Հայերեն   English   Русский  

​Ծրագրավորում՝ մարտահրավերներ նետող և մարտահրավերներին դիմագրավող մասնագիտություն


  
դիտումներ: 6970

Սեպտեմբերի 13-ին (նահանջ տարիներին՝ 12-ին) նշվում է Ծրագրավորողների միջազգային օրը: Հենց այդ առիթով էլ հանդիպել ենք «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «Իրական դպրոցի» հիմնադիր Վահագն Պողոսյանին:

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ առանձնահատկություններ ունի ծրագրավորում մասնագիտությունը: Հայտնի է, որ ծրագրավորողների մեծ արտահոսք կա մեր երկրում, ինչպե՞ս կարելի է կանխել այդ երևույթը:

- Ծրագրավորումն առանձնանում է իր անսպառ պահանջարկով, որը միտում ունի աճելու: Զարգացած երկրներն իրենց մասնագիտություններից շատերը վերացնում են՝ փոխարենը ստեղծելով ռոբոտներ, ինչը շատացնում է ծրագրավորողների գործը: Նույնը տեղի է ունենում նաև զարգացող երկրներում, որտեղ դեռ ամեն ինչ ռոբոտացված չէ, բայց հարուստ երկրներից ծրագրավորողները ստանում են տարբեր պատվերներ: Հայաստանում էլ նրանց մեծ մասն աշխատում է այլ երկրների համար: Դա այնքան էլ դրական երևույթ չէ, որովհետև շատերը բազում տարիներ անց են կացնում ոչ թե Հայաստանի, այլ ուրիշ երկրների ենթակառուցվածքների վրա աշխատելով:

Սա արտահոսք է տնտեսական առումով: Փաստորեն այդ նույն ռոբոտները՝ արդեն իրենց ինքնարժեքից տասնապատիկ ավելի թանկ, բերվում են Հայաստան, ինչը հանգեցնում է աշխատատեղերի կրճատման և պարզ մասնագիտությունների վերացման: Տնտեսական արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ է, որ բոլորս՝ թե՛ անհատի մակարդակում, թե՛ պետության, սովորենք ներսի արտադրողին նախընտրել դրսի արտադրողից՝ բնավ չանտեսելով մեր որակային պահանջները:

Անգամ սովորական մարդը, երբ որոշում է իր տան համար գնել ոչ թե հայկական, այլ չինական աթոռներ, արդեն իսկ ստեղծում է այս նեխած իրականությունը: Անհատի մակարդակից սկսած մինչև պետություն մտել ենք սպառողական դարաշրջան, չկա ենթակառուցվածքային պետական մտածելակերպ: Շատ մասնագիտությունների ռոբոտացման ուղղությամբ այնպիսի հսկայածավալ աշխատանք է տարվում, որ դրանց վերացումը տասնամյակների հարց է ընդամենը: Դրա համար կրթական ոլորտն իր պլանը կառուցելիս գոնե մեկ տասնամյակ առաջ պետք է իմանա, թե ինչ մասնագետ է անհրաժեշտ լինելու: Եթե այդպես չլինի` կսկսվի տնտեսական, կրթական ճգնաժամ, ինչն արդեն նկատելի է ամբողջ աշխարհում:

- Հայաստանյան բուհերում ծրագրավորումն այսօր պահանջված մասնագիտություն է: Արդյոք բուհերը տալի՞ս են համապատասխան գիտելիքներ լավ աշխատանք գտնելու համար: Բացի բուհերից, ուրիշ ի՞նչ հաստատություններ կան, որ օգնում են դառնալ լավ ծրագրավորող:

- Բուհը տեսնելով, թե ինչի համար են վճարում ծնողները, շատացնում է համապատասխան մասնագիտությունները, և ամեն պարագայում ունենում է ուսանողներ, նույնիսկ եթե չի տալիս գիտելիքներ: Ծնողը մտածում է, որ իր երեխային մի տեղ պիտի ուղարկի՝ հասակակիցների հետ շփվելու, ընկեր ու գործընկեր ունենալու, թեկուզ ամուսնանալու նպատակով: Այսինքն՝ տարեկան չնչին գումարով ծնողը գնում է միջավայր իր երեխայի համար: Մասնագիտության ձեռքբերումն էլ դառնում է երկրորդական: Այս պահին ծրագրավորման ոլորտի հաստատություններն այդ հարցը լուծել են սեփական ուսումնական հաստատությունների միջոցով: Օրինակ՝ մենք արդեն 12 տարի ունենք «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը, որը 1200-ից ավելի մասնագետ է պատրաստել, և մեր աշխատակիցների 90 տոկոսից ավելին մեր շրջանավարտներն են:

- Պարո՛ն Պողոսյան, պատմեք «Ինստիգեյթ» ընկերության մասին: Որքանո՞վ է այն նպաստում ծրագրավորման զարգացմանը Հայաստանում:

- 2004-ից «Ինստիգեյթը» Հայաստանում բացվեց որպես ուսումնական կենտրոն: 2005-ին առաջին շրջանավարտների հիման վրա ստեղծվեց արտադրական-առևտրային առաջին ձեռնարկությունը: «Ինստիգեյթը» ստեղծվել է որպես միկրոէլեկտրոնիկայի և ծրագրային սարքավորումների, թվային տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոն, որը պիտի իր սեփական արտադրանքը ստեղծեր: 2006-ին մասնաճյուղ բացեցինք Գյումրիում: Եվ երբ 2010-ին վերլուծեցինք մեր դրամական հոսքերը, պարզվեց, որ Գյումրիում մասնաճյուղ ունենալը շատ խելացի քայլ էր, որովհետև նրանք ուժեղ թիմ են և Երևանի համեմատ՝ ստանում են 20 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ՝ պայմանավորված սպառողական զամբյուղի ավելի էժան լինելով:

Շրջաններում մասնաճյուղ բացելը մաքուր կապիտալիստական տնտեսական որոշում էր, և մեր առաքելության մաս կազմող տարածաշրջանային զարգացումը փաստորեն ոչ միայն օգնում է մարդկանց, որ իրենց քաղաքներում մնան ու աշխատեն, այլև մեր գործունեությանն է նպաստում: 2010-ին Վանաձորում և Ստեփանակերտում էլ ստեղծվեցին ուսումնական կենտրոններ, որ դարձան մասնաճյուղերի ստեղծման հիմք: Այնուհետև նույնը տեղի ունեցավ Գորիսում, Ախալքալաքում, Թիֆլիսում: Հետո՝ 2015-ին հասկացանք, որ հնարավոր չէ այդքան մասնաճյուղեր բացել, և փոխեցինք տարածաշրջանային զարգացման մեր ռազմավարությունը՝ այսուհետ նպաստելով մեզնից անկախ ընկերությունների ստեղծմանը: Ունեցանք երկու ընկերություն Իջևանում և մեկական՝ Հրազդանում ու Կապանում: Բայց դրանք հիմնականում փակվեցին, որովհետև մարդիկ իրականում սեփական ընկերություն ստեղծելու երազանք չունեին: Նրանք անգամ տեր չկանգնեցին այդ նվեր տրված ընկերությանը: Որոշեցին առցանց պատվերները բերել անհատական ձևով: Իսկ անհատական աշխատելը շատ վնասակար է թե՛ պետական առումով (մարդիկ հարկեր չեն վճարում և կտրվում են իրենց երկրից), թե՛ անհատի առողջության առումով (գիշերներն են աշխատում, ողջ օրը նստած են տանը և այլն):

Ծրագրավորողների աշխատանքի հետ կապված այսպիսի մի հանգամանք էլ կա: Երբ դրսից է պատվերը գալիս, դա հոգեբանորեն նշանակում է, որ կապված չես քո պատվիրատուի հետ , դու չես տեսնում վերջնական սպառողի դեմքը: Այդ հոգեբանական անհոգությունն էլ բերում է բարոյազրկում: Կապը կյանքի հետ, որ բարոյականության միջոցով է տեղի ունենում, կտրվում է: Եթե մարդն անգամ որևէ ընկերությունում է աշխատում, բայց նստած սպասում է՝ երբ ուրիշները գործարքներ կանեն, կառանձնացնեն իր կտորը, որ ինքը Ամերիկայից հինգ անգամ ցածր աշխատավարձով անի դա, ապա դատապարտված է մնալու որպես սովորական ծրագրավորող: Եվ եթե մարդու նպատակը զուտ գումար աշխատելն է, ապա նրան կբավարարի նաև իր ստացած աշխատավարձը: Իսկ երբ նպատակը սեփական ձեռնարկություն ստեղծելն է, որի մեջ կա նաև ծրագրավորում, ապա միայն ծրագրավորում իմանալը բավարար չէ: Անհրաժեշտ կլինի նաև մարդկային շփում, օրենսդրության իմացություն, վճռականություն և այլն:

- Դուք ստեղծել եք «Իրական դպրոց» կրթական հաստատությունը: Ի՞նչ է այն, և որքանո՞վ է ծրագրավորումն այստեղ առաջնային: Մեր հասարակությունն արդյոք պատրա՞ստ է նման գիտակրթաարտադրական դպրոցի գոյությանը:

- «Իրական դպրոցը» Երևանում գոյություն ունի 2015-ից: Այս տարի արդեն Վանաձորում ու Գյումրիում էլ կարողացանք թիմ հավաքել: Կրթական կենտրոնի յուրահատկությունն այն է, որ մենք ոչ թե ավագ դպրոց ենք, այլ քառամյա քոլեջ, որը տալիս է մասնագիտություն՝ առանց լրացուցիչ բուհական չորս տարիների: Այն ծնողները, որոնք առաջնորդվում են խորհրդային ժամանակների պատկերացումներով, խուսափում են մեզ դիմելուց՝ մտածելով, որ հետագայում աշխատանք ունենալու համար մարդ անպայման պետք է բուհ դիմի, պետական աշխատանքի հաստիքներում մինչև այսօր էլ, ցավոք, բարձրագույնի դիպլոմով են աշխատանքի ընդունում: Իսկ մեզ մոտ իրականությունն այն է, որ երկրորդ կուրսեցիներին արդեն ընդունում ենք աշխատանքի, և չորրորդ կուրսում նրանց վաստակածն իրենց ծնողների աշխատավարձից բարձր է լինում: Մեղմ ասած, մեզ չի հետաքրքրում բուհի դիպլոմը, մենք աշխատում ենք գիտելիքների հիման վրա: Մեզ հասկանում են ճարտարագիտական ավանդույթներ ունեցող ընտանիքները: «Իրական դպրոցը» պատրաստում է այնպիսի մասնագետներ, որոնք կկարողանան շփվել ամենատարբեր պատվիրատուների հետ, գնալ արտասահման, հասկանալ, թե ինչ պահանջարկ կա այնտեղ, ապրանք տանել, վաճառել, հիմնարկի համար սպառողներ հայթայթել և այլն: Մենք ձևավորում ենք այնպիսի հմտություններ երեխաների մեջ, որ նրանք իրենց ընկալեն ոչ թե որպես գործիք կամ որպես հասարակ ծրագրավորող, որին անընդհատ օգտագործում են, այլ լինեն շրջակա աշխարհի խնդիրները լուծողներ:

Լինելով քառամյա դպրոց՝ դեռ չունենք շրջանավարտներ, բայց երեխաներն անցել են ճանապարհի կեսը: Մենք նրանց տանում ենք արշավների, ծանոթացնում Հայաստանին, սովորեցնում գիրք կարդալ, կոփում ֆիզիկապես՝ չանտեսելով պարտադիր կրթական բաղադրիչը, որի մատուցումն անում ենք հեղինակային ծրագրով: Դաստիարակում ենք նոր ժամանակների մարտահրավերներին դիմագրավող սերունդ, որ ոչ միայն չկորցնի իրեն համընդհանուր տնտեսական և աշխարհաքաղաքական մրցավազքում, այլև դառնա գործող անձ, ստեղծի իրենը: Ամբողջ աշխարհի մարտահրավերն է, որ ձեռնարկությունները դիրքերը չկորցնելու համար ոչ միայն արտադրությամբ զբաղվեն, այլև սեփական գիտությունը զարգացնեն: XXI դարում պիտի անընդհատ նորարարություն անես: Մենք ուզում ենք Հայաստանի տարածքում 40 այսպիսի օջախ ստեղծել, որտեղ երեխաներն ու հիմնարկները միասին մի շենքում են, և այն աշխատում է գիտակրթաարտադրական միավորման ձևաչափով: Դա է «Իրական դպրոցի» բանաձևը: Մեր դպրոցի հավաստագրի մեջ մասնագիտությունը գրվում է` համակարգաբան (կիբեռնետիկ՝ միջազգային անվանմամբ): Ծրագրավորումն այդ մասնագիտության կեսն է, մյուս կեսը կիրառության ոլորտը պատկերացնելն է (օրինակ՝ եթե հաշվապահություն է ավտոմատացնում ծրագրավորողը, պետք է լավ հաշվապահություն իմանա):

Մեր երկիրը տուժում է ոչ միայն թշնամիների հարձակումից, մենք որոշելու, նպատակադրվելու և մեր կենսատարածքը զբաղեցնելու արիություն ու բարոյականություն չունենք: Ուստի գրեթե միշտ մնում ենք որպես գործիք: Ուզում ենք, որ «Իրական դպրոցի» շրջանավարտները անընդհատ որոնումների մեջ լինեն: Մեր շուրջն այնքան շատ են խնդիրները, որ կարող ես տարին հինգ հատ սկսնակ ձեռնարկություն ստեղծել: Դասագրքում գրված է՝ դրա համար պետք է դրամ հայթայթել, և երեխաներն էլ մտածում են՝ դա է հիմնական խնդիրը, բայց գումարն ընդամենը միջոց է: Startup-ը սկսվում է, երբ կա խնդիր ու այդ խնդիրն այնքան էներգիա ունի, որ ուզում ես դրանով զբաղվել՝ անգամ առանց գիշերները քնելու: Այդ ժամանակ միայն իմաստ ունի գումար հայթայթել, որովհետև սկզբնական էներգիան արդեն կարող ես վերածել արժեքի:

- Այլ աշխատանքային ոլորտների համեմատությամբ ծրագրավորողները ստանում են ավելի բարձր աշխատավարձ: Բայց նրանք գո՞հ են այդ ֆինանսավորումից:

- Ցավալիորեն վերջին շրջանում ծրագրավորողի մասնագիտությունը գովազդվեց ոչ թե իր ռոմանտիզմի, այլ բարձր աշխատավարձերի պատճառով: Եվ ի հայտ եկան այնպիսի երիտասարդներ, որոնք անգամ 10 տոկոս աշխատավարձի բարձրացման դեպքում ցատկում են հիմնարկից հիմնարկ: Դեռ չէին առնչվել այն խնդրին, որ եթե մարդը վերջին մեկ տարում արդեն չորս հիմնարկ է փոխել, ուրեմն նրա մեջ մի բան այն չէ և առնվազն պետք չէ ընդունել աշխատանքի: Բայց և շատ են այնպիսիները, որ ավելի իրենց աճի մասին են մտածում, ոչ թե աշխատավարձի, որովհետև, ի վերջո, աշխատավարձը բարձրանում է աճին զուգահեռ: Նման մարդիկ կփոխեն հիմնարկը ավելի հետաքրքիր աշխատանք գտնելու համար: Ի վերջո, այդ բարձր աշխատավարձը դեռ ոչինչ չի նշանակում, չպետք է կորցնել կապն աշխարհի հետ, որ կյանքը պահպանի իր հետաքրքրությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: