սխալվում է: Եթե անգամ կրթությունը Հայաստանում լավ չի, դա մեծ պատճառ չի, որ հայրենիքդ լքես կամ չվերադառնաս»:

«Ինձ թվում է՝ այստեղ ուսումը շատ ավելի ուժեղ է, պարզապես մի քիչ մտածելակերպն է սահմանափակ»,- հավելում է Արփին։

«Ընտանեկան արժեքներ կան, որ այստեղ դեռ շատ լավ է, իսկ այնտեղ արդեն չկան,-շարունակում է Արմենը,- բացի այդ, Հայաստանում ավելի հանգիստ է։ Ինչքան էլ ասեն, որ այդպես չի, սթրես է, դժվար է, իմ կարծիքով՝ Հայաստանում կյանքը Լոնդոնից ավելի հանգիստ է, էլ չեմ ասում Հայաստանի կլիման»։

Արփի Կոջայան

Արմենի հայրը, մայրն ու եղբայրը Լոնդոնում են, բայց նա համոզված է, որ նրանց էլ է բերելու հայրենիք։

Ինչ վերաբերում է Երևանում հիմնած նորաստեղծ բիզնեսին, Արմենն աում է, որ բիզնեսը սկսելու հետ կապված որևէ լուրջ խնդիր չի ունեցել։ Միակ խնդիրը, ըստ նրա, այն է, որ որևէ հարց ճշգրտելու համար ստիպված են եղել կառույցից կառույց դիմել, բայց որևէ մեկից հստակ պատասխան չեն ստացել. «Այ դա այստեղ դեռևս մեծ խնդիր է։ Ոչ ոք որևէ բանի համար հստակ պատասխան չունի»։

Այնուհանդերձ Հայաստանն այնպիսին չէ, ինչպես պատկերացնում են Սփյուռքի հայերը։ «Շատերը վախենում են վերադառնալ, սպասում են, թե վերադարձողներն ինչ արդյունքներ կարձանագրեն, որ իրենք էլ մտածեն այդ ուղղությամբ»,- ասում է Արմենը։

Իսկ Արփին Սփյուռքի հայրենակիցներին խորհուրդ է տալիս. «Եթե անգամ չեք որոշում մեկընդմիշտ վերադառնալ, մտածեք ձեր կյանքի մի հատված, գոնե մեկ տարի Հայաստանում ապրելու մասին»։

«Ինչի՞ց են այդպես վախենում, զարմանում ես,- նկատում է Արմենը,- երբ որ մեր ծնողները վեր են կացել, գնացել, ամեն ինչ զրոյից սկսել՝ առանց լեզու իմանալու, առանց ծանոթ-բարեկամների, առանց երկիրն իմանալու, ինչպե՞ս են կարողացել ստեղծել, հարմարվել, ապրել»։

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում կարևոր ու յուրահատուկ շրջան է, և դրսի հայերը կարող են վերադառնալ՝ օգուտ տալով թե՛ Հայաստանին, թե՛ իրենց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: