Հայերեն   English   Русский  

​ԲՈԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվեց քննարկում


  
դիտումներ: 5334

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ ԳԱԱ ղեկավարության, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների անդամների, գիտական հանրության ներկայացուցիչների միջև: Հանդիպման սկզբում ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ներկաները շնորհավորեցին Սմբատ Գոգյանին ԲՈԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Սմբատ Գոգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ քննարկումը հյուրընկալելու համար և նշեց, որ 2005 թվականից ի վեր հպարտությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում: Այնուհետև նա ներկայացրեց գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդներում տիրող իրավիճակը: Խոսք գնաց մասնագետների տարիքի, ընդդիմախոսների անպատասխանատու վերաբերմունքի, ամսագրերի կողմից մեկ ժամում գրախոսություն կազմակերպելու և այլ մտահոգիչ երևույթների մասին:

Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ համաձայնեցին, որ պետք է քայլեր կատարվեն իրավիճակը փոխելու համար: Սմբատ Գոգյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ստեղծման մասին և գիտնականներին հրավիրեց ընդգրկվել իրենց նախասիրած խմբում: 4 խմբերից յուրաքանչյուրում գրանցվեցին 8-10 գիտնականներ: ԲՈԿ-ը կհամակարգի այդ խմբերի աշխատանքները: Նախատեսվում է, որ երկու ամսվա ընթացքում խմբերը հանդես կգան կոնկրետ առաջարկություններով և դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց տարվա վերջում ևս մեկ անգամ հանդիպել և ամփոփել աշխատանքների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական նպատակն է ունենալ բարձ որակավորում ունեցող կադրեր և համապատասխան մակարդակի ատենախոսություններ:

Վերջում Սմբատ Գոգյանը նշեց, որ ԲՈԿ-ը մինչ այժմ իր ունեցած ոստիկանական կեցվածքից անցնելու է բժշկական կեցվածքի և օգնելու է ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների գիտական ներուժի բարձրացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: