Հայերեն   English   Русский  

​Զգոնության հրավեր Մելգոնյան կրթական հաստատության հարցով (Բ մաս). Կրթական փառավոր ավանդույթ և անցյալ


  
դիտումներ: 2542

ՄԿՀ-ին նվիրված Բ. զրույցով նոր սերունդներին և մեր հայրենի երիտասարդ պետության ու ժողովրդի ուշադրությանն եմ հանձնում կրթության գործում ՄԿՀ-ի ունեցած պատմական նպաստը սփյուռքի տարածքում։

Հետցեղասպանության տարիներից մինչև 70-80-ական թվականները հայ կազմակերպությունների, եկեղեցու (Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական) և այլ բարեսիրական կազմակերպությունների հասարակական գործունեության մեջ առաջին հորիզոնականում է գտնվել Հայ դպրոցների հիմնադրումը, պահպանումը և հետևաբար հայեցի կրթությունն ու դաստիարակությունը։ Այս իմաստով Հայ դպրոցի գոյությանն ու բարգավաճմանը նվիրված գործունեության առյուծի բաժինը պատկանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ-ն 60-ից ավելի դպրոցներ էր հովանավորում սփյուռքի տարածքում)։

Այս առնչությամբ երջանկահիշատակ Վազգեն Ա. Վեհափառ հայրապետը վկայում է. «Նախախնամական եղավ ՄԿՀ-ի նպաստը սփյուռքի հայ վարժարաններին, մանավանդ վերջին երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում, երբ բազում մելգոնյանցի շրջանավարտներ նվիրվեցին կրթական ծառայության» (Կոնդակ, 20 փետրվար 1986, ՄԿՀ-ի 60-ամյակի առթիվ)։ Իսկ Կիպրոսի բարեխնամ պետության նախագահ Ն.Վ. Սփիրոս Կիպրիանուն իր ողջույնի ուղերձում գրում էր. «Մելգոնյան հաստատությունն իր 60-ամյա գոյության ընթացքում կարևոր և բազմակողմանի աշխատանք է կատարել և այսօր ճանաչվում է որպես հիանալի կրթական կենտրոն և առհասարակ որպես հայ համայնքի մտավոր և մշակութային զարգացման կենտրոն» (Նիկոսիա, 10/5 /1986):

Սկսենք տնօրեններից

ա.- Ասատուր Պետյան (1964-1975): Զեղչվում է նախապատրաստական դասարանն ու հաստատվում են ճեմարանական հինգ դասարաններ՝ պահելով հավելյալ մասնագիտականները (գիտական և արվեստի)։ Նրա օրոք է սկսվում մի գործնական ու նպատակահարմար ավանդույթ՝ հայրենիքից հրավիրվում են հայրենի դասախոսներ: Ժամանակագրական կարգով հիշենք. դոկտորներ Պետրոս Բեդիրյան, Արտեմ Սարգսյան, Սամվել Անթոսյան, Ա. Սարգսյան, Երվանդ Մելքոնյան (հետագայում Լիբանանում ՀՀ-ի Ա. դեսպան), Գևորգ Բաղդիշյան, Արա Պապյան (5 տարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կանադայում)։ Մարմնամարզանքի համար հրավիրվել են Վարուժան Մինասյանը, Բաշիկ Ավագյանը, պարուսույցներ Նորիկ Մեհրաբյանը, Գագիկ Մխիթարյանը և փողերախմբի ղեկավար Ֆելիքս Մովսիսյանը։ Նշեմ, որ հայրենաբնակ մեր դասախոսներն իրենց բնագավառներում ճանաչված մասնագետներ էին թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։

բ.- Տիկ. Սոսի Պետիկյան (1976-1985)։ ՄԿՀ-ի ամենափայլուն ուսանողուհիներից մեկն է եղել։ Բարձրագույն ուսումն ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում (տարրաբանություն)։ Ուսուցչական ասպարեզի հանդեպ իր ունեցած խոր սերն ու հավատքն են նրան առաջնորդել կրթական ասպարեզ՝ ՀԲԸՄ-ի Դարուհի Հակոբյան աղջկանց վարժարան։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի մագլցումի ընթացքում ՀԲԸՄ-ի ցկյանս նախագահ տիար Ալեք Մանուկյանի հրավերով ստանձնում է իր մայր հաստատության տնօրենական պաշտոնը Կիպրոսի համար քաղաքական անստույգ տարիների ընթացքում, երբ տակավին չէին սպիացել թրքական ներխուժման վերքերը։ 1976-ին տիկ. Սոսի Պետիկյանն իր բանաստեղծ, ազգային գործիչ և առևտրական դասերի ուսուցիչ Վարուժան Պետիկյանի հետ փոխադրվում է ծննդավայր։

Տիկ. Պետիկյանը շուտով մանկավարժական ասպարեզում անցավ նորարարությունների։ Նա նախ հրավիրեց երիտասարդ ուսուցիչների (որոնց շարքում նաև տողերիս հեղինակին) և հաճախակի այցելելով Միջին Արևելքի հայ գաղթավայրերը՝ կարողացավ խանդավառել ծնողներին, որոնք իրենց զավակներին վստահեցին ՄԿՀ-ին։ Կարճ ժամանակում ՄԿՀ-ն վերագտավ իր երբեմնի համբավը, նաև սերտացրեց կապերը Մայր հայրենիքի պատկան մարմինների և մտավորականության հետ։ Տիկ. Պետիկյանը, տնօրենական ծանր պարտականությունների կողքին, ավարտական դասարանում դասավանդում էր նորագույն շրջանի հայ ժողովուրդի պատմություն և Հայ դատ։

գ.- Դոկտ. Ագապի Էքմեքճյան (Նասիպյան), 1985-1988: Նույնպես ՄԿՀ-ի ամենափայլուն շրջանավարտներից մեկն էր մանկավարժական բաժնից։

Նա 16 տարի դասավանդել էր հաստատությունում որպես ընդհանուր ազգերի պատմության ուսուցիչ, ապա մասնագիտացել էր Լոնդոնի Օքսֆորտ համալսարանում նորագույն շրջանի պատմության գծով։ նրա օրոք անգլիական General Certificate of Education-ի (GCE) սկսեցին պատրաստվել երկրորդական Դ. դասարանից՝ սովորական մակարդակի (O Level) 14 նյութերում և հառաջացյալ մակարդակի (A Level) 8 դասանյութերում։ Այս շրջանում է հաստատվում նաև բակալավրի ծրագիրը։ Ինչպես անցյալում, այնպես էլ դոկտ. Ա. Նասիպյանի օրոք հայերենագիտական առարկաները հատուկ նշանակության և կարևորության են արժանացել (հայուց լեզու, հայ գրականություն, մատենագրություն, գրաբար, հայ մշակույթի պատմություն։

Դոկտ. Ա. Նասիպյանից հետո տնօրենական պարտականությունները հանձնվում են դարձյալ ՄԿՀ-ի 60¬ական թվականների շրջանավարտներից և հաստատությունում երկար ժամանակ գլխավոր հերթապահ և ուսողության ուսուցիչ պրն. Հարություն Այվազյանին (1989-1990)։

Յուրաքանչյուր տնօրեն հաստատության հաջող երթին բերել է իր նպաստը և առանձնահատկությունը՝ հարմարվելով ժամանակի թելադրած պայմաններին և քայլ պահելով համաշխարհային ուսումնա-կրթական պահանջների հետ։ Ինչո՞ւ XXI դարուÙ ՄԿՀ-ն չպիտի կարողանար նույնն անել, ո՞վ որոշեց, թե ՄԿՀ-ի դերն ավարտված պետք է նկատել, «վերևներում» որոշում առնող մեր բարձրաստիճան ղեկավարներից քանի՞ հոգի են որակավորված ուսումնա- կրթական ասպարեզում…

Մինաս Գոճայան

Հ.Գ. Մեր հաջորդ՝ 3-րդ զրույցում պիտի անդրադառնանք ՄԿՀ-ի շրջանավարտ այլ երախտավորների, որոնք, որպես տնօրեն թե ուսուցիչ, զգալի օգուտ են բերել սփյուռքիհայկականվարժարաններում,հետևաբարև անուրանալիորեն նպաստել են հայրենակերտության և հայապահպանության գործին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: