Հայերեն   English   Русский  

Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը կանցկացվի ազգային հերոսի անունը կրող դահլիճում


  
դիտումներ: 952

ՔըրքՔըրքորյանիմասին «Խաղացողը» գրքիշնորհանդեսըկանցկացվի ազգային հերոսի անունը կրող դահլիճում

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը կանցկացվի Երևանում: Իրադարձությունը կանցկացվի սեպտեմբերի 10-ին, ժամը 18:30, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում: Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գիրքը հայերեն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքն արդեն իսկ ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում և Կապանում: #ՔըրքԱրշավի հաջորդ կանգառը Երևանն է, այժմ մենք գիրքը կներկայացնենք մայրաքաղաքի ընթերցասերներին: Միջոցառման անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Երևանում փնտրում էինք Քըրքորյանի հետ կապված խորհրդանշական վայր, և պարզեցինք, որ առկա է մեծանուն հայի անունը կրող դահլիճ: Եվ միանգամից պարզ դարձավ, թե որտեղ պետք է կազմակերպենք «Խաղացողը» գրքի երևանյան շնորհանդեսը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նշենք, որ գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին:

Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին:

«Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: