Հայերեն   English   Русский  

Մեծարժեք ու կարևոր ստեղծագործություն. Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Երևանում


  
դիտումներ: 6119

Գյումրիից, Վանաձորից ու Կապանից հետո Երևանում անցկացվեց ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը: Այն տեղի ունեցավ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գիրքը հայերեն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Գրքի երևանյան շնորհանդեսի մեկնարկին հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն ընդգծեց, որ բացի Հայաստանի մարզերից, մի քանի օր առաջ գիրքը ներկայացվել է Մոսկվայի գրքի միջազգային 31-րդ ցուցահանդես-տոնավաճառում, շատ ջերմ է ընդունվել Ռուսաստանի հայերի կողմից:

«Քըրքորյանի մասին կարելի է անվերջ խոսել, պատմել, թե ինչքան հայանպաստ գործունեություն է իրականացրել: Պետք է նշեմ, որ գրքի ռուսերեն թարգմանության և հրատարակման իրավունքը ևս «Էդիթ Պրինտ»-ինն է, և մինչև տարվա վերջ կհրատարակվի նաև «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Մկրտիչ Կարապետյանը:

Նշենք, որ գրքի հեղինակն ամերիկացի հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելն է, թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

Ալինա Միրզոյանը վստահ է՝ «Խաղացողը» գիրքը մեծ արժեք ունի և այն պետք է ներկայացվեր հայ ընթերցողին: «Այս գիրքը կարդալով ընթերցողը նոր բացահայտումներ կանի: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Քըրքորյանը շատ ներամփոփ մարդ էր: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի կարդալ այս գիրքը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց թարգմանիչը:

Աննա Միրզոյանն էլ փաստեց, որ գիրքը կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի, հավելելով, որ Քըրքորյաննը հայտնի էր ոչ միայն Հայաստանում և ԱՄՆ-ում, այլև այդ երկրների սահմաններից դուրս:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց գրքի հեղինակի տեսաուղերձը: «Այս ուսումնասիրության ամենից ապշեցնող բացահայտումներից մեկն ինձ համար Քըրքի առատաձեռնությունն էր. այն ահռելի սահմանների էր հասնում և իհարկե Հայաստանն ավելի լա՛վ գիտի, թե ինչքան առատաձեռն էր Քըրք Քըրքորյանը, քան որևիցե մեկը: Մինչդեռ մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, քանի որ մեծամասամբ իր կարիերայի ընթացքում Քըրքի բարեգործություններն անանուն կերպով էին արվում: Նա ջանում էր դրանք գաղտնի պահել. ասենք՝ նա գումար չէր տա որևէ մեկին, մինչև վերջինս չհամաձայներ նվերի աղբյուրը գաղտնի պահել: Սա համապատասխանում էր բարեգործության իր կանոնին, այն է՝ «Բարեգործությունը, որը փոխարենը ինչ-որ բան է ակնկալում, բարեգործություն չէ»,-տեսաուղերձում նշում է Ուիլյամ Չ. Ռեմփելը՝ հույս հայտնելով, որ գիրքը դուր կգա հայ ընթերցողին:

Նշենք, որ «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի հայերեն տարբերակն արդեն իսկ հայ ընթերցողի սեղանին է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: