Հայերեն   English   Русский  

Հրահանգ ստացած դատավորը մեկ ժամ ավելի պաշտոնավարելու իրավունք չունի. Խաչատուրովի պաշտպան


  
դիտումներ: 2080

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմելու է ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խարչատրյանին՝ պահանջելով ներողություն խնդրել ԱԱԾ տնօրենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Յուրի Խաչատուրովի հասցեին հնչեցրած «Մեկ ա՝ խոսելու ա Խաչատուրովը, էսի էշի մեկն ա» արտահայտության համար։

NEWS.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ ներողություն չխնդրելու դեպքում անձին վիրավորելու փաստով քաղաքացիական հայց կներկայանցնեն դատարան։

«Խորհուրդ կտայի, որպեսզի այդ պաշտոնատար անձինք նույնպես խելքները գլուխները հավաքեն և երկու օր մտածելուց հետո արտահայտվեն, և անձանց մասին խոսելիս թույլ չտան վիրավորական արտահայտություններ»,- նշեց պաշտպանը։

Միհրան Պողոսյանի խոսքով՝ գաղտնազերծված ձայնագրությունից ակնհայտ է, որ միջամտություն է տեղի ունեցել դատարանի գործունեության վրա։ Նրա գնահատմամբ՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակումից հետո քրեական գործ պետք է հարուցվեր անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար։

Ըստ փաստաբանի՝ «ուզես-չուզես պիտի կալանքը տաս» արտահայտությունն արդեն իսկ բավարար է, որպեսզի այն որակվի որպես դատարանի նկատմամբ միջամտություն։ Նշենք, որ ձայնագրությունում ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը խոսում են Հրաչ անունով դատավորի մասին։ Խոսքը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Վաչե Գաբրիելյանի մասին է:

Ըստ հրապարակված ձայնագրության՝ Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին ասել է. «Վանեցյան. - «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով, դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասեց մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... ասի՝ նայի, նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես, չուզես պտի տաս»։

«Դատավորին հրահանգ է իջեցվել, հրահանգ ստացած դատավորը մեկ ժամ ավելի իրավունք չունի պաշտոնավարելու։ Չի բացառվում, որ տվյալ դատավորը ցանկացած որոշում կայացնում է ըստ հրահանգի, ըստ հետաքննության մարմնի ղեկավարի պահանջի»,- ասաց Պողոսյանը։

Ըստ գաղտնալսված ձայնագրության՝ Արթուր Վանեցյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ, մասնավորապես, ասել է. «Խաչատուրովի հետ գործ չունեք, ՀԱՊԿ-ի շեֆն ա, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, թող պրծնի: Լուրջ քաղաքական պրոբլեմ ա, նրա խափանման միջոցը գոնե ստորագրությունը պիտի լինի, լուրջ եմ ասում, հազիվ ռուսների հետ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»։ Ի պատասխան՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել է. «Մեկ ա՝ խոսելու ա Խաչատուրովը, էսի էշի մեկն ա, ինքը մինչև չկալանավորվի, ցուցմունք չի տա, թող մի երկու օր նստի, խելքը գլուխը կգա, ցուցմունք կտա»։ Ավելի ուշ Արթուր Վանեցյանը կրկին հիշեցրել է Խաչատուրովի մասով զգուշության մասին. «Վանեցյան - Ապեր, խնդրում եմ, Խաչատուրովինը շատ ուշադիր նայի, ռուսները... չնայած վարչապետն ասում ա՝ փակեք, բայց ռուսները ոռները ճղում են...: Ս.Խաչատրյան - Նայի, ախպեր ջան, ինքը, ամեն դեպքում, գլխավոր շտաբի հրամանատարն ա, ինքը իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր, որովհետեւ էդ ժամանակ մենակ նախագահն իրավունք ունենար նման հրաման ստորագրել»:

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրության տարածումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձել է դրան՝ նշելով, որ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Նրա խոսքով՝ ձայնագրությունը հրապարակվել է կոռուպցիայի դեմ իրենց պայքարը, մասնավորապես, Մարտի 1-ի գործի բացահայտումը տապալելու նպատակով։

Վարչապետի հայտարարությունից հետո ասուլիս էին հրավիրել ԱԱԾ և ՀՔԾ պետերը՝ հաստատելով, որ ձայնագրությունն իսկական է։

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով:






Մեկնաբանություններ - 1

Astine Zadourian     13.09.2018 Thank you for the most important info about the Sahmanadrutyun.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: